Արցախում բացվել է «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում բացվել է «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարը

Արցախում բացվել է «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարը

Հուլիսի 14-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի զորամասում տեղի է ունեցել «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ «Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ ՊՆ աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք:

 

Ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ Կրթության, գիտության եւ սպորտի ու Պաշտպանության նախարարությունների համատեղ ուժերով: «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարին մասնակցում են Ստեփանակերտի դպրոցի աշակերտներ, ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներ և Լիբանանից ժամանած ՀՅ Դաշնակցության պատանեկան միության 16 պատանիներ: ԼՂՀ Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ողջունելով միջոցառման ներկաներին, նշել է, որ «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարն այն ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս տղաներին ֆիզիկական, ռազմամարզական գիտելիքների ձեռքբերում:

 

ԼՂՀ ԱԺ կրթության,գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ , ՀՅԴ պատգամավոր Արմեն Սարգսյանը, դիմելով ասպետականներին, նշել է. << <<Ասպետ>> ճամբարում ապրած հիշողություններն ապագա կերտելու հիշողություններ են: Այսօր դուք անկախ Հայաստանի մասնիկ եք և պետք է ամբողջ ձեր ներուժը ծառայեցնեք հայրենիքին>>:

 

Ս.Ասրյանը կարևորել է նաև Սփյուռք-Արցախ-Հայաստան կապի հաստատումը: ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան Էրիկ Նիկողոսյանը մեծ սիրով է մասնակցում ճամբարին եւ նշում է, որ 4-րդ տարին է ինչ կրթահամալիրի սաները մասնակցում են «Ասպետ» ճամբարին՝ հնարավորություն ունենալով մարզվելու, կրթվելու և հմտություններ ձեռք բերելու զորամասային պայմաններում, նաև ներսից ճանաչելու Արցախը: Լիբանանից ժամանած ասպետական Նարեկ Տերտերյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ. «Տպավորված եմ Արցախով ու այստեղի բնությամբ, այստեղ զգում ես հողի մոգական ուժը: Ես միշտ պատրաստ եմ ծառայել Արցախին»,-ասում է նա: «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարը 6-րդ տարին է, ինչ կազմակերպվում է: Ճամբարը տեղի է ունենում 3 հերթափոխով և տևում՝ 10 օր:

 

Այն նախատեսված է 11-րդ դասարանի աշակերտների համար: Մասնակիցները հնարավորության են ունենում այցելել նաև պատմամշակութային վայրեր: Ճամբարում կազմակերպվում են տարաբնույթ մրցույթներ և մրցանակային տեղեր զբաղեցրած պատանիները պարգևատրվելու են պատվոգրերով և նվերներով: Առաջին հերթափոխի հանդիսավոր փակումը տեղի կունենա հուլիսի 18-ին: Ճամբարի հանդիսավոր բացման միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով:

 

 

 

 

 
1