Բարև´, հրամանատա´ր
14.11.2017թ. 12:14:44

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված Արցախյան պատերազմի առաջամարտիկ, Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին: Մրցույթը կազմակերպվել է Մարտունու շրջանի համայնքների ավագ դասարանների աշակերտների համար և կրում էր «Բարև, հրամանատա՛ր», «Անմահության ճամփորդ» խորահգիրը:

Մրցույթի ամփոփումը և պարգևատրումը կայացել է հոկտեմբերի 31-ին՝ Արմեն Ավագյանի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում:

«Ապառաժ»-ը ընթերցողին է ներկայացնում մրցանակային առաջին տեղը զբաղեցրած ստեղծագործական աշխատանքները:

Դարերից եկած սովորության համաձայն՝ «հայերը բարև» բառով ջերմորեն ողջունել են իրար, ինչը խորհրդանշում էր բարություն, հարգանք, համակրանք, և ես՝ տասնյոթամյա աշանցի աղջիկս, այս բառերով եմ ուզում սկսել զրույցս մի մարդու հետ, ով դեռևս լեգենդար Մոնթեի կողմից մեծարվել էր «Աշանի արծիվ» պատվանունով և դարձել Մարտունու շրջանի փառքն ու պարծանքը:

– Բարև´, հրամանատա´ր…

Անկեղծ ասած, շատ դժվար է ինձ համար քեզ հետ զրուցելը, քանի որ ես երբեք քեզ չեմ տեսել, բայց քո մասին շատ եմ լսել:

Քո նկարն է ամեն օր ինձ ողջունում դպրոցի բակում կանգնեցված հուշապատից, դպրոցի փառքի սրահից, քո անունը կրող դասարանից: Եվ չնայած ես բնավորությամբ համեստ և մի քիչ էլ ամաչկոտ աղջիկ եմ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ժամանակն է, որ մեր միջև տեղի ունենա այս զրույց- մենախոսությունը, որը ես ձոնում եմ խնկելի հիսունամյակիդ;

Ուզում եմ զրուցել քեզ հետ՝ ինչպես թոռը՝ պապի, աղջիկը՝ հոր, զինվորը՝ հրամանատարի և պարզապես՝ կրտսերը՝ ավագի հետ, որովհետև դու քո մեջ ամփոփում էիր մարդկային ամենա վեհ արժեքները՝ իմաստնություն, հոգատարություն, բարություն, անձնազոհություն: Ընդհանրապես, բոլորն էին վկայում, որ դու բազմաշնորհ և ինքնատիպ անձնավորություն էիր:

Ես համոզված եմ, որ այն օրերին, երբ դու և քո սերնդակիցներն ինձ նման ավարտական դասարանում էիք սովորում, երբևէ չեք կասկածել, որ կարող էր գալ մի պահ, երբ դաժան պատերազմն իր սև շղարշը կիջեցներ ձեր երազանքների վրա: Բայց եկավ անխուսափելին, և արցախյան պատերազմն իր հոսանքի մեջ առավ ձեզ՝ քսանամյա երիտասարդներիդ: Ինձ համար շատ է հետաքրքիր, թե որտեղի՞ց ձեզ այդքան համարձակություն, որ բոլորից գաղտնի սկսեցիք ինքնաշեն զենքեր պատրաստել, կամ ի՞նչ ապրումներով ստանձնեցիր քո իսկ ստեղծած Աշանի կամավորականների՝ շրջանում առաջինը համարվող  ջոկատի հրամանատարությունը:

Երևի միայն դու գիտեիր, թե ի՞նչը քեզ ստիպեց ինքնամոռաց նետվել պայքարի մեջ և անասելի սխրանքներ գործել հայրենի և քո հարևան գյուղերի պաշտպանական մարտերում: Շատ կարճ ժամանակ էր պետք, որպեսզի Աշանում և շրջակա բոլոր գյուղերում քո անունը դառնար հերոսություն և հայրենապաշտության խորհրդանիշ: Հոգ չէր, որ օրերով տուն չէիր գալիս և հարազատներդ քեզ հազվադեպ էին տեսնում, այն էլ՝ մի քանի րոպեով: Քեզ համար կարևորը հայրենիքի պաշտպանության և անկախության համար մղվող պայքարը ճիշտ ուղիով իր վերջնական նպատակին հասցնելն էր:

Գուցե դու զարմանաս, հրամանատա´ր, որ ես գիտեմ այս ամենի մասին, չէ՞ որ ես ծնվել եմ ձեզանից շատ տարիներ անց: Պարզապես բոլոր աշանցիների հիշողության մեջ այնքան իրական և անմոռաց են այն օրերի մասին հուշերը, որ բոլորս անգիր գիտենք ձեր կենսագրության յուրաքանչյուր տողը: Ամեն անգամ ես այնպիսի տպավորիչ պատմություններ էի լսում քո և ընկերներիդ մասին, որ ես քեզ տեսնում էի մերթ՝ զենքը գրկած դժվարանցանելի տեղերով քայլելիս, մերթ՝ քո սիրած մասնագիտությամբ զբաղված, մերթ էլ՝ պարզապես փոքրիկ դստերդ հետ խաղալիս: Ես համոզված էի, որ դուք պարզապես ինչ-որ ծանոթ գրքից եկած դյուցազուններ էիք:

Ուզում եմ մի քիչ էլ ավելի անկեղծանալ քեզ հետ, սիրելի´ հրամանատար:

Լսելով մեծերի զրույցները՝ ինձ թվում էր, թե պատերազմն այլևս երազ է դարձել և մնացել հուշերում և կինոներում, բայց դեռ ապրիլյան քառօրյակ արառջևում, և մի քանի օրվա մեջ բոլորս միանգամից մեծացանք:

Մի պահ ինձ թվաց անգամ, որ ես ուշացել եմ՝ վաղուց պիտի զենքը ձեռքիս կանգնած լինեի հորսու եղբայրներիս կողքին: Առաջին անգամ իմ կյանքում ես շոշափելիորեն զգացի պատերազմի մռայլ ներկայությունը և սարսափը, լսեցի ոչ այնքան հեռվում որոտացող արկերի շառաչը և հասկացա, որ այն օրերին դու այլ կերպ վարվել չէիր կարող և ոչ միայն դու, այլև բոլորս այդպիսի պահերին ազգովի ենք զինվորագրվում սուրբ գործին:

Չգիտեմ, հրամանատա´ր, ճի՞շտ կվարվեմ, եթե հիշեցնեմ քեզ թուրքերի կողմից գերեվարված համագյուղացիների փոխանակման հետ կապված տառապալից օրերի և այն գերբնական ջանքերի մասին, որ դուգործադրեցիր ոչ միայն նրանց, այլև փոխանակման համար պահվող ադրբեջանցիների անվտանգության համար:

Երևի ես չկարողանայի զսպել արցունքներս և հոգուս փոթորիկը, եթե այն օրերին բոլոր աշանցիների հետ կանգնած լինեի գյուղ բերող ճանապարհի եզրին և տեսնեի քեզ տառապած և միաժամանակ՝ հաղթանակած դեմքով, որովհետև հասել էիր նպատակիդ և փոխանակման վտանգավոր գործընթացը հաջողությամբ էիր ավարտել:

Երևի դու մեծահոգաբար ժպտաս, եթե ասեմ, որ շատ հաճախ եմ փորձել ինձ դնել քո մինուճար դստեր տեղը և փորձել պատկերացնել տարիներ առաջ մայիսյան այն օրը, երբ դու քո վերջին մարտին էիր գնում: Տեսնես այն ժամանակ սիրտս կզգա՞ր, որ քեզ վերջին անգամ եմ տեսնում, կամ կկարողանայի՞ իմ թոթովախոս լեզվով քեզ հետ պահել այդ արհավիրքից… Չգիտեմ…

Շատ բան եմ պատկերացնում ու շատ անգամ եմ մտովի տեղափոխվել այն օրերը, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել պատկերացնել արյունոտ այն մայրամուտը, երբ քո նահատակության բոթը գյուղ հասավ: Արդյոք, այդ պահին որտե՞ղ էր թևածում քո հոգին: Ասում են, յուրաքանչյուր նահատակ միայն մի իղձ ունի՝ այնպես լինի, որ ինքը վերջինը լինի ու իր մահով տոնվի պայքարի վերջնական հաղթանակը:

Ցավոք, հրամանատա´ր սիրելի, դու վերջինը չեղար և պատմությունը կրկնվեց: Հրեշտակների ձեր գումարտակին միացան շատերը և երևի ամեն անգամ կսկծացրին սիրտդ:

Չգիտեմ՝ դու հասցնու՞մ ես հաշվել օրերն ու տարիները, բայց շատ ժամանակ է անցել, և քո հայրենի Աշան գյուղում ապրում ու արարում են մարդիկ, խաղաղ ծուխ է ելնում նաև քո հայրական տան երդիկից, բախտիդ աժան խաղին արժանացած կինդ ու երեք որդիների մայր դուստրդ շարունակում են պատվով և համեստորեն կրել քո ազգանունը:

Եվ չնայած քո սկսած պայքարը դեռ ավարտին չի հասցվել և մեզ համար խաղաղ բացվող յուրաքանչյուր օր Աստծո պարգև է դառնում, չնայած այստեղ ապրած ամեն օր ու ժամ հերոսություն է և արարում, այնուամենայնիվ, մենք հպարտությամբ ենք քայլում մեզ բաժին հասած ճանապարհով: Եվ եթե Աստված միշտ լավագույններին է ընտրում, ապա նրանց կորուստները մեզ ավելի են ամրացնում և համոզում, որ հույսներս միայն մեզ վրա պահենք:

Ուզում եմ ամենօրյա աղոթքի պես նորից ողջունել քեզ, հրամանատա´ր, ողջունել աշխարհի «ամենահյուրընկալ» բառով, որովհետև դու ծնվել էիր միայն բարին արարելու համար, բարին վայելելու համար, խաղաղ կյանքով ապրելու համար, ընտանիքովդ երջանկանալու և տարիներ անց չարաճճի թոռներիդ մանկական հեքիաթներ պատմելու համար, բայց, հավատարիմ մնալով քո կոչմանը, բարին արարեցիր քո ժողովրդի համար: Դրա համար դու և բախտակից ընկերներդ արժանացաք սուրբ նահատակի լուսապսակին և համընդհանուր սիրո և պաշտամունքի:

Ձեզ նմանները շքեղ խոսքերի կարիք չունեն, դրա համար ուզում եմ, որ զրույցս պարզ ու հասարակ լինի, բայց միաժամանակ շատ եմ ուզում ձեզ ձոնել Գ.Նժդեհի հետևյալ խոսքերը:

«Հայրենիքն այս ազատամարտիկներին շնորհել է հպարտանքներից՝ ամենաարդարը, ցավերից՝ ամենախորը և մահերից՝ ամենասուրբը»:

Չգիտեմ՝ ստացվե՞ց արդյոք իմ զրույցը քեզ հետ, հրամանատա´ր,  կարողացա՞  համոզել, որ իզուր չի անցել ձեր պայքարը, դուք միշտ մեզ հետ եք և մենք կաշխատենք միշտ պայքարելով, արժանապատիվ ապրելով վաստակել ձեր անունը, իսկ ձեր հիշատակները նոր հաղթանակներով հավերժացնելը յուրաքանչյուրիս սրբազան գործն է:

Նահատակներին հրաժեշտ չեն տալիս. հրամանատա´ր, որովհետև նրանք ամեն օր մեզ հետ են՝ քայլում են առջևից, իրենց լուռ ներկայությամբ խրախուսում են մեր ամեն քայլը: Ուստի թույլ տուր զրույցիս վերջում հրաժեշտի փոխարեն ծաղիկներ խոնարհել քո գերեզմանին և իմ և բոլոր իմ սերնդակիցների անունից ասել.

– Շնորհակալությու´ն, հրամանատա´ր:

Աշանի միջն. դպրոցի

12-րդ դասարանի աշակերտուհի

Թերեզա  Բադալյան

***

Մահ չկա, մեռնում է փոքրոգին,

մեռածն է մեռնում:

Գարեգին Նժդեհ

Բարև՜, հրամանատա՛ր:

Ես Ձեզ վստահորեն ողջունում եմ, որովհետև հավատացած եմ, որ տեսնում ու լսում եք ինձ Ձեր եթերային բարձունքից, գիտեմ, որ դարձել եք հավերժի ճամփորդ ու Ձեր անմահությունն եք վայելում…

Հրամանատար Արմե՛ն Ավագյան, ես Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց չեմ վշտանում, որովհետև Ձեզ ավելին եմ ճանաչում՝ Ձեր վեհ գործը, Ձեր հայրենասիրությունը, Ձեր անձնազոհ վարքը…

Իմ հրամանատար, իմ հա՛յ- հայր, Դուք գրեթե հորս տարիքին եք, նա էլ զինվորական է. այժմ Դուք հոգով, իսկ նա ֆիզիկապես նույն վեհ գործի առաքյալներն եք… Իսկ ես հպարտ եմ. հպարտ եմ հրամանատարիդ կերտած եռագույնով, քո և քո նման քաջերի՝ ինձ պարգևած ազատ Արցախով, հպարտ եմ հենց Ձեր անվամբ…

Բարի՜ հրամանատար, ժամանակը ոչինչ ու ոչ մեկին չի ուրանում, այլ պահ է տալիս մարդկային հիշողությանը, իսկ պատմությունը սանձարձակ է. ոչինչ չի թաքցնում, այլ ամեն ինչ հանձնում է ժամանակի քննությանը…

Այդ երկու վերվարումներում էլ Ձեր կերպարը մնաց անհողդողդ, Դուք մնացիք բոլորիս շա՜տ սիրելի հրամանատարը:

Հերո՛ս հրամանատար, արդեն գիտեմ պատմությունը Ձեր կյանքի, գիտեմ, որ Արցախյան Գոյամարտի առաջին խիզախ ծիծեռնակներից եք… Ծիծեռնա՜կ, որքան պարզ է ասված: Դուք արծիվ եք՝ հզո՛ր, համառ, նպատակասլաց և անպայման անձնուրաց, անձնազոհ…

Հայ ժողովրդի համար պատմական այդ վճրորոշ ժամանակում Դուք երբեք չխոտորվեցիք, չընկրկեցիք, հավատարիմ մնացիք ազատամարտիկի Ձեր ուխտին ու ֆիդայաբար նահատակվեցիք…

Գաղափարի զինվո՛ր-հրամանատար, երբ ոսոխն իսկապես «իր որսը խորովել չգիտեր», Դուք գունդ էիք ստեղծում, հայրենասիրությունն էիք դարձնում պարտադիր պայման և հայրենիքի ազատությունը՝ գերագույն նպատակ…

Դուք դարձաք առաջնորդ և առաջապահ զինվոր, Դուք ռազմադաշտ նետվեցիք և Ձեզ ինքնակամ հետևեց կամավորական Ձեր ջոկատը… Ահա թե ինչպես ոգի առան ազատամարտերը, ահա թե ինչպես թշնամին բռնեց նահանջի ճանապարհը: Եվ Ձեզ նման շատերը կային… Այդ Դուք էիք, որ թշնամուն հասկացրիք, թե ովքեր են Արցախ աշխարհի իրական տերերը:  Եվ, այո՛, Դուք մենակ չէիք. փա՜ռք ամենազոր Աստծուն… Դուք այսօր էլ մենակ չէք, հրամանատար: Այսօր էլ արդիական է պատմությունից եկած իմաստնախոսությունը՝ «Քաջերի սերունդները քաջեր են»:

Այսօր էլ չի դադարում երթը արմենների: Ճակատագրերը նույնն են, անուններն են տարբեր՝ Բեկոր, Մոնթե, Արմենակ, Յուրի, Ռոբերտ Աբաջյան…

Ես պաշտում եմ ազգի իմ այս տեսակը, ես հպարտ եմ, որ հայ եմ, Ձեր դուստրն եմ…

Հրամանատա՛ր, գիտեմ, որ պայծառ հայացքով եք նայում եռագույնով բացվող մեր ամեն մի առավոտին, գիտեմ, որ խոր ցավ եք ապրում ամեն մի հայ զինվորի կորստի համար, գիտեմ, որ փափագում եք անխախտ պահել Ձեր կերտած անկախությունը…

Բայց, հրամանատա՛ր, չեմ կեղծի, պիտի ասեմ Ձեզ, որ հերոսացման ասպարեզը դեռ բաց է, որ հայրենիքի փրկության համար ոչ մի զինվոր մահի առաջ չի խոնարհվում…

Չգիտեմ հպարտանա՞մ, թե՞…

Ողջո՜ւյն, հրամանատար, ցտեսության ժամանակը չէ. բարևելու առիթներ կա՜ն…

Քո օջախում նոր Արմեն է հասակ առնում, և՛ Նժդեհ, և՛ Նարեկ… Երակներով նրանց Ձեր արյունն է հոսում, զինվորներ են մեծանում, հայրենյաց պաշտպաններ:

Հրամանատար, Ձեզ հրաժեշտ չեմ տալիս, ուղղակի զրույցս ավարտում եմ դարձյալ Նժդեհի այս հզոր մտքերով, որն այս պահին այքա՜ն համահունչ եմ տեսնում Ձեր կերպարին. «Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը. պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետևորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կողքին»:

Մարտունու շրջանի Կաղարծու միջնակարգ դպրոցի

11 -րդ դասարանի աշակերտուհի

Էլեն Մովսիսյան