Երբ գերտերությունները ձեռք քաշեն Սիրիայից, այնտեղ խաղաղություն կհաստատվի
20.09.2017թ. 11:12:22

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում Երեւանում է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Սիրիայի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների, ինչպես նաեւ սիրիահայ համայնքի ու Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին:

«ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ»

– Պարոն Ռեիսյան, ինչպես գիտեք, Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հաստատել է, որ սեպտեմբերի 25-ին տեղի կունենա այդ պետության անկախության հանրաքվեն: Գաղտնիք չէ, որ Սիրիայում քրդերը բավական մեծ թիվ են կազմում եւ որոշակի ինքնուրույնություն ունեն: Այս առումով` ի՞նչ մտահոգություններ ունի սիրիական պետությունը:

– Քաղաքական աշխարհում նման հոսանքները շատ են: Եվ յուրաքանչյուր հոսանք կարող է ունենալ իր ձգտումները, երազանքները, որոնք երբեմն շատ ազգային են, երբեմն էլ թելադրված արտաքին ուժերի կողմից: Սակայն այդ բոլոր ձգտումներն իրականացվելու իրենց բաժին ունեն: Ո՞վ ասաց, որ բոլոր ցանկությունները իրականություն են դառնում: Այնպես որ, այդ ամենը հյուսված պատմություններ ու մտահոգություններ են, որի ուղղությամբ ընթացք տրված չէ: Հետեւաբար, այս ամենն այսօր տակավին դիտարկում ենք ինչ-որ մի խմբի ցանկություն, այլ ոչ թե միասնական մոտեցում: Մենք բոլորս հավատում ենք մեկ սկզբունքի` այն է Սիրիայի հողային ամբողջականությունը, ապահովությունն ու համակեցությունն` իր բոլոր բաղկացուցիչներով:

– Կարծես թե, որոշակի համաձայնություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ` Սիրիայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Արդյոք այն իրատեսական եք համարում, թե Սիրիան կշարունակի մնալ գերտերությունների կռվախնձորը:

– Իրականում Սիրիայի պատերազմը Սիրիայի պատերազմը չէ: Այն այսօր ընկալվում է որպես միջպետական պատերազմ, որտեղ Սիրիան պարզապես թատերաբեմ է: 90-100 տարբեր երկրներից զինյալ խմբավորումները կամ կռվողները եկել են` Սիրիայի պատերազմին մասնակցելու: Ուստի` շատ հստակ է, թե ովքեր են այդ լլկողները, եւ շատ լավ գիտենք, թե ինչու են եկել, ինչ շահեր են հետապնդում, եւ ինչպիսի արտաքին դրդումների հետեւանք է սիրիական պատերազմը: Այս առումով` արտաքին սակարկումների եւ արտաքին համաձայնությունների անհրաժեշտություն կա, սակայն երբ գերտերությունները ձեռք քաշեն Սիրիայից, այնտեղ խաղաղություն կհաստատվի:

«ՈՐՊԵՍ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ` ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԸ»

– Այս տարիներին Սիրիայի հայ համայնքը շատ կորուստներ կրեց: Առհասարակ, տեսնո՞ւմ եք այսօր հնարավորություն` վերականգնելու տեղի հայկական գաղութի երբեմնի փառքը:

– Սիրիայի հայ համայնքը միակը չէ, որ այս տարիներին կորուստներ ունեցավ, կորուստներ շատ համայնքներ են ունեցել: Բայց այսօր ինչպես բոլորն են վերականգնման ուղին բռնել, այնպես էլ Սիրիայի հայ համայնքը: Բոլորս ձեռք ձեռքի տված վերականգնենք Սիրիա պետությունն ու մեր գաղութը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կա մեկ իրականություն` մենք` որպես ժողովուրդ, կվերականգնենք Սիրիան, եւ որպես հայություն, կվերականգնենք մեր պատմական գաղութը եւ կպահենք այն ծաղկուն:

– Ունե՞ք տեղեկություններ այն հայերից, որոնք արտագաղթեցին Սիրիայից` հաստատվելով Հայաստանում եւ այլուր:

– Ովքեր դեպքերի բերումով դուրս եկան երկրից, ամեն մեկն իր խնդիրներն ուներ, եւ նրանց ճանապարհներն էլ տարբեր էին: Բայց ովքեր դուրս են եկել, վստահ եմ, որ բոլորի համար էլ երազանք է վերադառնալ իրենց, եթե չասենք պապենական, ապա գոնե այս անցնող 100 տարիների ընթացքում իրենց ընտանիքների կերտած տունը, գործին եւ այլն: Ի դեպ, շատերը կան, որ արդեն իսկ վերադառնում են: Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց գնացած երկրներում կարողացան նոր պայմաններ ստեղծել, հաղթահարել դժվարությունները, այլեւս չեն վերադառնա:

«ԱՅԼԵՎՍ ԵԹԵ ՉԱՆՑՆԵՆՔ ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾԻ, ՍԱ ԿԴԱՌՆԱ ԼՈԿ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ»

– Հնարավո՞ր է Սիրիայի խորհրդարանում բարձրացնենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, եւ ընդհանրապես կա՞ այսօր պարարտ հող` նման գործընթաց սկսելու:

– Սիրիայի համար անծանոթ թեմա չէ Ցեղասպանության նյութը, եւ սիրիական խորհրդարանում մեկ անգամ չէ, որ հնչել է այս մասին: Պատկան իշխանությունների, Սիրիայի խորհրդարանի անդամների հետ գոնե ես` որպես խորհրդարանի անդամ, հաճախ եմ զրույցներում անդրադարձել այս հարցին: Բայց բնական է, քաղաքական նման որոշում կայացնելու համար հարմար պահի պետք է սպասել:

– Վերադառնալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին` ի՞նչ արդյունք եք ակնկալում:

– Այս համաժողովում ամենակարեւորը` պետք է իրականանա նոր հանգրվանի անցնելը: Այլեւս եթե չանցնենք խոսքից գործի, սա կդառնա լոկ տուրիստական միջոցառում կամ, պարզապես, աշխարհի տարբեր կողմերի հայերով իրար կողք կողքի կանգնելու եւ հանդիպելու առիթ, ընդամենն այդքանը: Բայց եթե մենք իսկապես համահայկական թեմա կբարձրացնենք, համահայկական համագործակցություն կսկսենք` վերածվելով մեկ ուժի, գործելով ձեռք ձեռքի տված` որպես մեկ նպատակ ունեցող մեկ ազգ, այս դեպքում կարելի է խոսել արդյունքի մասին: Ընդ որում` պետք է գործեն յուրաքանչյուրը հավասարապես` իրենց փորձառությամբ, իրենց հնարավորություններով` իրենց լուման դնելով այն գանձանակի մեջ, որտեղ միասնաբար հավաքվելու է ազգաշեն հանրագումարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com