Լեռնային տուրիզմն Արցախում զարգացման լայն հնարավորություններ ունի
19.09.2017թ. 11:43:49

Մեր երկրի նման ռելիեֆ և բնություն ունեցող վայրում լեռնային և էքստրեմալ տուրիզմը շատ արդիական է և ունի զարգացման լայն հնարավորություններ:

«Զբոսաշրջության այս տեսակի զարգացման հնարավորությունները մեծ են: Տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը, անընդհատ նոր մարդիկ են միանում մեզ»,- նշում է Արցախում 2010թ. գործող Free Step լեռնային և էքստրեմալ տուրիզմի արշավական ակումբի հիմնադիր ու ղեկավար Ազատ Ադամյանը:

Ակումբը զբաղվում է լեռնագնացությամբ, փորձում է Արցախում զարգացնել այս ուղղությունը: Ակումբն ունի անդամներ, տարվա ընթաքցքում կազմակերպում են արշավներ, համագործակցում են ՀՀ լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի հետ, Ստեփանակերտի սպորտային տուրիզմի ֆեդերացիայի հետ: Արշավների մասնակցության սահմանափակում չկա, բայց հիմնականում մասնակցում են 20-35 տարեկան անձինք: Երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես պետք է իրենց պահեն լեռնային պայմաններում, ծանոթացնում են տեղի լանդշաֆտին, սովորեցնում են լեռնային արահետներին, ինչը շատ կարևոր է հատկապես պատերազմական պայմաններում:

Ինչ վերաբերում է հիմնական ուղղություններին, ապա, ըստ Ազատի, Արցախի տարածքում գտնվող բոլոր բարձունքները, բացի Գոմշասարից, նախընտրելի ուղղություններ են, իսկ զբոսաշրջիկների մոտ ամենապահանջվածը Կաչաղակաբերդն է:

Այս ամառ Ազատի նախաձեռնությամբ Արցախում նաև ժայռամագլցման հինգ նոր ուղի է ստեղծվել՝ դեպի Շոշ տանող ճանապարհի աջ մասում. «Կարծում եմ՝ Արցախն առաջ տանող ճյուղերից մեկը շուտով լինելու է հենց էքստրիմ-տուրիզմը»,- ավելացնում է Ազատը:

«Ցանկացած ակտիվություն (մտավոր կամ ֆիզիկական) նոր շարժիչ ուժ է տալիս, որը ոգեշնչում է նոր սխրանքների և կյանքին նոր լիցք է հաղորդում»,- համոզված է փորձառու լեռնագնացը:

Իհարկե, լեռնագնացությունը բավականին ակտիվ հանգստի տեսակ է և պահանջում է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն: Բայց հմուտ ուղեկցորդի հետ կարելի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ ու անակնկալ: Այդ բոլոր փորձություններն անցնելուց հետո բնությունը կպարգևատրի հիանալի տեսարանով, որը բացվում է սարի գագաթից՝ ներքևում սփռված անծայրածիր տարածությունը և տեղ-տեղ խոյացող այլ ալեհեր գագաթներ, որոնք դու անպայման կհաղթահարես հաջորդ անգամ:

Լեռները միայն քարերն ու ժայռերը չեն. ոմանց համար նրանք դառնում են կյանքի իմաստ:

«Ապառաժ»