Դժվար իրավիճակից դուրս գալու ելքերն արդեն երևում են. Աղվան Վարդանյան
13.07.2017թ. 13:13:10

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության հերթական այցն էր Արցախի հանրապետություն աննախադեպ ձևաչափով՝ բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավարների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: «Յուրաքանչյուր հանձնաժողով իր զուգահեռ հանձնաժողովի հետ աշխատանք կատարեց, պլանավորեց հետագա անելիքները, խմբակցություններն առանձին ձևաչափով հանդիպումներ ունեցան ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, այնուհետև Արցախի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներն առանձին հանդիպումներ ունեցան: Կայացավ հանդիպում նաև ԱՀ նախահագի հետ»,- նշեց Աղվան Վադանյանն ու ավելացրեց, որ բոլորի առաջնահերթ խնդիրը Արցախի անվտանգությունը, կենսունակությունն է և բնական է, որ ՀՀ և ԱՀ Ազգային Ժողովները պիտի կարողանան շատ սերտ համագործակցության մեջ լինել՝ ներքին հարցերը համատեղ քննարկելու և հատկապես արտաքին ճակատում միասնական դիրքորոշումներով հանդես գալու առումով:

Անդրադառնալով երկու հայկական պետությունների կառավարման համակարգերի տարբերության մասին հարցին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ընդգծեց, որ  կառավարման համակարգերի որոշակի տարբերությունները բացարձակ խոչընդոտ չեն կարող լինել երկու պառլամենտների համագործակցության համար՝ «մանավանդ Արցախի պարագայում, երբ ունենք համաժողովրդական վստահություն վայելող նախագահ, որի և անկեղծ, և անմիջական, և շատ ազգային մտածողությունը միշտ նպաստել է, որպեսզի տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերում Հայաստանը և Արցախը միասնական լինեն»:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում ՀՅԴ իշխանական կոալիցիա կազմվելուց հետո սպասելիքներին, ապա Աղվան Վարդանյանի խոսքով Դաշնակցության համար հիմնարարը ոչ թե ընդդիմության կամ իշխանության մեջ լինելն է, այլ իր առաջադրած խնդիրների լուծումը: Ըստ նրա՝ Հայաստանի կառավարության նոր ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է Դաշնակցության մոտեցումներին: «Արդեն իսկ որոշակի դրական փոփոխություններ եմ նկատում կառավարության գործունեության, տնտեսության մեջ, հակակոռուպցիոն պայքարի, ստվերային տնտեսության դեմ պայքարի, պետական համակարգի անաչառ դառնալու առումով: Այս ժամանակավոր դժվար իրավիճակից դուրս գալու ելքերն արդեն երևում են: Դաշնակցության մասնակցությունը միայն մեկ նպատակ ունի՝ Հայաստանի զարգացման ամուր հիմքեր դնելը և այստեղ մեր համագործակցությունը շատ արդյունավետ է»,- հավելեց Աղվան Վարդանյանը: