ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն 2 զեկույց է ընդունել
28.06.2017թ. 12:06:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել ու ընդունվել է 2 առանձին զեկույց, որոնք միտված են պայքարել կոռուպցիայի դեմ։

Միշել Նիկոլետիի պատրաստած «Քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարման մեջ ամբողջականության խթանումը» բանաձևում ասվում է, որ Եվրոպական ժողովրդավարությունների, այդ թվում նաև Եվրոպական ինստիտուտների համար, կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ վստահության վերականգնումը պետք է լինի առաջնահերթություն։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խթանել հանրային կյանքի թափանցիկությունը բոլոր մակարդակներում, մասնավորապես ընդունելով եկամուտների, ակտիվների ու ֆինանսական այլ միջոցների հայտարարագրման մեխանիզմներ ու դրանց հասանելիություն հանրության համար, ինչպես նաև անկախ վերահսկող մարմինների ստեղծում ու լոբբիստական գործունեության կարգավորում, գրում է Panorama.am-ը։

Կարևոր դեր է հատկացվում ԶԼՄ-ներին կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ միևնույն ժամանակ կանոնակարգելով, որ ԶԼՄ-ները կապահովեն մամուլի ազատությունն ու պատասխանատվությունը։

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խստացնել Կոնոնակարգը, աջակցել անկախ հետաքննական մարմնի գործունեությանը, որը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ կոռուպցիոն պնդումները։

«Ուժեղ ժողովրդավարությունը հակակառուպցիոն լավագույն գործիքն է։ Անընդունելի վարքագիծը թուլացնում է սոցիալական արդարությունն ու խթանում պոպուլիզմը»,-ասել է զեկուցող Միշել Նիկոլետին։

Գուլսուն Բիլգեհանի «Կոռուպցիայի խորհրդարանական քննություն․խորհրդարանական գործակցությունը հետաքննական լրատվամիջոցներ հետ» զեկույցում նշվում է, որ հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային զենք է։