Արցախում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը
04.10.2017թ. 16:14:28

Հայ երգարվեստի պահպանմանն ու տարածմանն ուղղված կարևոր ամենամյա միջոցառումներից է «Գութան» փառատոնը: 2014 թվականից մինչ օրս փառատոնի կազմակերպիչներն ամեն հնարավորն արել են, որպեսզի հայկական մշակույթը հասանելի լինի հայության բոլոր շերտերին:

Փառատոնն արդեն 2-րդ տարին է հյուրընկալվում Արցախում: Չնայած անպարենպաստ եղանակային պայմաններին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը միավորել է ազգային երգուպարի սիրահարներին:

«Մասնակից ազգագրական երգի-պարի 19 խմբերը ներկայացնում են ամբողջական Հայաստանի որևէ տարածք իր մշակույթով»,- նշել է փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը և ավելացրել, որ Արցախում փառատոնի անցկացումը նպատակ ունի ամրապնդել մշակութային կապերը:

Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը կաևորել է փառատոնի անցկացումն Արցախում: «Հակառակ ուժեղ անձևրին, մարդիկ դեռ հավաքվում են, դա ապացույցն է նրան, որ ազգագրական երգը, պարը մեծ պահանջարկ ունեն Արցախում»,- հավելել է Սերգեյ Շահվերդյանը:

«Արցախում ելույթ ունենալը բոլորիս համար շատ պատասխանատու է: Ոչ միայն Արցախը նման միջոցառման կարիք ունի, այլև մենք Արցախի կարիքը ունենք, որովհետև Արցախը հայ ոգու հաղթանակի խորհրդանիշն է»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է «Նուբար» ազգագրական համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը: Նա կարևորել է ազգագրական խմբերի միասին հանդես գալը, որը ևս մեկ անգամ խորհրդանշում է մեր միասնականությունը: «Արդեն երկրորդ տարի է, որ գալիս ենք Արցախ ու ավելի ուժեղացած վերադառնում»,- շեշտել է Լուսինե Նազարյանը:

Հադրութի շրջանի Տողի արվեստի դպրոցի տնօրեն, լրագրող Սուսաննա Բալայանը նշել է, որ նման փառատոնները շատ կարևոր են և հույս է հայտնել, որ այն կկազմակերպվի ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջաններում:

Փառատոնն իրականացվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ: