Բարեկարգման աշխատանքներ են սկսվել Բեկորի անունը կրող զբոսայգում
21.04.2017թ. 16:45:38

Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվերով բարեկարգման աշխատանքներ են սկսվել Արցախի հերոս` Աշոտ Ղուլյանի /Բեկոր/ անունը կրող զբոսայգում:

Զբոսայգին, որ կառուցվել էր խորհրդային տարիներին` Ստեփանակերտի  նախկին պոլիկլինիկայի հարևանությամբ, հետպատերազմյան առաջին տարիներին անվանակոչվել է Բեկոր Աշոտի անունով: Այգու կենտրոնում տեղադրվել է հերոսի հուշարձանը: Անցած տարիների ընթացքում այստեղ սանմաքրման ու կանաչապատման աշխատանքներից բացի բարեկարգում  չի իրականացվել:

Չէր աշխատում տարածքի լուսավորությունը, բարեկարգման անհրաժեշտություն ունեին աստիճաններն ու սիզամարգերը, իսկ հարակից ծառուղին` խնամքի և ուշադրության կարիք ուներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվերով զբոսայգու բարեկարգման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Առաջին փուլում նախատեսվում է կատարել այգու ներքին հատվածի  /Ա.Մկրտչյան փողոցի ուղղությամբ/ հողային հարթեցում, սիզամարգերի կառուցում և կանաչապատում,  լուսարձակների վերանորոգում և վերականգնում:

Տարածքում ԱՇԿ-1 ԲԲԸ կազմակերպությունն է աշխատում:

,,Նարինե և Գեղանի,, ընկերությունն արդեն նախագծել է Բեկոր Աշոտի անվան պուրակի նախագիծը: Ծրագրով նախատեսվում է առաջիկայում ամբողջությամբ վերանորոգել զբոսայգին:

Աշխատանքների ավարտից  հետո, այգին այսպիսի տեսք է ստանալու:

0531