Եթե հեռացնում էին Արցախի հուշարձանների մասին իմ զեկույցը, թող հեռացնեին նաև Խոջալուի դամբարանների մասին Ադրբեջանի մասնակցի զեկույցը. Ն. Երանյան
09.02.2018թ. 21:18:28

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մարտի 29-30-ը անցկացվելիք Կովկասի, Իրանի և Անատոլիայի տարածքներում կուրգանների ուսումնասիրությանը նվիրված գիտաժողովին  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու ՆԺդեհ Երանյանի մասնակցությունը չի թույլատրվել:

Այս մասին նա տեղեկացրեց Tert.am-ին՝ նշելով, որ գիտաժողովին իր մասնակցության հայտը ընդունվել է, սակայն ավելի ուշ՝ մերժվել:

Նա գիտաժողովին ներկայացնելու էր  Արցախի տարածքում, հատկապես՝ Խաչենագետի ներքնահովտում, տարածված կուրգանների կամ դամբանաբլուրների և մարդակերպ կոթողների հետազոտությունը:

«Ըստ ընթացակարգի, նախքան դեկտեմբերի սկիզբ պետք է ուղարկվեր այդ հայտը. ուղարկել էի, հաստատվել էր, և ամեն ինչ կարծես թե նորմալ էր նախքան այն պահը, երբ գիտաժողովի կազմկոմիտեի կողմից բոլոր մասնակիցներին ուղարկվեց գիտաժողովի ծրագիրը և զեկուցումների սեղմագրերը:

Ծրագրից տեսա, որ մասնակցում են նաև Ադրբեջանից մի քանի հոգի, և դրանից 2-3 օր հետո գիտաժողովի կազմկոմիտեի կողմից անակնկալ նամակ են ուղարկում. ներողություն էին խնդրում ՝ հայտնելով, որ այլ մասնակիցների կողմից բողոքներ կան՝ կապված իմ զեկուցման հետ, քանի որ հուշարձաները, որոնք ներկայացվելու են, գտնվում են հակամարտության գոտում կամ վիճելի տարածքներում և հղում են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումներից մեկին, համաձայն որի՝ արգելվում է հակամարտության տարածքում առանց երկու կողմի համաձայնության պեղումներ անել»,-ասաց Երանյանը:

Նա ենթադրում է , որ բողոքարկող կողմը տվյալ դեպքում Ադրբեջանի մասնակիցներն են եղել, այլ շահագրգիռ կողմ չկա, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշմանը հղում անելը և Արցախի հուշարձանները հետազոտելու համար  խոչընդոտ ստեղծելը, ըստ Երանյանի, առաջին անգամ չէ:

«Հատկապես Արցախի հնագիտության արշավախմբի ղեկավարՀամլետ Պետրոսյանին բազմիցս դիմել են տարբեր մասնագետներ, տարբեր կառույցներ և հղում են անում այդ որոշմանը, բայց դա հակասության մեջ է ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու համընդհանուր իրավունքների հռչակագրի հետ, որտեղ նշվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մշակույթով զբաղվելու և իրացնելու իր մշակութային իրավունքը»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք նա չի փորձել բողոքարկել գիտաժողովի կազմկոմիտեի որոշումը, Նժդեհ Երանյանն ասաց, որ պատասխան նամակի տեսքով է փորձել դա անել՝ դրանում նշելով, որ գիտական կառույցին հարիր չէ նման պահվածքը, և հայտնելով իր անհամաձայնությունը ընդունված որոշման հետ:

«Նշել էի, որ նույն սկզբունքով, եթե հեռացնում են իմ զեկուցումը, որը վերաբերում  էր Արցախի հուշարձաններին, պետք է հեռացնեն նաև Ադրբեջանի մասնակիցներից մեկի զեկույցը, որը վերաբերվում էր Ստեփանակերտից ընդամենը 5-10 կմ հեռու գտնվող Խոջալուի դամբարաններին»,-ասաց նա:

Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչը  Մերձավոր Արևելքի և  Միջագետքի ուսումնասիրությունների կենտրոնն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆլորենցիայում:

Երանյանի կարծիքով՝ խնդիրը պետք  է ուշադրության արժանանա ավելի բարձր մակարդակներում. պետության միջամտությունն է հարկավոր:

«Ասենք Ադրբեջանի դեպքում իրենք պետական ամենաբարձր մակարդակով այդ խնդրի դեմ աշխատում են. ես չեմ պատկերացնում՝ գիտնականը ինքը ոնց պետք է իրավական հարթություն մտնի: Կարծում եմ՝ այս հարցը մի քիչ ավելի խոր պետական մոտեցում է պահանջում: Իհարկե, վստահ եմ, որ անօրեն չէ Արցախում գիտական հետազոտություն անելը, եթե անօրեն չէ, ուրեմն պետությունը պետք է բոլոր օղակներով աջակցի և նման խնդիրները հարթելուն մասնակցի»: