Ի խնդիր հայկական աշխարհի անվտանգության ու զարգացման
02.10.2017թ. 15:03:23

Վերջին երկու շաբաթների ընթացքում քաղաքական իրադարձություննեըն իրար հաջորդեցին բավականին սրընթաց:

Նախ՝ տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համագումարը, համագումարը դեռ չավարտված՝ ՀՀ ու Ադրբեջանի նախագահները ելույթ ունեցան ՄԱԿ-ի ամբիոնից, նույն ընթացքում հանդիպեցին երկու երկրների ԱԳ նախարարները, ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը, Արցախում ձևավորվեց կառավարություն և, փաստորեն, գործնականում երկրի կառավարման համակարգը փոխվեց: Այս բոլորը հայկական իրականությանն ուղղակի առընչվող խնդիրների շարքից:

Միջազգային առումով՝ հիշատակելի են դեռևս շարունակվող՝ «Ադրբեջանի լվացքատան» շղթայական բացահայտումներն ու սպասվելիք հետևանքները, իսկ առավել կարևոր իրադարձությունները Քուրդիստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեներն են:

Այս բոլոր իրադարձություններին համապարփակ դիտանկյունից նայելով՝ տեղին է մատնանշել, որ համաշխարհային մթնոլորտում հակումները դեպի հայանպաստ մտածողություն առավել շեշտակիացել են: Իսկ դրա հետևանքով հայկական դիրքորոշման կարծրացումն ու տարածաշրջանային մակարդակում նոր դերի ստանձման կարելիության առիթից օգտվելը հրամայական է դառնում:

Ընդհանուր առմամբ՝ հենց այդ ուղու վրա է հայկական արտաքին քաղաքականությունը: Հայկական կողմի դիրքորոշումների կարծրացմանը ականատես եղանք ՀՀ Նախագահի ելույթում ՄԱԿ-ի ամբիոնից, հատկապես Արցախի հարցով՝ «Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի» արտահայտությամբ, իսկ տարածաշրջանային առումով, փաստորեն, վերջնաժամկետ ներկայացնելով Թուրքիային հայ-թուրքական արձանագրությունների առ ոչինչ հայտարարելու մտայնությամբ: Այս երկու ուղղություններում ՀՀ նախագահի ելույթը կարելի է համարել անկյունադարձային, որով և հայտ է ներկայացվում նոր դերակատարություն ստանձնելու համար:

Մյուս կողմից, ականատեսը եղանք Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ կապված Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի կապակցությամբ, որտեղ փաստորեն Արցախը ողջունեց քուրդ ժողովրդի զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտը:

Այսպիսով, փաստորեն Հայաստանը հայտ է ներկայացնում տարածաշրջանային իրադարձությունների առնչությամբ դերակատարություն ստանձնելու համար: Պետք է հաշվի առնել, որ այդ առումով հայության ներուժը պատկառելի է: Հայությունը կարող է առարկայական ներկայություն ունենալ երկու պետություններով՝ ի դեմս Հայաստանի և Արցախի հանրապետությունների, և Սփյուռքով:

Մնում է կարողանալ ճիշտ և տեղին օգտագործել հայկական ներուժը՝ ի խնդիր հայկական աշխարհի անվտանգության և զարգացման:

«Ապառաժ»-ի խմբագրական, 2 հոկտեմբերի, 2017թ.