Արևմտյան  ժողովրդավարություն. իրակա՞ն, թե՞ երևութական արժեք
20.11.2017թ. 10:46:46

Եվ իրոք, արևմտյան ժողովրդավարություն հասկացությունը, որի մասին գրեթե անընդհատ տարփողվում է արևմտյան, այդ թվում՝ եվրոպական տարբեր հարթակներից, արդյո՞ք ներքուստ իրական միջուկ ունի, թե՞ միայն և կամ առավելապես սոսկ արտաքին փայլով է աչքի ընկնում։ Արդյո՞ք, որպես հանրային կառավարման և միջազգային կյանքի կարգավորման արդի քաղաքակրթական արժեք, ինչպիսին եվրոպական մայրաքաղաքներից հետևողականորեն ներկայացվում ու պարտադրվում է մնացյալ աշխարհին, այն միանշանակ է իր ընկալումներում և, մանավանդ, դրսևորումներում։ Մի՞թե իրատեսական է Ուինստոն Չերչիլի հայտարարությունն առ այն, թե՝ «Ժողովրդավարությունը միգուցե կառավարման լավագույն ձևը չէ, սակայն մարդկությունն ավելի լավը դեռ չի մտածել»։

Խնդիրը, որքան էլ թվում է՝ արտաքուստ գրավիչ և, իբրև այդպիսին, ընդօրինակման արժանի, առավել ևս, որ ամրագրված է միջազգային հիմնարար օրենքներում ու ենթակա ամենուրեք իրականացման, այնուամենայնիվ, ցավոք, հետզհետե ավելի ու ավելի մտահոգիչ ազդակների տեղիք է տալիս նորագույն պատմության վերջին մի քանի տասնամյակում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։  Ընդ որում, տարօրինակն այն է, որ այդ ազդակներն առանձնապես բարձր ու ցավագին են հնչում ժողովրդավարության բնօրրան հռչակված Եվրոպայում, որտեղ նրա իսկ մատուցմամբ առաջարկվող այդ՝ թվում է թե համամարդկային նշանակության արժեքի ոտնահարման փաստերը շարունակաբար խոր հիասթափության տեղիք են տալիս, եթե ոչ՝ ավելին։

Օրինակներ՝ ինչքան ուզեք։ Բայց կանգ առնենք ամենավերջին, անհամեմատ թարմ օրինակի վրա։ Խոսքս Կատալոնիայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց նկատմամբ արևմտյան ժողովրդավարության վերաբերմունքի մասին է։

Նախ, որպես տեղեկանք. Կատալոնիան ինքնավար մարզ է Իսպանիայի Թագավորության հյուսիսարևելյան մասում՝ Բարսելոն մայրաքաղաքով։ Ենթադրվում է, որ երկրամասի անվանումն առաջացել է գոթերի և ալանների ցեղանուններից՝ Գոթլանդիա, որը, հետագայում ձևափոխվելով, դարձել  է Կատալոնիա։ Մարզի տարածքը կազմում է ավելի քան 32 հազար քառակուսի կիլոմետր։ Մի քանի դար է, ինչ շարունակվում է կատալոնացիների պայքարն Իսպանիայի կազմից դուրս գալու համար։ 1714թ. սեպտեմբերի 11-ին, որը նշվում է որպես Կատալոնիայի ազգային օր, երկրամասը կորցրել է իր անկախությունը։ Այն ինքնավարություն է ստացել միայն 1979-ին՝ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից հետո: Սակայն ինքնավարությունը չի գոհացրել կատալոնացիներին։ Իսպանիայից անջատմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Կատալոնիայի ինքնավար մարզը, որտեղ ապրում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը, տալիս է երկրի համախառն ազգային արդյունքի 25 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Կատալոնիան 16 միլիարդ եվրո ավելի շատ է վճարում պետական բյուջե, քան ստանում է։ Դրա հետ մեկտեղ՝ Կատալոնիայի ազգային պարտքը գերազանցում է 51 միլիարդ եվրոն։ «Մադրիդը մեզ կողոպտում է» կարգախոսը դարձել է ազատագրական շարժման կարգախոսներից մեկը։

Եվ ահա, հիմք ընդունելով ազգային ինքնորոշման իր իրավունքը, կատալոնական ժողովուրդը հերթական անգամ փորձում է անկախության հասնել և հռչակել իր ինքնիշխան հանրապետությունը։ Հերթական անգամ, քանզի անկախության հանրաքվեն պետք է տեղի ունենար 2014թ., սակայն այն արգելափակվել էր Իսպանիայի իշխանությունների կողմից։ Ուստի, հանրաքվեի փոխարեն իրականացվեց անկախության վերաբերյալ մարզի բնակչության կարծիքի հարցում, ինչը որևէ իրավաբանական ուժ չի ունեցել։ Հանրաքվեի ևս մեկ փորձի ձախողումը կնշանակեր կատալոնացիների անկախության հետաձգում՝ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում։

Նախապատրաստվելով նոր հանրաքվեի, մարզային խորհրդարանը դեռևս անցած սեպտեմբերի 7-ին ընդունել էր օրենք, որը կարգավորում է տարածաշրջանի հասարակական-քաղաքական կյանքը և նախատեսված էր կիրառել անկախության հանրաքվեից մինչև անկախ Կատալոնիայի սահմանադրության ընդունումն ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, ինչպես երեք տարի առաջ էր, այս անգամ ևս Կատալոնիայի անկախացման ողջ ընթացակարգն իրականացվում էր միանգամայն խաղաղ, օրենսդրական ճանապարհով՝ Իսպանիայում գործող, նաև միջազգային իրավական նորմերին համապատասխան։

Եվ, ի վերջո, որպես առաջին քայլ, հոկտեմբերի 1-ին ինքնիշխանության ձգտող մարզում անցկացվեց հանրաքվե։ Կենտրոնական իշխանությունները բոլոր միջոցները ձեռնարկում էին, այդ թվում՝ գործադրելով երկրի այլ մարզերից այդտեղ տեղափոխված անվտանգության ուժերի ստորաբաժանումները, արգելակելու ու խափանելու համար քվեարկության ընթացքը։ Ու, չնայած այդ ամենին, անգամ այն հանգամանքին, որ բնակչության մի զգալի հատված չմասնակցեց համաժողովրդական քվեարկությանը, այնուամենայնիվ, անկախության հանրաքվեն կայացավ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը՝ ավելի քան 90 տոկոսը, կողմ քվեարկեց անկախությանը։ Որպես երկրորդ օրինական քայլ՝ ինքնավարության խորհրդարանը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հոկտեմբերի 27-ին ընդունեց բանաձև Իսպանիայից անջատվելու և անկախություն հռչակելու մասին:

Գնդակը, ինչպես ասում են, նետված էր մրցակցի դաշտ։ Եվ կենտրոնական իշխանությունները չհապաղեցին դիմել հերթական հակաքայլերի՝ օգտագործելով ինչպես օրենսդրական, վարչական ու ֆինանսատնտեսական լծակները, նույնպես և եվրոպական գրեթե բոլոր կառույցների ու պետությունների առաջնորդների հայտարարությունները՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին։ Ի միջի այլոց նշենք, որ բացասական արձագանքների այդ հորձանուտում արձանագրվել է կատալոնցիների անկախության ձգտումներին համահունչ ընդամենը երկու ձայն՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը և Կորսիկայի խորհրդարանի նախագահ Ժան-Գի Թալամոնի թվիթթերյան գրառումը։

Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ ասպարեզ հանվեց սահմանադրության 155-րդ հոդվածը, որի դրույթների համաձայն՝  բոլոր այն դեպքերում, երբ ինքնավար մարզերը «չեն կատարում իրենց սահմանադրական պարտավորությունները», ինչն «էապես խարխլում է Իսպանիայի շահերը», կառավարությունն իրավունք ունի երկրի Սենատից ստանալ թույլտվություն՝ բոլոր 17 ինքնավար մարզերի օրենսդիր իշխանության մարմինների կողմից ընդունված ազգային օրենսդրությունների նկատմամբ վեթո կիրառելու, ընդհուպ՝ մինչև տարածքային կառավարություններն ու խորհրդարանները ցրելու, ավելին՝ ինքնավարության կարգավիճակից այս կամ այն մարզին զրկելու և այնտեղ ուղիղ կենտրոնական կառավարում մտցնելու իրավունք։ Ուստի և, հիմք ընդունելով սահմանադրական այդ նորմը, Իսպանիայի Սենատը հաջորդ  օրը՝ հոկտեմբերի 28-ին, համապատասխան որոշմամբ թույլատրեց, իսկ կենտրոնական կառավարությունը ցրեց կատալոնական խորհրդարանն ու կառավարությունը և  ուղղակի կառավարում մտցրեց ինքնավար մարզում։ Միևնույն ժամանակ, իսպանական դատական մարմինները քրեական գործեր հարուցեցին Կատալոնիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարների նկատմամբ՝ մեղադրելով ապստամբության, խռովության և յուրացումների մեջ։ Մարզի օրենսդիր մարմինն ստիպված եղավ ճանաչել խորհրդարանը ցրելու մասին կենտրոնական կառավարության որոշումը և աշխատանքները դադարեցրեց մինչև Մադրիդի կողմից դեկտեմբերի 21-ին նշանակված վաղաժամկետ ընտրությունները։ (Ի դեպ, եթե հետադարձ հայացքով դիտարկենք, ապա դժվար չէ նկատել, որ կատալոնական իրադարձությունների այդ զարգացումն ինչ որ չափով զուգահեռվում է հակազդեցության այն դրսևորումների հետ, որոնք Մոսկվան և Բաքուն իրականացնում էին՝ հակազդելով արցախահայության ազգայինազատագրական պայքարին. խորհրդային ՆԳ ներքին զորքերի տեղակայում մարզի տարածքումԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նիստի ուժային խոչընդոտում, մարզխորհրդի լիազորությունների դադարեցում, Շարժման ղեկավարների և գործիչների քրեական հետապնդում, մարզում ուղիղ կառավարման ձևի կիրառում Մոսկվայից և ապա՝ Բաքվից, ԼՂԻՄ կամայական լուծարում և այլն)։

Եվ այսպես, թագավորական Իսպանիան և նրա հետ մեկտեղ՝ այսպես կոչված, «ժողովրդավարության դրոշակակիր» եվրոպական երկրներն ու կառույցները միանշանակ  ու միաձայն մերժեցին սեփական ճակատագիրն ինքնուրույն կերպով տնօրինելու, իր ապագան ինքնիշխան կառուցելու ևս մեկ ժողովրդի կամարտահայտությունը, ժողովուրդ, որ բուն եվրոպացի է իր ազգային-պատմական հայրենիքով և, ի տարբերություն մեզ՝ հայերիս, բնակվում  է կարծես թե քաղաքակիրթ ժողովուրդների ու նրանց ժողովրդավար պետությունների բարենպաստ միջավայրում։ Անշուշտ, Իսպանիայի Թագավորությունը, անկախ որդեգրած կոշտ դիրքորոշումից, այնուամենայնիվ, արժեքային համակարգով անհամեմատելի է հետամնաց, բռնատիրական Ադրբեջանից: Այս համատեքստում, ինչ խոսք, չէի ուզենա դույզն իսկ թերագնահատել կատալոնացիների կամքը, բայց անհնար է չտեսնել հոգեվիճակների համեմատության բոլոր մեծ ու փոքր եզրերն ու տարբերությունները մեր և նրանց միջև։ Այո, մենք դիմացանք բոլոր դաժան փորձություններին՝ սպառնալիքներից մինչև քարկոծումներ, բռնատեղահանումներից մինչև զանգվածային կոտորածներ, կառավարման մարզային ու շրջանային մարմինների լուծարումից մինչև տնտեսական շրջափակում, մինչև մեր դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմ։ Ինչպես եվրոպական երկրների և եվրոպական կառույցների առաջնորդներն են ներկայումս դատափետում կատալոնական ժողովրդի անկախության հանրաքվեն ու  նրա արդյունքները, Կատալոնիայի մարզային խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը, նույն կերպ  Մոսկվան և նրա հետ մեկտեղ խորհրդային կայսրապետության գրեթե բոլոր միութենական հանրապետությունների մայրաքաղաքները միաձայն ու միանշանակ խարազանում էին արցախահայության համաժողովրդական շարժումն իր խաղաղ, օրենսդրական դրսևորումներով, 1988-ի փետրվարի 20-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի ընդունած որոշումները, ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը, Անկախության հանրաքվեն, 1-ին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները։ Էլ չեմ ասում, որ ինչպես Կատալոնիայի պարագայում է, ժողովրդավարության ասպետի քղամիդ հագած Արևմուտքը, այլևս բավարարված լինելով իր հետապնդած գերխնդրի իրականացմամբ, այն է՝ Ռոնալդ Ռեյգանի բնորոշմամբ՝ «չարի կայսրություն» ԽՍՀՄ փլուզմամբ և, ըստ երևույթին, այդքանով իսկ սպառելով իր իսկ հռչակած արժեհամակարգի տեսական զինանոցը, մեկեն երես թեքեց ազատության հասնելու արցախահայության նվիրական մղումներից՝ աչք փակելով Ադրբեջանի գազանաբարո կամայականությունների հանդեպ։ Արցախահայությունը մնաց միայնակ՝ իր թիկունքում ընդամենն ունենալով ավերիչ երկրաշարժից քայքայված, ինքն իսկ օգնության կարոտ Մայր Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը։ Ու տոկաց։ Տոկաց ու հաղթեց։ Հաստատակամորեն դրեց իր անկախության հիմքերը և ահա ավելի քան քառորդ դար է, ինչ այդ հիմքերի վրա քար առ քար իրար ագուցելով, հետևողականորեն իր ինքնիշխան պարտականությունն է կառուցում։ Ի հեճուկս մեր ժողովրդի բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր չարակամների։ Ինչու՞ չէ՝ ի զարմանս մեր թվացյալ եվրոպական բարեկամների, որոնք այսօր էլ, ճամարտակելով ժողովրդավարության արժեքների, այդ թվում՝ ազգերի ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, մեկմեկու բերանից խոսք թռցնելով՝ միջազգային ամենատարբեր հարթակներից ողջունում ու պաշտպանում են ազգային փոքրամասնությունների դժոխային բանտի վերածված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ի տարբերություն մեզ, կատալոնացիների բախտը մի բանում հաստատ բերել է. նրանք երջանիկ պատահականությամբ հազարավոր մղոններով հեռու են գտնվում Ադրբեջան հորջորջվող պետության սահմաններից և, հուսանք, վաղ թե ուշ ընդհանուր հայտարարի կգան անհամեմատ քաղաքակիրթ իսպանացիների հետ՝ լինի դա մեկ ընդհանուր տանիքի, թե առանձին ազգային տանիքների ներքո։ Դատելով ժողովուրդների ինքնորոշման հիմքով Արևմտյան Եվրոպայում սկիզբ առած ներկա և հետագա տեսանելի զարգացումների տրամաբանությամբ՝ երևի թե համակեցության երկրորդ տարբերակով։

Միքայել Հաջյան