Ելնելով պետության գոյության փաստից
16.06.2017թ. 12:14:42

Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձությունները բավականին արագ զարգացումներ արձանագրեցին: Կարծես թե նախօրոք ծրագրված սցենարով Քաթարը հայտնվեց արաբական աշխարհի խորթ եղբոր դերում: Հիմնական մեղադրանքը թեև միջազգային ահաբեկչությանը նյութական միջոցներ հատկացնելն էր, սակայն խորքում Թրամփի` տարածաշրջան այցելության շեմին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հասցեին հնչեցված իրանամետ հայտարարությունն էր:

Մյուս կարևորագույն իրադարձությունը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն էր, որն առաջին հերթին պատասխան էր ԱՄՆ-ի կողմից Իրանին միջազգային ահաբեկչության հովանավորչության մեղադրանքին:

Վերը նշված իրադարձությունները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր երկրին շատ մոտ գտնվող սիրիական, ինչպես նաև Թուրքիայի հեղհեղուկ իրավիճակի վրա:

Միևնույն ժամանակ` հայկական ուժերը, իսկ մյուս կողմից ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերը վերջին ամսում անց են կացնում զինավարժություններ Արցախի և Հայաստանի սահմաններին կից: Վերջին հաշվով` մթնոլորտում զգացվում է վառոդի հոտը:

Նույն համայնապատկերի վրա չենք կարող անտեսել միջազգային ճգնաժամային խմբի շուրջ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցը, որտեղ բավականին իրատեսական վերլուծություններին որպես եզրակացություն կանխատեսում էր արցախյան նոր պատերազմի հավանականությունը:

Թվարկված իրողություններն ուղղակի կամ անուղղակի պատճառ են դառնում երկրների նոր դիրքավորումների կամ նախկին դիրքերի ամրապնդմանը: Եթե Քաթարի հարցի վերաբերյալ շրջակա երկրների դիրքորոշումները փոփոխության են ենթարկվում, բնականաբար դա ազդում է Սիրիայում այս կամ այն երկրի հովանավորությունը վայելող խմբավորման և այդ խմբավորումների փոխհարաբերությունների վրա, նույնն է` Թուրքիայում և Թուրքիայի սահմաններին Հյուսիսային Իրաքում և Սիրիայի հյուսիս-արևելքում գոյություն ունեցող քրդական խմբավորումների պարագայում:

Երկրների դիրքորոշումներն արտահայտվում են գործնական քայլերով, միջազգային ամբիոններից հնչող հայտարարություններով և քաղաքական կեցվածքի դրսևորմամբ: Այսպիսով, յուրաքանչյուր երկիր փորձում է իր ներգործության բաժինն ապահովել աշխարհաքաղաքական այս թոհուբոհում, ունենալ իր խոսքն ու դերակատարությունը և, վերջին հաշվով, իր երկրի շահերին ու հիմնականում անվտանգությանը ծառայեցնել միջազգային հարաբերությունների բեմահարթակը:

Բնական է, որ իրադարձություններին մոտ գտնվելը պատճառ է դառնում ավելի ակտիվ արտաքին քաղաքականության:

Հենց այստեղ էլ հարց է ծագում. որտե՞ղ ենք մենք և որտե՞ղ է մեր արտաքին քաղաքականությունը:

Արցախյան հարցում Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ելակետը բանակցություններին մասնակցելու կռվանն է: Բայց նախքան բանակցություններին մասնակցելը պետք է վարել քաղաքականություն, քաղաքական բեմահարթակում ճշտել երկրի տեղը և հանձնառու լինել համապատասխան դերը կրելու մեջ: Թող դա լինի բազմավեկտոր, կոմպլիմենտար, արևելամետ կամ արևմտամետ, սակայն դրա անհրաժեշտությունը բխում է ոչ թե ցանկությունից ու քմահաճույքից, այլ պետության գոյության փաստից:

<<Ապառաժ>>-ի խմբագրական, 16 հունիս, 2017թ․