Դաշնակցությունը դեմ է մենաշնորհների տրամադրմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Դաշնակցությունը դեմ է մենաշնորհների տրամադրմանը

Դաշնակցությունը դեմ է մենաշնորհների տրամադրմանը

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցությունը դեմ է  քվեարկել խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացված         «Ընդերքի մասին օրենսգրքին>> եւ «Բնապահպանական վերահսկողության մասին>> ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրենքների նախագծերի փաթեթին։

 

ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արմեն Ավագյանը հավաստեց, որ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտում տեղ գտած մի շարք խնդիրների լուծմամբ ու ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ եւ որ այն կնպաստի ոլորտի զարգացմանը խոչընդոտող թերությունների վերացմանը, առկա գործընթացների կանոնակարգմանը, ինչի արդյունքում կստեղծվեն տնտեսական զգալի աճ ապահովող նախադրյալներ։

 

Ա. Ավագյանը տեղեկացրեց նաեւ, որ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո անցած ժամանակամիջոցում պատգամավորների եւ  կառավարության կողմից ներկայացվել են լրացուցիչ առաջարկություններ,  որոնք նախնական քննարկման ենթարկվելով խորհրդարանում, ինչպես գլխադասային՝ արտադրության  եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում, փոխադարձ համաձայնությամբ խմբագրվել ու մտցվել են օրենսգրքի մեջ։

    

Դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ քննարկմանը ներկայացված <<Ընդերքի մասին>> ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթի 1-ին տարբերակին <<Դաշնակցություն>> խմբակցությունը կողմ է քվեարկել: Սակայն նոյեմբերի 27-ին գումարված ԱԺ նիստի ժամանակ նույն օրենքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ <<Դաշնակցություն>> խմբակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագծին: Ըստ խմբակցության քարտուղար Կամո Բարսեղյանի` առաջին ընթերցման ժամանակ ներկայացվել է նույն օրենքի հայաստանյան համանման տարբերակը, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ օրենքի փաթեթում տեղ գտած առաջարկություննեի ու փոփոխությունների մի մասն ընդունելի չեն եղել: Կամո Բարսեղյանը ներկայացրեց հետեւյան պարզաբանումը. << Նախագծի առաջին տարբերակում` Հոդված 24-ում հստակ գրված է, որ ընդերքօգտագործողի իրավունքի պաշտպանությունը երաշխավորվում է ԼՂՀ օրենսդրությամբ: ԼՂՀ օրենսդրության փոփոխության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ, վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կիրառվում են օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի  տրման պահին գործող բնօգտագործման վճարների, ռեզիդենտների շահութահարկի, ոչ ռեզիդենտների շահաբաժինների, տոկոսադրույքների ռոյալթիների հարկման դրույքաչափերը: Սակայն, օրենքի փաթեթի երկրորդ տարբերակում նույն հոդվածն այսպես է ներկայացված. <<Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության տրման պահին հաջորդող հաշվետու ժամանակաշրջանից սկսած` 3 տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ կիրառվում են օգտակար հանածոների թույլտվության տրման պահին, գործող բնօգտագործման  վճարների հաշվարկման բազան եւ դրույքաչափերը, իսկ օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության տրման պահին, գործող բնօգտագործման վճարների հաշվարկման բազան եւ դրույքաչափերը, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքը արտոնյալ դիմումատուին տրամադրելու դեպքում` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրման վերաբերյալ վերջին վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահին գործող բնօգտագործման վճարների հաշվարկման բազան եւ դրույքաչափերը>>: Այնուհետեւ նույն հոդվածի երրորդ կետում նշված է հետեւյալը. <<Ընդերք օգտագործման իրավունք ստացած անձի կողմից` կառավարության հավանությանն արժանացած ընդհանուր գումարով  40 000 000 000 ՀՀ դրամը գերազանցող ներդրումային ծրագիր իրականացնելու դեպքում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետը երկարաձգվում է կառավարության որոշմամբ սահմանված` մինչեւ 3 տարի ժամկետով>>: Այսինքն, եթե այդ գումարը շատանում է, դրան եւս 3 տարի է ավելանում  նվազագույն հարկերով եւ արդյունքում մեր պետությունը զրկվում է իր եկամուտներից:

 

Հոդված 26-ում ներկայացված են ընդերքօգտագործման իրավունքի ժամկետները: Օրենքի նախագծի առաջին տարբերակում նշված է, որ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով 3 տարին չգերազանցող ժամկետը կարող է երկարաձգվել սույն օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված կարգի: Ըստ 41 հոդվածի` Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական  ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով: Իսկ փոփոխված տարբերակում հոդվածն այսպիսինն է. <<Կառավարության հավանությանն արժանացած` հատուկ նշանակություն ունեցող ընդերքօգտագործման ծրագրի շրջանակներում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով` կառավարության կողմից սահմանված` 20 տարին չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել կառավարության որոշմամբ>>:

 

<< <<Դաշնակցություն>> խմբակցությունը օրենքի երկրորդ ընթերմամբ ներկայացնելու ժամանակ առաջարկել է հայաստանայան համանման տարբերակի ընդունումը ներկայացնել քննարկման, որը հենց առաջին ընթերցման ժամանակ էլ ներկայացվել էր,- նշեց խմբակցության ղեկավար Ա. Սարգսյանը եւ հավելեց,- իսկ ինչ ասել է 20 տարի ժամկետով տալ տարածք ընդերքի  ուսումնասիրության համար, այն դեպքում, երբ մեկ ուրիշը, ով ավելի մեծ ֆինանսական միջոցներ, ավելի մեծ մասնագիտական խումբ ունի եւ այդ ուսումնասիրությունը կարող է կատարել 3 տարում, բնականաբար, չի կարողանալու կատարել այդ ուսումնասիրությունները, քանզի այդ տարածքները արդեն իսկ 20 տարի ժամանակահատվածով տրամադրվել է մի կազմակերպության, որը դեռ հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրելու:  Ելնելով տարածաշրջանի տնտեսական իրավիճակից, մեզ անհրաժեշտ է ճկուն քաղաքականություն վարել եւ երկրի ներքին  հարստությունը տեղին օգտագործել: Հայաստանյան համանման օրենքը վերահսկողության մեծ հնարավորություններ է տալիս:  

 

Արդյունքում ստացվում է այնպես, որ առաջին հայտ ներկայացրած մարդու համար ստեղծվելու են արտոնյալ պայմաններ, մինչդեռ <<Դաշնակցություն>> խմբակցությունը կողմնակից է ներդրումների համար ընդհանրական արտոնությունների ստեղծմանը: Բնականաբար, երբ կառավարությունը 3 տարի ժամանակով տրամադրի այդ տարածքը, 3 տարվա կրտվածքով տվյալ սուբյեկտը հաշվետվություն պետք է ներկայացնի կառավարությանը իր գործունեության վերաբերյալ, որից հետո միայն ստանա իր գործունեության ժամկետները եւս 2 տարով երկարաձգելու հնարավորություն եւ այդպես մինչեւ 9 տարի ժամանակահատվածում հնարավորություն ունենա հետազոտում կատարելու: Եւ բնականաբար այդ ընթացքում  տվյալ սուբյեկտը ամեն 2 տարին մեկ կառավարություն պետք է ներկայացնի հաշվետվություն եւ ստուգման ենթարկվի: Սակայն օրենքի նախագծի նորացված տարբերակով տվյալ սուբյեկտը կարող է 20  տարվա ժամանակահատվածով  այդ տարածքը  պահի նույն վիճակում: Մենք  տվյալ պարագայում 3 մտավախություն ունենք, նախ, որ այդ երեւույթը հանքարդյունաբերության մեջ ոչ ճկուն քաղաքականության կբերի, երկրորդ` չի բացառվում, որ օգտակար հանածոների ոչ  արդյունավետ օգտագործում լինի  եւ երրորդ, եթե այսօր ներդրողները քիչ են, սակայն չի բացառվում, որ վաղը ներդրողների թիվը կշատանա, Ղարաբաղը կճանաչվի եւ բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրողների համար, իսկ  այդ ժամանակ ինքնստինքյան փակվում է նոր ներդրողների ճանապարհը:

 

Հետեւաբար մենք առաջարկել են,  ուժի մեջ թողնել ՀՀ համանման օրենքը, որն ավելի ճկուն է համեմատած ներկայացված վերջին տարբերակի հետ եւ վերահսկողության ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Մենք չենք ուզում <<մենաշնորհներ>> տալ որոշ կազմակերպությունների: Բնականաբար, երբ հանքարդյունաբերությունը շուտ է սկսում արտադրանք տալ,    մեծանում են երկրում ներդրումները եւ ավելանում են  հարկերը, որը խթանում է երկրի տնտեսական զարգացմանը` արդյունքում շահում է երկիրը: Իսկ եթե զուտ ուսումնասիրությունների տարիները ավելի երկար են տեւում եւ,  հարկերի առումով այն շատ ցածր է,ինքնստինքյան երկիրը զրկվում է ավելի մեծ հարկեր ստանալու հնարավորությունից>>:

 

  Անի ԱԶԱՏՅԱՆ

1