Իրավիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը Արցախի ճանաչումն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Իրավիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը Արցախի ճանաչումն է

Իրավիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը Արցախի ճանաչումն է

«Այժմ Ադրբեջանի առաջ երկու հնարավորություն կա՝ հաշտվել իրականության հետ կամ պատերազմ սկսել, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Մանոյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունների հույսը, որ Հայաստանը տնտեսապես կոտրված է, կա կապիտալի եւ բնակչության արտահոսք, անհիմն է:

«Մենք սովորել ենք չորս հարեւաններից երկուսի հետ հարաբերություններ չունենալ եւ զարգանալ: Եվ մենք ծնկի չենք գա. սա այն հարց չէ, որը կարող է տարբեր մոտեցումներ թույլ տալ: Սխալներ հնարավոր են, բայց ոչ տարբեր մոտեցումներ», — ասաց Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, իրավիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը Արցախի ճանաչումն է, եւ այստեղ պետք է մոբիլիզացնել միջազգային հանրությունը:

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, Մանոյանը կարծում է, որ կանխարգելման լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է: «Պետք չէ խուճապի մատնվել, բայց պետք է պատրաստ լինել դրան: Պատերազմի հավանականությունը մեր իրականության մի մասն է: Միայն մենք չենք այդպիսին: Այլ երկրները նույնպես նման իրականություն ունեն, եւ դա չի խանգարում երկրի զարգացմանը», – հիշեցրեց Մանոյանը:

Միեւնույն ժամանակ, նա չբացառեց պատահական պատերազմի հնարավորությունը, եթե Ադրբեջանը զորավարժությունների ընթացքում ռազմական գործողություններ հրահրի: «Այդքան զենքեր, այդքան զորավարժություններ, ընդ որում միջազգային պարտավորությունների խախտումներով», – ասաց Մանոյանը:

Խոսելով զսպման մեխանիզմի մասին նա նշեց, որ «Ադրբեջանը ցանկանում է փոխել իրավիճակը, բայց որոշում չի ընդունում: Դա շնորհիվ մեր նախապատրաստության»:

Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի տարածաշրջանում գլխավոր խաղացողներից մեծ մասի հետ՝ Իրանի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի,- հայտնեց Կիրո Մանոյանը:

Ի պատասխան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցին՝ Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ վերջին ամսվա ընթացքում բանակցությունները վկայում են հարաբերությունների մակարդակի բարձրացման մասին: Մանոյանը, սակայն, վստահ է, որ հարաբերությունները պետք է այնպիսին լինեն, որ չվնասեն Հայաստանի մյուս հարաբերություններին: «Ճիշտ կլիներ կշռադատված հարաբերությունների զարգացումը: Հայ-իրանական հարաբերությունները չեն կարող փոխարինել հայ-ամերիկյանին, հայ-ամերիկյանը չպետք է խանգարի հայ-ռուսականին: Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները»,- նշեց Մանոյանը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն Իրանի հարցում առաջ չի քաշի «կամ այնտեղ, կամ այստեղ» պահանջը:

Ադրբեջանը վերջին շաբաթներին չի կատարում պայմանավորվածությունները,- ասաց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ ներկայացուցիչն արձանագրեց, որ պայմանավորվածությունները չեն գործում, ինչ ուղիղ կապով՝ հայտնի չէ: Դրան հավելած ընդհանրապես տարածաշրջանում տարբեր գործընթացները, որոնք կազդեն արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների վրա եւ Արցախի հարցի լուծումը: Սա լարվածությունն է ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում:

Խոսելով Հայաստանի եւ Արցախի հարաբերություններում լարվածության մասին՝ Կիրո Մանոյանը նշեց, որ այն մասամբ օբյեկտիվ է, իսկ մասամբ էլ հորինած, եւ լրատվամիջոցները նկատելիորեն իրադրությունը խորացրել են: Մանոյանի գնահատմամբ՝ այս իմաստով իրավիճակը վերջին 20 տարում աննախադեպ է: Հատկապես 20 տարում, հստակեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամը՝ հավելելով, որ նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք նման ինչ-որ բան եղել է: Այս անգամ չափն անցան, եւ սա ինքնին մտահոգում է, նշեց Կիրո Մանոյանը:

Նրա կարծիքով՝ բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է սրանից օգտվել: Այս կապակցությամբ ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ընդունված այդքան կարեւոր պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել Դուշանբեի պայմանավորվածության պատճառով: «Հիմա ո՛չ այն կա, ո՛չ մյուսը: Եվ սա վտանգավոր է»,- կարծում է Մանոյանը:

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Կիրո Մանոյանը ասաց, թե խոսակցություններ կան, որ Բալասանյանի հարցն իբր բարձրացրել են ՀՀ իշխանությունները, մինչդեռ նույն ժամանակահատվածում Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է նաև Արթուր Աղաբեկյանը՝ իր դիմումի համաձայն:

«Արցախում սպասվում են նախագահի և ԱԺ ընտրություններ, որոնք, ըստ Արցախի Սահմանադրության, պետք է լինեն միաժամանակ: Այլ հարց է, որ մեր կառույցն Արցախում արտահայտվել է այս մասին, որ մի քիչ շուտ սկսվեց նախընտրական գործընթացը՝ իր հավանական հետևանքներով և զարգացումներով: Բայց պետք է ասել, որ Արցախում նաև կադրային այլ փոփոխություններ են տեղի ունենում, և չեմ կարծում, որ դրանք էլ անպայման պայմանավորված են պաշտոնական Երևանի պահանջով, հատկապես` երբ որոշ պաշտոնազրկվողներ, կարելի է ասել, այսօր ինչ-որ չափով պաշտոնի բարձրացում են ունենում: Անհրաժեշտ է, որ այս ենթադրությունները, ինչ-որ իմաստով՝ հիմնավոր, շատ առաջ չգնան և ավելի չպառակտեն պաշտոնական Ստեփանակերտի ու պաշտոնական Երևանի հարաբերությունները: Եվ կարծում եմ՝ կարիք չկա, որ մեր վարչապետն ասի՝ «պարի ընկերը», սա խոսելու ոճ չէ. կարող է ճանապարհ փակելուց այդ ձևով խոսենք, բայց Արցախի ղեկավարության մասին այդ ոճով չպետք է խոսել, որ դիմացից նման հակազդեցություն չլինի: Միշտ կարելի է ասել, թե ով սկսեց այս բոլորը, բայց շատ ավելի տեսանելի է ՀՀ վարչապետի պահվածքն այս ուղղությամբ, քան Արցախի այս կամ այն քաղաքական գործչի»,- նշեց Մանոյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամը շոշափեց նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կարևորության հարցը՝ Արցախի անվտանգության ամրապնդման առումով՝ նշելով, որ այդ մասին մի քանի տարի է, ինչ Դաշնակցությունը խոսում է, բայց այս տարի քայլերն այս ուղղությամբ ակտիվացրել են և մոտ մեկ ամիս առաջ Արցախում այս թեմայով ֆորում էին կազմակերպել:

«Այդ դաշինքը, իրավական փաստաթուղթը պետք է հստակ ամրագրի, որ բանակցություններում Հայաստանը չի կարող փոխարինել Արցախին, այլ պետք է հանդես գա որպես Արցախի անվտանգության երաշխավոր: Մենք հույս ունենք, որ, ի վերջո, կկարողանանք ստեղծել նպաստավոր մթնոլորտ, որ պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը նման փաստաթուղթ ստորագրեն»,- ընդգծեց Մանոյանը:

Yerkir.am -ի հարցին` Վիտալի Բալասանյանը վերջերս հայտարարեց մի նախաձեռնության ստեղծման մասին, խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդման մասին, արդյո՞ք համագործակցության եզրեր հնարավոր են, հնարավո՞ր է ինչ-որ պահի համագործակցեք, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Մեր նախաձեռնությունը շատ հստակ է՝ կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու մասին է խոսվում, խոսքը սկզբունքի մասին չէ, որ` տեսեք եռամիասնություն ենք, այդ ամենը եղել է: Մենք կոնկրետ խոսում ենք փաստաթուղթ ստորագրելու մասին, որին, կարծում եմ, Բալասանյանը համաձայն է, քանի որ տարեսկզբին նա, որպես պաշտոնյա, ասել է, որ կողմ է: Ես չեմ կարծում, որ այդտեղ խոչընդոտ կա: Հիմա նրա նախաձեռնությունը կա, շատ լավ է, բայց կրկնում եմ, որ մերին Բալասանյանը և շատ ուրիշներ մասնակից են եղել»:

Մեր հաջորդ հարցին՝ կապված հայ-ամերիկյան հարաբերությունների վատթարացման վերաբերյալ խոսակցությունների հետ, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ, ընդհակառակը, հայ-ամերիկյան հարաբերություններն ինչ-որ իմաստով բարձրացվել են ռազմավարական մակարդակի: «Վերջին ամիսներին տեղի ունեցող հայ-ամերիկյան բանակցությունները խոսում էին հենց այդ ռազմավարական բնույթի մասին: Այլ հարց է, որ առնվազն մեր կողմից որոշ հստակեցումների կարիք կա: Բայց այդ բոլորը վկայում են ոչ թե հարաբերությունների վատթարացման, այլ բարելավման մասին»,- նշեց նա՝ շեշտելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է լինեն այնպիսին, որ չվնասեն ՀՀ-ի որևէ այլ հարաբերությունների, բայցև տեղ չթողնեն, որ հայ-ամերիկյան հարաբերություններին միջամտեն և խոչընդոտեն այլ ուժեր, ուստի դրանք պետք է հավասարակշիռ ձևով զարգանան:

1