Ընդունվել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքը
21.12.2017թ. 13:32:52

Դեկտեմբերի 21-ին կայացած Ազգային Ժողովի լիագումար նիստում 28 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է 2018թ. պետական բյուջեի մասին օրենքը: 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ են քվեարկել «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները, դեմ՝ «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունները:

Նախքան քվեարկությունը, ԱՀ ֆինանսերի նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակը և ԱԺ պատգամավորների կողմից կառավարությանը տրված առաջարկությունները: Պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից պետական բյուջեի վերաբերյալ ԱՀ նախագահին է ներկայացվել 32 առաջարկ: Կրկնվող առաջարկություններից էր «Մարտական խաչ» առաջին և երկրորդ շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին դրամական օգնության տրամադրմանը վերաբերող առաջարկը, որն ընդունվել է կառավարության կողմից: «2018թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն, պետական բյուջեի վերջնական ցուցանիշներն են՝ եկամուտներ՝ 96 մլրդ 428,2 մլն դրամ, ծախսեր՝ 101 մլրդ 538,8 մլն դրամ, դեֆիցիտ՝ 5 մլրդ 110,6 մլն դրամ»,- ելույթում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Բյուջեի մասին օրենքի նախագծին դեմ քվեարկած «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը նշել է, որ դրա պատճառները ոչ թե այս կամ այն ծրագրին քիչ գումարներ հատկացնելն է, այլ ընդհանրապես վարվող քաղաքականությոնը: «Բյուջեում սեփական մուտքերը չեն կազմում նույնիսկ բյուջեի կեսը. այս տարի այն կազմում է բյուջեի մոտ 45%: Նման պայմաններում կառավարությունը անընդհատ մեծացնում է պետական ապարատը, բյուրոկրատիան, բյուջետային աշխատողների թվաքանակը»,- ասել է Հայկ Խանումյանը:

«Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն իր ելույթի սկզբում առաջարկել է պետական մակարդակով նշել ոչ միայն Արցախյան շարժման 30-ամյակը, այլ նաև Արցախահայության համագումարների 100-ամյակը: «Մեզ համար կարևոր է անվտանգությունը, պետական պահուստի, պաշարների նկատմամբ քաղաքականությունը: Համարյա երկու տարվա գործընթացից հետո պատկան մարմիններից պատասխան հնչեցնել, որ նույնիսկ անհրաժեշտ գումարի չափը չեն կարողանա որոշել, նշանակում է՝ կամ քաղաքական կամքի բացակայություն կամ, որ մարդիկ իրենց տեղում չեն»,- նշել է Էդուարդ Աղաբեկյանը:

Բյուջեի վերաբերյալ «Ժողովրդավարություն» խմբակցության տեսակետը հնչեցրել է Վարդգես Բաղրյանը. «Խմբակցությունը վերահաստատում է հանրապետության նախագահի հրապարակած 2017-2020թթ. ծրագրի մասով իր քաղաքական պատասխանատվությունը և կողմ է քվեարկելու պետական բյուջեի մասին ԱՀ օրենքի նախագծին»:

«Դաշնակցություն» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Ալյոշա Գաբրիելյանը:

ԱՀ ԱԺ ամենամեծ խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ Արցախը չի կարելի համեմատել ճանաչված երկրների հետ, մենք գոյատևման խնդիր ունենք: 2007թ. հետո գյուղատնեսության, էլեկտրաէներգիայի ոլորտներում կատարված դրական փոփոխությունները Արթուր Թովմասյանը որակել է «հեղափոխություն»:

Բյուջեի մասին եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով կրթական ոլորտին, կապիտալ շինարարությանը և պետական ապատարի օպտիմալացման հարցերին: