Երբ մզկիթ վերանորոգելը Բաքվում ընկալվում է որպես «հակաադրբեջանական» գործողություն
02.02.2018թ. 13:01:19

«Երբ մզկիթ վերանորոգելը Բաքվում ընկալվում է որպես «հակաադրբեջանական» գործողություն
Ադրբեջանը թերևս Իսլամական համագործակցության կազմակերպության միակ անդամն է, որը մզկիթ վերանորոգելը համարում է որպես հակաիսլամական, իսկ Բաքվի տրամաբանությամբ՝ «հակաադրբեջանական» գործողություն:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն այս օրերին կրկին անդրադարձել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և Արցախի կառավարության համագործակցության շրջանակներում վերանորոգվող Շուշիի շիայական մզկիթին, որին իր մասնակցությունն է բերել նաև ղազախստանցի գործարար Կայրատ Բորանբաևը:

Եվ ահա, Իրանի հասցեին հղած քննադատությունից հետո, այժմ Բաքվի մեղադրանքների թիրախում Ղազախստանն է: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ գործարար Բորանբաևը Նազարբաևի բարեկամն է, որին էլ Բաքուն մեղադրում է «հակաադրբեջանական» նախագծերին աջակցելու մեջ:
Ադրբեջանի նման վարքագիծը պետք է որ մտածելու տեղիք տա իսլամական երկրների մոտ, որոնց Բաքուն մի կողմից նման մեղադրանքներ է հնչեցնում, իսկ մյուս կողմից ԻՀԿ համաժողովների շրջանակներում՝ որպես «բարեպաշտ» մուսուլման, հակահայկական բանաձևեր ընդունելու հարցում աջակցություն է խնդրում:

Հ.Գ. Ադրբեջանի նախագահի աշխատակազմում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում օրերս ստեղծվել է միջէթնիկական հարաբերությունների, բազմամշակութայնության և կրոնի հարցերով բաժին: Հետևաբար պետք է սպասել, որ Բաքվի հակակրոնական գործողություններն ու տեղաբնիկ ժողովուրդների (թաթեր, թալիշներ) նկատմամբ կիրառվող բռնաճնշումներն այսուհետ համակարգվելու են հենց նախագահականից»,- այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: