Արցախում են Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամները
30.09.2017թ. 12:27:40

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան և  սեպտեմբերի 30-ին այցելել Արցախի Հանրապետություն:

«Ընկերվարական երիտասարդների միջազգային միության շրջանակներում կազմակերպել ենք այս ճանաչողական այցը: Այն իրագործելու համար մի տարուց ավելի աշխատանք ենք տարել և այսօր Արցախում ներկա են 18 երկրների 25 ներկայացուցիչներ: Նպատակը հակամարտությանը մոտիկից ծանոթանալն է, առարկայական պատկերացում ձեռք բերելը»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը և ընդծել, որ Արցախ ժամանած երիտասարդները ակտիվորեն ներգրավված են քաղաքական գործունեության մեջ և նրանք հետագայում դառնալու են իրենց կուսակցությունների կամ երկրների պատասխանատու ղեկավարները: Պատվիրակներ կան Եվրոպայից (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Պոտուգալիա, Ավստրիա, Հոլանդիա, Ալբանիա, Իտալիա, Բելառուս, Բուլղարիա, Մոլդովա, Կիպտոս, Ուկրաինա),Մերձավոր Արևելքից (Լիբանան, Իսրայել, Պաղեստին), ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից:

Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամները սեպտեմբերի 29-ին հանդիպում են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի, ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Արցախում նախատեսվում են պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների հետ, Արցախում գործող միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ, նաև այցելություն պատմամշակութային վայրեր: