Լեգենդար հերոսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Լեգենդար հերոսը

Լեգենդար հերոսը

‹‹Հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում››: Այսպես է ասել Հայ դատի պայքարի առաջամարտիկ եւ  դրոշակակիր Աշոտ Ղուլյանը(Բեկորը), ով իր խիզախությամբ, ազատատենչ ոգով եւ վեհ գաղափարներով լծվել է ֆիդայական շարժման ակունքներին եվ մարտիրոսվել հանուն հայրենիքի պաշտպանության՝ սերունդների հիշողության մեջ մնալով որպես կենդանի լեգենդ։

Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 6-ին, Բաքվում։ 16 տարին լրանալուն պես ընտանիքը վերադարձել է Արցախ, հայրենի գյուղ՝ Խնձրիստան:

Դպրոցն ավարտելուց հետո Աշոտ Ղուլյանը աշխատել եւ օգնել է ընտանիքին:

Բեկորը լուսավոր միտք ու ոսկի ձեռքեր ուներ: Նա աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ։ Լեգենդար հերոսը վիրավորվել է 11 անգամ, որից 5-ը՝  իր ինքնաշեն զենքերի  փորձարկումներից: Բեկորներով ակոսված Աշոտին անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։

Պատերազմը նրան պարտադրեց զենք հորինել՝ իրագործելով իր՝ փականագործ դառնալու մեծ  երազանքը:

Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից նա անդամակցել է ՀՅԴ-ին եւ եւ եղել է նոր ձեւավորվող բանակի առաջին հրամանատարներից մեկը՝ ղեկավարելով Ստեփանակերտի լեգենդար առաջին վաշտը: Բեկորն իր անմնացորդ ներդրումն է ունեցել նորօրյա դաշնակցական ֆիդայիների ավանդի կերտման վեհ գործում: Նրա վաշտը մասնակցել է արցախյան մարտերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն՝ ազատագրվելով բազմաթիվ բնակավայրեր։

 Իր բարձր հեղինակությամբ լեգենդար հերոսը վայելում էր ժողովրդական սերն, ու նրա խոսքը լսում էին բոլոր բարձրաստիճան հրամանատարները:

1992թ. Շուշիի ռազմագործողության ժամանակ Բեկորի գլխավորած առաջին վաշտը առաջինն է մտնում քաղաք։ Շուշի մտնելուն պես՝ հեռակապով կապվում է կենտրոնական հրամանատարության հետ եւ հաղորդում, որ ինքը Շուշիի բերդի պատին նստած, սպասում է տղաների բարձրանալուն:

Բեկորը երազում էր հին ընկերների հետ շոգենավ վարձել եւ ծովով շրջել աշխարհով մեկ, տեսնելով, թե ինչպես են աշխարհում ապրում եւ ինչպես են իրենց հայ զգում հայերը:

 

 

1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։ Նրա վաշտը արդեն կորցրել էր 32 տղաների: Բեկորը 33-րդն էր: Այդ թվանշանը համընկավ նրա տարիքի հետ:

Ինչպես ասել է Նժդեհը՝ ‹‹Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել››:

Տարիների հպարտությամբ կարող ենք ասել, որ Բեկորը նույն հրաշունչ զինվորn էր, ով գնահատեց ժամանակը եւ, նվիրվելով արցախյան ազատամարտին, իր մարտական մկրտությունը ստացավ ռազմաճակատում՝ այլեւս ետ չվերադարձնելով ժամանակը:

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը

1993 թվականին Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 1999 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2002 թվականին արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի։ Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։ Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

1