Երկու հայկական պետությունների մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
03.02.2018թ. 16:36:02

Փետրվարի 3-ին  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև ստորագրվեց  պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին  փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային և բնապատմական արգելոցների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ:

Ըստ հուշագրի նախատեսվում է նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտի վերաբերյալ գիտահանրամատչելի գրականության համատեղ հրատարակում, ՀՀ Նախարարության կողմից աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, գտածո հնագիտական նյութերի մաքրման եւ վերականգնման գործում, համատեղ ցուցահանդեսների և գիտական կոնֆերանսների կազմակերպում, ինչպես նաև հրատապ հնագիտական պեղումների և հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում և իրականացում:

Այս ամենը  կյանքի կոչելու նպատակով  կհաստատվի ոլորտային համագործակցության միջոցառումների ծրագիր և կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար  կհանդիպեն ու կքննարկեն աշխատանքների ընթացքը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: