Ինչպե՞ս կարող են ազդել Իրաքի Քուրդիստանում և Իսպանիայի Կատալոնիայում հանրաքվեները ԼՂ-ի հակամարտության բանակցային գործընթացի վրա
05.10.2017թ. 11:47:57

Վերջին օրերին միջազգային հանրության  ու վերլուծական շրջանակների հետաքրքրության կենտրոնում հայտնված թեմաներից են եղել Իրաքի Քուրդիստանի տարածքում և Իսպանիայի Կատալոնիայում մի քանի օրերի տարբերությամբ կայացած հանրաքվեներն ու միջազգային հանրության կողմից դրանց արդյունքների մերժումը: Այդ հանրաքվերն ու դրանց հանդեպ միջազգային հանրության արձագանքն ինչպե՞ս են կարող ազդել ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

«Ժամանակակից աշխարհում քաղաքական իրադարձություններն այնքան են շաղկապված միմյանց որ դժվար կարելի է պատկերացնել աշխարհի մի անկյունում որևէ քաղաքական զարգացում աշխարհի մի այլ կետում ինչ-որ արձագանք չստանա, այդուհանդերձ ինչ վերաբերում է հիշյալ երկու հանրաքվեներին և ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին կարելի է ընդգծել, որ դրանք մի քանի առումներով տարբերվում են»։ Այդ մասին ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների հայերեն ռադիոժամի հետ հարցազրույցում հայտարարեց քաղաքագետ և «Հայաստանյան դիտորդ» պարսկերեն լրատվական-վերլուծական կայքի տնօրեն Ռոբերտ Մարգարյանը:

Հայ փորձագետը հավելեց. «1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում, իսկ վերջին օրերին Իրաքի Քուրդիստանում և Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեների գլխավոր և հիմնական տարբերությունը վերաբերում է նման հանրաքվեներ անցկացնելու իրավական հիմքերին: 1977 թվականին ուժի մեջ մտած ԽՍՀՄ-ի սահմանադրության 72-րդ կետն ինքնավար ժողովուրդներին թույլատրում էր դուրս գալ հանրապետությունների կազմից, իսկ 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ-ից դաշնակից պետության դուրս գալու հետ կապված հարցերի կարգը» օրենքով ինքնավար կազմավորումներին ու խիտ բնակեցված ազգային փոքրամասնություններին իրավունք էր տրվում դուրս գալ հանրապետության կազմից և ինքնուրույն որոշել ճակատագիրն այն դեպքում, երբ  դաշնակից հանրապետությունը որոշում կայացներ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին։ Քանի որ Ադրբեջանն 1991 թվականի օգոստոսի 30-ին արդեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու որոշում էր ընդունել, հետևաբար ԼՂ-ի անկախության հանրաքվեն որևէ սահմանադրական արգելք չուներ: Դա ի տես այն բանի, որ Իրաքի սահմանադրությունը նման իրավունք չի տվել Քուրդիստանի տարածքին, իսկ Իսպանիայի սահմանադրությունը միանշանակ ընդգծում է, որ այդ երկիրը չի կարող մասնատվել»:

«Մյուս կարևոր կետը, որ անհրաժեշտ է ընդգծել այն է, որ Քուրդիստանի տարածքում և Կատալոնիայում կայացած հանրաքվեների դեպքում ճգնաժամն առաջացել է միջազգային ճանաչում ունեցող երկրի կենտրոնական իշխանության և անջատման ձգտող տարածքների միջև, որոնք միջազգային ճանաչում չունեն: Այս դեպքում միջազգային հանրությունը բնականաբար պարտավոր է պաշտպանել այն կողմին, որին պաշտոնապես ճանաչում է և նրա հետ պաշտոնական ու դիվանագիտական հարաբերություններ ունի: Ինչ վերաբերում է ԼՂ-ի հակամարտությանն իրավիճակը մի փոքր տարբեր է: Հավանաբար սա այն եզակի դեպքերից է, երբ ԼՂ-ի բանակցային գործընթացին ուղղակի մասնակցություն չունենալն օգնության է գալիս հայկական կողմին: ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցող Հայաստանն ու Ադրբեջանը երկուսն էլ միջազգային հանրության կողմից ճանաչված և հավասար դիրքերում հանդես եկող կողմեր են, որից էլ բխում է վերջին ավելի քան 26 տարիների ընթացքում ԼՂ-ի հակամարտության հանդեպ միջազգային հանրության գոնե առերևույթ անկողմնակալությունը»,-ընդգծեց Ռոբերտ Մարգարյանը:

Հայ փորձագետի համոզմամբ Ժողովուրդների ինքնորոշման դեպքում միջազգային հանրության դիրքորոշումը միանշանակ չէ: «Թեև այդ իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և համարվում է միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներից մեկը, սակայն առնվազն 1990-ական թվականներից ի վեր միջազգային պրակտիկան ապացուցել է, որ ինքնորոշման իրավունքի հանդեպ միջազգային հանրության դիրքորոշման պարագային դերակատար են եղել ժամանակի ու վայրի և տվյալ գործընթացին միջազգային հանրության մասնակցության գործոնները: 1990-ական թվականների սկզբին միջազգային հանրությունը ողջունեց ԽՍՀՄ-ի և ավելի ուշ Հարավսլավիայի տրոհումը, հետագային դրան հաջորդեց Արևելայն Թիմուրի, Կոսովոյի և Հարավային Սուդանի անկախությունը և դա ի տես այն բանի, որ նույն միջազգային հանրությունը մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել ԼՂ-ի, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը»,-նշեց Ռ. Մարգարյանը:

Ռոբերտ Մարգարյանը նաև ընդգծեց. «Հենց այնպես որ Արևելայն Թիմուրի, Կոսովոյի և Հարավային Սուդանի անկախության ճանաչումը որևէ դրական ազդեցություն չգործեց ԼՂ-ի բանակցային գործընթացի վրա, կարելի է կանխատեսել, որ Քուրդիստանի տարածքում ու Կատալոնիայում հանրաքվեների արդյունքների մերժումն էլ բացասաբար չի ազդելու այդ գործընթացի վրա, թեև ամեն դեպքում Ադրբեջանի կողմից հարցը քարոզչական շահարկման ենթարկվելու հավանականությունը չի բացառվում»:

parstoday.com