Բալայանն ու Աղաբեկյանը արձագանքել են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բալայանն ու Աղաբեկյանը արձագանքել են

Բալայանն ու Աղաբեկյանը արձագանքել են

Վալերի Բալայանն ու Արթուր Աղաբեկյանն անդրադարձել են orer.am կայքում հրապարակված «Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքների հետ կապված նոր պայթյուն է սպասվում» հոդվածին:

Ըստ orer.am լրատվականի՝ ԼՂՀ գերագույն խորհրդի պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վալերի Բալայանը կապվել է իրենց հետ եւ տեղեկացրել, որ ատրճանակը թաքցնելու հարց չի եղել և չէր էլ կարող լինել, քանի որ Արթուր Մկրտչյանն իր ամենամտերիմ անձանցից մեկն էր, իսկ դեպքից հետո Մկրտչյանի կինն առաջինը իրեն է զանգահարել և հայտնել դեպքի մասին:

«Նման բան ընդհանրապես չի եղել: Մենք Արթուր Մկրտչյանի հետ աշխատել ենք, շատ մտերիմ ենք եղել: Այդ դեպքից հետո առաջինը ես եմ իրենց տուն մտել, և ահնհար էր նման բան անել: Ես ինչո՞ւ պետք է ատրճանակը կամ ինչ-որ բան թաքցնելու ցանկություն ունենայի: Ես այս մասին խոսել եմ նաև Սամվել Բաբայանի հետ:

Գեներալ Բաբայանն ասաց, որ ինքը նման բան չի ասել և չէր էլ կարող ասել: Դա թյուրիմացություն է: Ինքնասպանությունից հետո հետախուզական խումբն անմիջապես առգրավել է ատրճանակը: Բացի այդ, ես ատրճանակը թաքցնելու ի՞նչ պատճառ պետք է ունենայի, հասկանալի չէ ինձ համար»,- ասաց Վ. Բալայանը:

Իսկ ԱՀ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանն իր ֆեսբուքյան էջում կատարել է հետեւյալ գրառումը.

«Երեկ orer.am լրատվական կայքում կարդացի ինձ երբեւէ հանդիպած ամենաինտրիգային հոդվածը՝ ոմն Անդրանիկ Հարությունյանի հեղինակությամբ:
Չգիտեմ հոդվածի հեղինակը ֆիզիկապես գոյություն ունի թե չէ, ոտք, գլուխ, միս , արյուն կա՞, թե չկա՞: Սակայն հոդվածի պատվիրված լինելը գոնե ինձ համար պարզ է: Պարզ է, որ պատվիրատուն նպատակ ունի Սամվել Բաբայանի դեմ պայքար ծավալելու, չխնայելով ոչինչ եւ ոչ մի սրբություն:

Արթուր Մկրտչյանի հիշատակն օգտագործելն այդ պայքարում միայն խոսում է պայքարողի ֆեյք եւ ոչնչություն լինելու մասին: Իսկ գործիքները (հոդվածի հեղինակները) շուտվանից օգտագործված են եւ կրկնակի օգտագործելը միայն խելքի խիստ աղքատության արդյունք է:

Իսկ հիմա Սամվել Բաբայանի հայտարարածների եւ չհայտարարածների մասին: Իրականում Սամվել Բաբայանը շատ բան գիտի, շատ բաներ էլ չգիտի: Կարծում եմ, ինֆորմացիայի տիրապետման առավելությունների մրցակցությունը որպես սրտեր շահելու միջոց, լավ տեղ չի տանելու:

Արթուր Մկրտչյանի ինքնասպանության մասին ես խոսել եմ դեռեւս 1992 թ. (առկա է ձայնագրություն): Իմ ֆեյսբուքյան էջում առիթ եմ ունեցել ասելու, որ մի օր կխոսեմ ճշմարտության մասին:

Ուզում եմ խնդրել պատվիրատուներին եւ զգուշացնել օգտագործվողներին, որ հեռու մնան Արթուր Մկրտչյանի հիշատակը շահարկելուց:
Արթուրը եղել եւ մնալու է հայ իրականության մեջ ամենաբարոյական եւ ամենաբյուրեղյա ղեկավարը: Անգամ չփորձեք նմանվել նրան, չի ստացվելու»:

1