Արցախի ՈՒՀԱ թիմը հաջողությամբ հանդես եկավ Սոչիի ՈՒՀԱ 26-րդ փառատոնում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ՈՒՀԱ թիմը հաջողությամբ հանդես եկավ Սոչիի ՈՒՀԱ 26-րդ փառատոնում

Արցախի ՈՒՀԱ թիմը հաջողությամբ հանդես եկավ Սոչիի ՈՒՀԱ 26-րդ փառատոնում

Հունվարի 12-26-ը Սոչիում անցկացվել է 26-րդ ՈՒՀԱ փառատոնը, որին մասնակցել է նաև Արցախից ՈւՀԱ թիմը՝  «Արցախի հավաքական» անունով: Փառատոնին մասնակցում էին 400-ից ավելի թիմեր ԱՊՀ տարբեր երկրներից: Այնտեղ որոշվեց, թե որ թիմը որ լիգայում կխաղա և ինչ վարկանիշ կունենա: Որոշվեց, որ Արցախի թիմը  մասնակցելու է Կովկասյան լիգային, որն անց է կացվելու մարտ ամսին՝ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում:

 

Օրերս Արցախի ՈՒՀԱ թիմը հյուրընկալվել է «Ապառաժ»-ի խմբագրությունում եւ զրուցել փառատոնի մասին: Խոսելով խնդիրների մասին՝ թիմի անդամները նշեցին, որ թիմի գրանցման պահից սկսած՝ ճնշում սկսվեց Ադրբեջանի կողմից: Պետական մակարդակով ասում էին, որ մենք իբր  անջատողականներ ենք եւ  չպիտի մասնակցենք այս փառատոնին, նույնիսկ նամակներ էին գրում «Ալեքսանդր Մասլյակով և կոմպանիա»-ին (АМИК)՝ պահանջելով թույլ չտալ, որպեսզի Արցախի թիմը մասնակցի փառատոնին:

 

Սակայն սադրանքներին «Ալեքսանդր Մասլյակով և կոմպանիա»-ն չտրվեց եւ թիմին  հրավիրեցին փառատոնին՝ ադրբեջանական կողմին կոչ անելով չքաղաքականացնել փառատոնը:

 

Ինչպես թիմի մասնակիցներն են նշել, պատրաստ էին, որ նման դժվարություններ ունենալու են.

 

«Մեր թիմը 2 անգամ ենթարկվեց խմբագիրների գրաքննմանը, հետևում էին, որ հանկարծ քաղաքական հումոր չլինի: Մենք նախապես դա նախատեսել էինք և այնպես էինք կառուցել մեր ելույթը, որ որևէ խնդիր չունենանք,-նշեց  թիմի անդամ Դավիթ Ավագիմյանը,-փառատոնին հիմնականում մասնակցում էին երիտասարդներ, ուսանողներ, որոնց մեծամասնությունը  չգիտեր Ղարաբաղի մասին, իսկ ովքեր տեղյակ էին՝ կարծում էին, թե այստեղ պատերազմ է ընթանում, մարդիկ զենքերով են շրջում:

 

Նրանք շատ կարևորեցին նման փառատոներին Արցախի մասնակցությունը, քանի որ այս ձեւավորված կարծրատիպերն արցախցիների մասին անհրաժեշտ է կոտրել»:

 

«Թիմը կազմված է տարբեր մասնագիտության եւ հետաքրքրություն ունեցող մարդկանցից, որոնց միավորում է մեկ ընդհանուր բան՝ հումորի զգացումը: Մենք փորձեցինք կոտրել բոլոր կարծրատիպերը եւ ներկայանալ այնպես, ինչպես հարիր է կիրթ, հումորով, ճաշակով երիտասարդներին»,- նշեց թիմի ավագ Դավիթ Վանյանը:

 

Արցախի ՈՒՀԱ թիմը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել  թիմին:

 

 

1