Երեք ապրիլերկուսներ
02.04.2017թ. 20:45:25

2016 թ. ապրիլի 2-ին Արցախի սահմանները թշնամու կողմից ենթարկվեցին լայնածավալ հարձակման: Այդ օրերին հայ ժողովուրդը էլեկտրական հոսանքի հարվածի ենթարկվածի նման զգաստացավ: Հայաստանում բոլորը շտապում էին դեպի ռազմաճակատ: Հայրենասիրությունը, ազգային արժեքների համար անմնացորդ նվիրումը չէր ճանաչում ոչ տարիքային սահման, ոչ ֆինանսական կարողություն և ոչ էլ մասնագիտություն: Այդ մթնոլորտը վկայությունն է մեր ժողովրդի բարձր գիտակցության և արժեքային համակարգի ճիշտ հասկացության ու ընկալման:

Հայ ժողովրդի համար, որը պատմության ընթացքում բազմիցս հայրենազրկության դառը փորձություն է ճաշակել, բազմիցս կրել է պանդխտության ցուպը և ստիպված է եղել թշնամու տիրապետության տակ թողնել իր նախնիների շիրիմները, հայրենիքը՝ հայրենիքի այս մի կտոր հողի պաշտպանությունը, անձեռնմխելիությունը գերագույն արժեք է: Խորքում Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը միացյալ Հայաստանի կերտման ուղղությամբ տարվող պայքարի մի հանգրվան է, իր մեջ պարունակում է հենց այդ հայրենասիրության, հայրենապահպանության խորը գիտակցությունը: Այդ խորը գիտակցության շնորհիվ է, որ ազգային մտածողությունը արմատավորվում է հայ ժողովրդի մեջ, և դրանով է առաջնորդվում յուրաքանչյուր հայ, որը միտում ունի տեսնել հզոր, բարգավաճող և անկախ Հայաստան: Արցախյան պայքարը, որն այսօր արտացոլվում է իր պետականությամբ, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ոգու հաղթանակն է, որը առարկայորեն դառնում է ազգային միասնության խորհրդանիշ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենում ապրիլի 2-ին, զուգադիպորեն հենց այն օրը, երբ մեկ տարի առաջ ժայթքեց ազգային միասնության ոգին: Բոլոր այն քաղաքական ուժերն ու հոսանքները, որոնք պայքարում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղ ունենալու համար, չեն կարող անտեսել այդ միասնության, ազգային ոգու ժայթքումը: Արցախի Հանրապետությունն իր ամբողջական տարածքով հայկական պետականության գոյատևման և անվտանգության անժխտելի կռվանն է: Բոլոր այն քաղաքական հոսանքները, որոնք փորձում են անտեսել այն և խեղաթյուրել ազգային միասնության գաղափարի հիմնասյուն հանդիսացող այս իրողությունը, դատապարտված են գալիք սերունդների անվտանգության համար պատասխանատվության իրենց բեռը կրելու:

Զուգադիպությունների շարքը կարծես թե գալիս է ապացուցելու մեզ, որ երբեք էլ զուգադիպություններ չեն լինում: 1921թ. հենց ապրիլի 2-ին էր, որ բոլշևիկյան բանակի օժանդակությամբ Հեղկոմը վերադարձավ Երևան, Փետրվարյան ապստամբությունը ճնշվեց: <<Հայրենիքի փրկության կոմիտեն>> շուրջ 10.000 մտավորականների և ապստամբությանը մասնակից ուժերի հետ շարժվեց դեպի Զանգեզուր: Հայ բոլշևիկների` հզորին ենթարկվելու ստրկամտությունը հաղթեց ազատատենչության ոգուն: Մեր հայրենիքը 70 տարիներ շարունակ ստիպված եղավ մնալ խորհրդային լծի տակ, որտեղ անտեսվեցին ազգային ոգին ու արժեքները:

Այս երեք ապրիլերկուսների իրադարձությունները մեզ պարտավորեցնում են ճիշտ կողմնորոշվել և ազգային միասնության հիմնական շաղախը՝ հայ ժողովրդի համար գերագույն արժեք հանդիսացող հայրենիքի գաղափարը երբեք սակարկության առարկա չդարձնել:

«Ապառաժ»-ի խմբագրական 2 ապրիլի, 2017թ