Արցախում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը
12.07.2017թ. 17:50:41

Հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը:

ԱԺ փոքր դահլիճում ՀՀ և ԱՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների ղեկավարներին ողջունել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է հայաստանյան գործընկերներին՝ մշտական հանձնաժողովների ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցույթամբ և ընդգծել երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ նախորդ գումարման Ազգային ժողովի դերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ նշաձողն արդեն իսկ պահպանվում է նորընտիր խորհրդարանի կողմից:

Այնուհետև, ՀՀ Աժ մշտական հանձնաժողովների ղեկավարները հանդիպել են Արցախի խորհրդարանի համանուն հանձնաժողովների ղեկավարների ու անդամների հետ և քննարկել հետագա փոխգործակցության ուղիները, երկու խորհրդարաններում շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախաձեռնությունները և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Օրվա երկրորդ կեսին ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին և ներքին քաղաքականության մարտահրավերներին դիմակայելու համատեքստում քաղաքական ուժերի համագործակցության հարցերի շուրջ:

Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանական պավիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին:

Նախատեսվում է նաև հանդիպում Արցախի Հանրապետության նախագահի հետ: