Արցախում Արմեն Սարգսյանի առջև պահանջներ կներկայացնեն
22.01.2018թ. 11:06:53

Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպես եւ սպասելի էր` թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայնությունը հայտնել՝ մտածելու ժամանակ խնդրելով: Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաեւ հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը եւ, իհարկե, հանդիպել սփյուռքահայությանը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին եւ դրանից հետո իմ որոշումը կայացնել», – նշել է նա: Երեկ արդեն իսկ լայն շրջանակները քննարկում էին Արմեն Սարգսյանի հարցը: Եվ քանի որ վերջինս պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաեւ Արցախի ղեկավարության հետ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջիններից պարզել նրանց վերաբերմունքն Արմեն Սարգսյանի հանդեպ: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

– Պարո՛ն Բալայան, հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ձեզ համար որքանո՞վ է ընդունելի Արմեն Սարգսյանը:

– Նորմալ: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի: Ինչ խնդիր կա: ՀՀ-ում կատարվող թե՛ կադրային քաղաքականությունը, թե փոփոխությունները եթե ընդունելի են ՀՀ-ի քաղաքական ուժի, հանրության կողմից, մենք որեւէ խնդիր չունենք:

– Կվստահե՞ք ղարաբաղյան հակամարտության հետ կապված ցանկացած հարց քննարկել նրա հետ:

– Ինչո՞ւ ոչ: Համենայնդեպս, Արմեն Սարգսյանը մեր հանրությանն անծանոթ անձնավորություն չէ: Երկար ժամանակ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայում, եւ կարծում եմ, որ խնդիր չի լինի:

– Ըստ նոր Սահմանադրության` հենց նա է ստորագրելու միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ Ղարաբաղին վերաբերող ցանկացած փաստաթուղթ: Դա է՞լ կստվահեք նրան:

– Գիտեք, կարող ենք վստահել: Բայց այստեղ նաեւ մի ուրիշ խնդիր կա: Վերջիվերջո, Արցախի հետ կապված հարցերում ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարել է, որ վերջնական այդ հարցերը պետք է վճռի Արցախը, այստեղի բնակչությունը: Կոնկրետ Արցախի հետ կապված առանձին մտահոգության հարց չկա:

– Նա իր խոսքում պատրաստակամություն է հայտնել նաեւ Արցախ այցելելու եւ ղեկավարության հետ հանդիպելու: Ի՞նչ հարցեր կբարձրաձայնեք հանդիպմանը:

– Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության շփումներում սերտ համագործակցություն կա բոլոր ասպարեզներում: Քանի որ ես խորհրդարանում եմ, ասեմ, որ բավականին լավ գործնական հարաբերություններ են ստեղծված: Դա նպատակուղղված է թե՛ արտաքին քաղաքականությանը՝ Արցախի ճանաչմանը, թե՛ ներքին հիմնախնդիրների լուծմանը: Այնպես որ, դա ճիշտ կլինի, որ իսկապես ՀՀ նախագահը նաեւ լինի Արցախում, ծանոթանա երկրի հիմնախնդիրներին: Վերջիվերջո, նաեւ իրար հետ աշխատելու ենք, եւ շատ նորմալ եմ գտնում դա:

– Դուք ինքներդ ի՞նչ պահանջներ կներակայացնեք ՀՀ նախագահի թեկնածուին:

– Բնականաբար մենք անպայման կբարձրաձայնեք, եւ խոսք կգնա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հետ կապված հարցերին: Այսօր այդ հարցերն առօրեական են: Եվ կքննարկվի նման հարց՝ ավելի ակտիվացնելու տեսանկյունից եւ Արմեն Սարգսյանի փորձը կամ դերը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը