Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել
10.10.2017թ. 13:39:41

«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունից հետո Հայաստան-Թուրքիա մթնոլորտն ավելի վատ է, քան ստորագրությունից առաջ»,- «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, այն փաստը, որ արձանագրությունները ստորագրված են և ութ տարի է չեն վավերացվել Թուրքիայի կողմից կամ Թուրքիայի պատճառով, իսկապես մթնոլորտն ավելի վատացրել են, քան մինչև արձանագրությունների ստորագրությունը: ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ Թուրքիան տակավին ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

«Այն փաստը, որ այսօր Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում որևէ ձևի հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, վկայում է այն մասին, որ իրենք իսկապես դժգոհ են կատարվածից»,- նշեց Կ. Մանոյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությանը, որ մինչև 2018 թ. գարուն արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, նա ասաց. «Մեր ցանկությունն է, որ չկատարվի, քանի որ, գտնում ենք, որ այս արձանագրություններում կան Թուրքիայի կողմից առաջ քաշված առնվազն երկու նախապայմանի բավարարում, իսկ երրորդ նախապայմանը՝ Արցախի հարցով, արդեն Թուրքիան առաջ քաշեց մինչև ստորագրությունը, բայց ոչ ուղղակի արձանագրությունների տեքստում: Նույնիսկ ստորագրության օրը, որ չորս ժամ ուշացավ, պատճառը դա էր՝ ուզում էր ողջ գործընթացը կապել Արցախի հարցին, որը ես չեմ կարծում մինչև գարուն որևէ դրական տեղաշարժ կունենա»:

Կիրո Մանոյանի խոսքով, Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների առ ոչինչ հայտարարելն արդեն ավելի ճիշտ ուղու վրա կդնի ամեն ինչ:

panorama.am