Արցախ այցելելու համար մենք ներողություն չենք խնդրել Ադրբեջանից. թուրք մտավորականները մերժել են Չավուշօղլուի խնդրանքը
08.12.2017թ. 11:47:57
Վերջերս Արցախ այցելած և այդ պատճառով թուրքական պետությունների կողմից սուր քննադատությունների արժանացած թուրք մտավորական Սայիթ Չեթինօղլուն, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն համատեղ հայտարարություն են տարածել՝ կտրականապես հերքելով այն տեղեկությունները, թե իբր Արցախ այցելելու համար իրենք ներողություն են խնդրել:

Նշենք, որ Արցախ այցելության համար Ադրբեջանը նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցել:

Ըստ «Ակօս»-ի՝ թուրք գործիչների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Ադրբեջանի կողմից սկսված հետաքննության շրջանակում իրենք պատասխանել են արդարադատության նախարարության հարցումներին: «Դրանով ամեն ինչ ավարտվել է: Մեր նկատմամբ քրեական գործ չեն հարուցել, և մեզ չեն հարցաքննել Արցախ այցելության համար»,- հայտնել են Թուրքիայի քաղաքացիները:

Մտավորականները նաև նշել են, որ նամակ են հղել Ադրբեջանի ղեկավարությանը, որում բացատրել են այցի պատճառները: «Մենք նամակում ներողություն չենք խնդրել երկրի ղեկավարությունից: Մենք ընդամենը հայտնել ենք, որ հաճախ ենք այցելում հակամարտությունների գոտիներ՝ դեպքի վայրում իրավիճակին ծանոթանալու համար: Մենք չենք օգտագործել «ափսոսանք», «կներեք» կամ նմանատիպ այլ բառեր: Մեզ այդ մասին խնդրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, բայց մենք հրաժարվել ենք»,- ասել են նրանք հայտարարությունում: