Արցախում մեկնարկել են ՀՅԴ ճամբարները
12.07.2017թ. 11:36:26

Վերջին տարիներին Արցախի պատանիների ամառային հանգստի հաճելի ու անբաժանելի մասն են դարձել ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների երիտասարդական միությունների կողմից Արցախի տարբեր շրջաններում կազմակերպվող բակային ճամբարները: Բացառություն չէ նաև այս տարին: Հուլիսի 10-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անունը կրող դպրոցում մեկնարկել է 10-16 տարեկան պատանիների համար նախատեսված ճամբարը, որը նախաձեռնել է ՀՅԴ Արևմտյան շրջանի երիտասարդական միությունը: Ճամբարի ընդհանուր պատասխանատու Վահե Լեփեջյանն արդեն մի քանի  անգամ մասնակցել է Արցախում կազմակերպվող ճամբարներին, իսկ խմբի մնացած անդամներն շատ են եղել Հայաստանում և Արցախում, իսկ ճամբարների ծրագրով առաջին անգամ են  այստեղ:

Ըստ Վահե Լեփեջյանի ճամբարի կազմակերպումն ունի մի քանի նպատակներ: «Առաջին հերթին Սփյուռքում ապրող հայերի համար շատ լավ առիթ է, որպեսզի գալով այստեղ իրենց աչքով տեսնեն տարիների ընթացքում գրքերից հայրենիքի մասին սովորածները: Միաժամանակ այստեղի հայությունը պետք է իմանա, որ դրսի հայերը իրենց չեն մոռացել, միշտ մտածում են իրենց մասին և հնարավորը կանեն օգնելու համար: Նպատակներից մեկն էլ մարդկանց տեղեկացնելն է, որ Դաշնակցությունն իր ուժերը տրամադրում է հայ ժողովրդին օգնելու համար»,- նշել է նա:

Ընդհանրապես ամեն ճամբար երկու շաբաթ է տևում՝ 10 օրվա ճամբարային և 4 օրվա հանգստի ծրագրով: Այդ ընթացքում նախատեսվում են հայոց պատմության, Դաշնակցության պատմության, հայրենասիրական երգերի ուսուցում, սպորտային խաղերի, մրցումների կազմակերպում: Նպատակն է բարելավել մարմնական և մտավոր ունակությունները, ամրապնդել հայրենիքի հետ կապը:

Ստեփանակերտի ճամբարի պատասխանատուն այս տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի արդյունքն այսօր տեսնում է .«Այսօր ծանոթացա մի պատանու հետ, ով 7 տարի մեր կազմակերպած ճամբարներին մասնակցել է և բոլոր վարիչներին, պատասխատուներին հիշում է: Եվ այսօր եկել է իր գիտելիքները մյուսներին փոխանցելու: Հույս ունեմ, որ կամաց-կամաց ժողովուրդն ավելի կմոտենա Դաշնակցությանը, կմիանան մեզ և մեզ հետ կօգնեն մնացածներին»:

«Մեզ համար մեծ բավականություն է հայրենի հողի վրա լինելը, այստեղ ավելի ուժեղ ենք զգում մեզ,- ասում է Վահեն ու ավելացնում, որ ամեն անգամ նորից է սիրահարվում այս հողին, այստեղ է տեսնում մեր ժողովրդի հզությունը: Այստեղ առաջին անգամ եկածները հոյակապ տպավորություն ունեն, որովհետև հակասական բաներ են լսել Արցախի մասին և բոլորը հաճելիորեն զարմացած էին՝ տեսնելով զարգացող քաղաքն ու մարդկանց բարի վերաբերմունքը:

Հուլիս ամսվա ընթացքում կմեկնարկեն բակային ճամբարներ նաև Շուշի և Մարտունի քաղաքներում՝ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության և Լիբանանի Զավարյան Ուսանողական միության նախաձեռնությամբ: