Արցախյան հիմնախնդրի լուծումն ունի միայն մեկ ճանապարհ՝ խաղաղ ճանապարհը. Արա Բաբլոյան
07.02.2018թ. 12:17:40

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ ունեցել ենք շատ բովանդակային հանդիպում, որի ընթացքում քննարկել ենք հայ-շվեյցարական միջպետական հարաբերություններին առնչվող հարցեր: Այսօր շվեյցարացի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Կարևորել ենք խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Անդրադարձել ենք նաև միջխորհրդարանական կամզակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցությանը»,- ասաց նա:

Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ այս տարվա աշնանը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, և Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը: Նրա խոսքով, սա համագործակցության ևս մեկ կարևոր հարթակ է:

«Մենք այսօր խոսեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերող հարցերի շուրջ: Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև քրեական պատասխանատվություն է սահմանել ռասսայական խտրականության և ցեղասպանության ժխտման համար՝ ընդհանրապես:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ԼՂ հիմնահարցի կարգավորմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին: Հայաստանյան կողմի մոտեցումն այն է, որ ԼՂ հիմնախնդիրը Արցախի ժողովրդի իրավունքների խնդիրն է, և այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավուքններից մեկի՝ ազատ ինքնորոշման միջոցով: Ամեն դեպքում, հարցի լուծումն ունի միայն մեկ ճանապարհ՝ խաղաղ ճանապարհը»,- ասաց Արա Բաբլոյանը՝ հավելեով, որ հանդիպման ընթացքում խոսել են նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի թեմայի շուրջ:

ԱԺ նախագահը նաև շեշտեց, որ վերջին տարիներին հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների բավական ակտիվացում է նկատվում: