«Եվա».Հայ-իրանական նոր ֆիլմի առաջնախաղ Ստեփանակերտում
26.10.2017թ. 00:08:10

Հոկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել  իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») հայ-իրանական համատեղ արտադրության նոր ֆիլմի առաջնախաղը։ Իրանահայ ռեժիսորը մինչ այս էլ ֆիլմեր է նկարել Հայաստանում, սակայն «Եվա»-ն նրա առաջին լիամետրաժ կինոնկարն է։

«Այս ֆիլմը բարյացակամ արցախցիների վերաբերմունքի արդյունք է։ Այս ֆիլմը ձերն է, դուք եք նրա տերը»,- ասել է Անահիտ Աբադը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Եվան»  դրամա է։ Արցախում նկարահանված ֆիլմը մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած մութ ու ծանր  պատմությունը։ Նա դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում  է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան։

2017թ․ մայիսին Կաննում կազմակերպվել է կինոնկարի փակ ցուցադրությունը եւ ֆիլմը դրական արձագանքների  է արժանացել միջազգային կինոգետների կողմից։ Առաջարկ է եղել կինոնկարի առաջին ցուցադրությունը կազմակերպել արտերկրում․․․Սակայն, հենց Անահիտ Աբադի ցանկությամբ, մինչև ֆիլմի համաշխարհային պրեմիերան, այն, նախ, ներկայացվել է  հայ և իրանցի հանդիսատեսին, որից  հետո նոր  կսկսվի  ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը։ Ցուցադրման գործընթացին զուգահեռ ֆիլմը ներկայացվելու է նաեւ միջազգային հայտնի փառատոններում։

«Եվա»-ի առաջին ցուցադրությանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պատգամավորներ, լրագրողներ, ֆիլմի դերակատարները, այդ թվում՝ արցախցի, մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել կամ օժանդակել էին ֆիլմի նկարահանումներին Արցախում: