Թումանյանի իմաստնացած խոսքը վերածնվեց նաեւ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թումանյանի իմաստնացած խոսքը վերածնվեց նաեւ Արցախում

Թումանյանի իմաստնացած խոսքը վերածնվեց նաեւ Արցախում

Նախընթաց շաբաթ օրվա իրիկնամուտին Ստեփանակերտը թեւակոխեց հանճարեղ լոռեցու տիրական շնչով։ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության՝ 1936-ին Բոստոնում հրատարակված Թումանյանի տեսակն ու իմաստնացած խոսքն ամփոփող՝ Վարդգես Ահարոնյանի աշխատությանը վերստին տեր կանգնելու եւ ապրեցնելու որոշումն առիթ եղավ միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ արցախյան շնորհանդես կազմակերպելուն։

Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնն այդ օրը հյուրընկալել է մշակութային ու գրականասեր մարդկանց մի ամբողջ աստղաբույլի՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանին, Համազգային միության ԿՎ անդամ, Բուրջ Համուդի նախկին քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանին, Համազգային միության Արցախի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարապետ Պայքարյանին, Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանին, բանաստեղծ Սոկրատ Խանյանին, Արցախի երիտասարդ գրողների, ստեղծագործողների, թումանյանասեր՝ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանին, արվեստագետներին եւ ընթերցասերներին։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը՝  ներկայացնելով  «Հովհաննես Թումանյան. մարդը եւ բանաստեղծը» գրքի հեղինակ Վարդգես Ահարոնյանին եւ բարձր գնահատելով նրա գրական ավանդը:

«Այս տարին հոբելյանական է Հովհաննես Թումանյան, Լեւոն Շանթ, Կոմիտաս՝ Մեծն եռյակի համար, եւ Համազգայինի աշխարհասփյուռ կառույցներն այս օրերին տարբեր միջոցառումներ են կազմակերպում. այս նախաձեռնությունը դրա մի օղակն է»,-ասել է Հ. Ավագյանը։

Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը, խոսելով գրքի վերահրատարակման անհրաժեշտության մասին, նշել է, որ այն Հովհաննես Թումանյանի 150-ամյակի լավագույն նվերն է, քանզի ամեն տարիքի ընթերցողի համար Թումանյանն իր բաժին հեքիաթն ունի, եւ այս գիրքն ընթերցելիս ամեն մեկը կգտնի իր Թումանյանին։

«Այս գրքի ամեն մի պատմություն Թումանյանի մասին մի նոր էջ է բացում, բարության այնքան մեծ էջեր, որ ուղենիշ են՝ թեթեւ, թումանյանական աչքերով ապրելու։ Գիրքը հոգեւոր նվեր է. այն անպայման կմնա ընթերցողի հիշողության մեջ, եւ երբ նեղության մեջ լինեք, բավական է մի էպիզոդ հիշել եւ, վստահեցնում եմ, կթեթեւանաք»,- ասել է Ղարաբաղցյանը։

Գրքում հեղինակն ինքնատիպ նկարագրություններով բացահայտում է մեծ բանաստեղծի մտերմիկ հարաբերությունները ժամանակի նշանավոր մարդկանց հետ՝ ընթերցողներին ներկայացնելով հայր, թամադա, հյուրասեր Թումանյանին՝ դրանով իսկ ընդգծելով նրա մարդկային խառնվածքը: Արցախյան շնորհանդեսն ընդմիջվում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների կողմից գրքի փոքրիկ հատվածների ընթերցմամբ, որոնցից մեկը՝ ստորեւ․

 

«Բազմանդամ ընտանիքը, անշուշտ, բազմաթիւ եւ ծանր հոգսեր էր դնում Հովհ․ Թումանեանի ուսերին։

Հովհ․Թումանեանը ոչ միայն տանում էր այդ հոգսերը, այլեւ, կարելի է ասել, ուրախութեամբ էր տանում,- այնքան շատ էր կապւած նա ընտանիքին։

Ամէն օր իր ընտանիքի անդամներից մէկն ու մէկին մի որեւէ բան էր պէտք։ Եւ Թումանեանը անդադար դրսից տուն էր կրում կօշիկ, գլխարկ, հագուստ, եւ այլն․ մէկին չյարմարի, միւոսին կը յարմարի՝ փառք Աստծու, այնքան շա՜տ են։

Մեծ պատերազմի երրորդ տարին Կովկասում նոր ապրանքների պակաս սկսեց զգացուել։ Թիֆլիսում բացուեցին գործածւած իրեղէնների խանութներ, որոնք առնում եւ ծախում էին քիչ մաշուած իրեր։ Շատերը իրենք էին տանում իրենց աւելորդ իրերը եւ յանձնում այդ խանութներին ծախելու։

Մի օր այդպիսի խանութներից մէկի ցուցափեղկում Հովհ․Թումանեանը տեսնում է մի զոյգ կանացի գեղեցիկ կօշիկներ։ Ներս է մտնում եւ գնում կօշիկները։

-Կամ Անուշի ոտքով կը լինի կամ Արփիկի, մտածեցի ես,- պատմում էր Թումանեանը։

Վերցնում, տուն է բերում կօշիկները եւ յանձնում աղջիկներին․

-Մէկն ու մէկիդ ոտքին կը գայ։

Փորձում են, բայց արի ու տես, որ ոչ Անուշի ոտքին է գալիս, ոչ իրենից մեծ, ոչ էլ իրենից փոքր քրոջ։

Իրենց հորը տհաճութիւն չպատճառելու համար աղջիկները չեն յայտնում, թէ կօշիկները ոչ մէկի ոտքով չեղան, եւ որոշում են սուսիկ փուսիկ ազատւել կօշիկներից։ Առնում են եւ տանում յանձնում, դիպուածով, հնավաճառի միեւնույն խանութը, որտեղից գնուած էին կօշիկները։

Անցնում է մի քանի օր։ Հովհ․Թումանեանը դարձյալ մի զոյգ գեղեցիկ կօշիկներ է տեսնում նույն խանութի ցուցափեղկում։ Մտնում է եւ գնում․- «Մէկն եւ մեկի ոտքին կը գայ»։ Առօք փառօք կօշիկները կրկին տուն են գալիս։ Ծիծաղ է, որ պայթում է տան մեջ, երբ տեսնում են միեւնոյն կօշիկները, որոնք Թումանեանը երկու անգամ գնել եւ տուն է բերել։

Ամբողջ մի շաբաթ Թումանեանի տանը կատակների եւ ծիծաղի աղբիւր էր այս դէպքը։ Եւ ամէնից շատ Հովհ․Թումանեանն էր ծիծաղում իր արածի վրա»։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է Համազգային միության հիմնադրման պատմությանը եւ հայապահպանությանն ուղղված՝ միության աշխատանքներին։

«Համազգային միությունը հայրենիքում եւ հայի կողմից ստեղծված մշակույթի պահպանողն ու տարածողն է, հաղորդակցության միջոցն է։ Իսկ «Հովհաննես Թումանյան. մարդը եւ բանաստեղծը» գիրքն ուսուցողական է ոչ միայն այն պատճառով, որ Թումանյանի մասին է, այլ որովհետեւ մեզ տանում է գրականության, հայոց ազգի պատմության խորքեր։ Հենց այդ պատճառով է Համազգայինը վերահրատարակել այն»,- ասել է Մկրտչյանը։

Թումանյանին նվիրված երեկոն համեմվել է նաեւ Կոմիտասյան հնչյուններով՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական քոլեջի շրջանավարտ Լիլիթ Շահրամանյանի կատարմամբ։

Խոսքով հանդես է եկել նաեւ Արցախի Գրողների միության նախագահ, բանաստեղծ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: Նա շնորհակալություն է հայտնել Համազգային հայ կրթական եւ մշակութային միությանը գրքի վերահրատարակությունը նախաձեռնելու համար։

«Գրողներին ճիշտ չէ համեմատել, սակայն Թումանյանը բացառիկ երեւույթ է մեր գրականության մեջ։ Թումանյանն իր ստեղծագործությամբ կարողացավ մի հզոր քայլ կատարել մեր գրականության մեջ՝ 17-րդ դարից բերելով Նարեկացուն եւ գումարելով Սայաթ-Նովային, համադրելով երկու հզոր հանճարներին։ Թումանյանի մասին շատ է գրվել, բայց պետք է ավելի շատ գրվի։ Իսկ Թումանյանի մասին այս գիրքը սկզբնաղբյուրն է, որի դրվագներն ու պատմությունները պետք է դառնան հայու կենսակերպ եւ պատգամ»,- ասել է  Հակոբյանը եւ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն, բանաստեղծուհի, արձակագիր Հերմինե Ավագյանին հանձնել Արցախի գրողների միության անդամակցության տոմսը՝ ճիշտ ճանպարհով քայլելու նրա ընթացքն արժեւորելով։

Բանաստեղծ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը գիտական տեսանկյունից է մեկնաբանել գիրքը՝ այն համարելով երեւույթ։

«Թումանյանն ազգային ցավի կրողն է, բայց եւ մարգարեն։ Նա կատարել է նույն այն դերը, ինչ Պուշկինն իր ազգի համար։ Այս գիրքն արժե վերահրատարակել երրորդ անգամ, այն գրական էսսե է, որը լավագույնս է արժեւորում Մեծն բանաստեղծին»։

Թումանյան մարդու եւ բանաստեղծի իմաստնացած խոսքով պարուրված երեկոն եզրափակվել է Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից Հովհաննես Թումանյանի եւ Լեւոն Շանթի 150-ամյակների կապակցությամբ կազմակերպված գրական-ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխությամբ։

«Երեւակայությանս երկու եսերը» բանաստեղծության համար հատուկ մրցանակի է արժանացել Վիտալի Պետրոսյանը:

«Վերադարձածները» բանաստեղծության համար մրցանակի է արժանացել Սոնա Համբարձումյանը:

«Լավագույն պատմվածք» անվանակարգի հաղթող է ճանաչվել Վան Նովիկովը:

Խրախուսական մրցանակի է արժանացել Էլլա Խաչիյանը:

Ակտիվ մասնակցության համար մրցույթի մի շարք մասնակիցներ եւս արժանացան գովասանագրերի եւ նվեր ստացան Համազգայինի կողմից հրատարակված գրքերից:

Իսկ վերջում Արցախի երիտասարդ ստեղծագործողները հանդես են եկել շնորհակալական խոսքով։

Նշենք, որ Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը եւ բանաստեղծը» գրքի շնորհանդեսը Երեւանում կայացել է փետրվարի 21-ին, «Նոյյան Տապան» գրատանը։

 

Լուսինե Թեւոսյան

1