«Թևանիկ» խումբը՝ Արցախի սահմանապահների և մանուկների կողքին
Գլխավոր » Լրահոս » «Թևանիկ» խումբը՝ Արցախի սահմանապահների և մանուկների կողքին

«Թևանիկ» խումբը՝ Արցախի սահմանապահների և մանուկների կողքին

Հունվարի 25-26-ը Արցախի Մարտունու և Հադրութի շրջանների զորամասեր և սահմանամերձ որոշ մանկապարտեզներ են այցելել Իրանում գործող «Թևանիկ» խմբի, Հայ Օգնության Միության Արցախի միավորի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության մի խումբ անդամներ: Նպատակը  առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների համար նախատեսված վերարկուները, կոստյումները և մանկապարտեզների սաների համար պատրաստված նվերները հանձնելն էր:

Արցախի սահմանը անառիկ պահող զինծառայողների համար ուղարկված հագուստը Իրանում ապրող հայ արհեստավորների ձեռքի աշխատանքն է: «Այն  Իրանում գործող գործարանի կողմից տրամադրվել է «Թևանիկ» խմբին, որը ՀՕՄ-ի Արցախի կառույցի միջոցով մենք երկու օրվա ընթացքում հանձնեցինք Արցախի զինծառայողներին»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է «Թևանիկ» խմբի անդամ Րաֆֆի Զարիֆյանը:

«Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր զինծառայողների առաջ: Մենք կամ աշխարհի որևէ ծայրում ապրող հայերը ինչ էլ անենք, մեր արածը ոչինչ է այն ամենի հանդեպ, ինչ անում են զինվորները, որովհետև մեր երեխաները, թոռները նրանց շնորհիվ են կարողանում ազատորեն խաղալ»,- զինծառայողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության, ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամ Ռիտա Մնացականյանը:

Հադրութ քաղաքի և Առաքել գյուղի մանկապարտեզներին են հանձնվել խաղալիքներ և այլ նվերներ:

Առաքել գյուղի մանկապարտեզի տնօրեն Նուշիկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել նվերների համար՝ նշելով, որ գյուղը հիմնադրման օրվանից ի վեր միշտ զգացել է Սփյուռքում ապրող հայերի աջակցությունը:

Բացի վերանշյալից, Բանակի օրվա առիթով ՀՕՄ-ի Արցախի կառույցը մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների երեխաներին է հանձնել «Թևանիկ» խմբի կողմից ուղարկված կապոցները և Ավստրալիայում ապրող բարերարի տրամադրած դրամական պարգևները:

Տաթևիկ Աղաջանյան

1