Արցախի հարավը շենանում է
05.04.2017թ. 12:32:48

2004 թվականին «Թուֆենկյան» բարեգործական հիմադրամի կողմից Արցախի հարավում հիմնադրված Առաջամուղ գյուղը տարեցտարի ընդլայնվում է. երեկ՝ ապրիլի 4-ին, առաջամուղցի 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել:

«Առաջամուղը ռազմավարական կարեւորություն ունի Արցախի համար։ Ուստի մեր հետագա քայլը դպրոցի վերակառուցումն ու բուժկետի շենքի կառուցումը կլինի»,- ասել է Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը եւ հույս հայտնել, որ տարիներ հետո նորակառույց գյուղը կվերածվի քաղաքի:

IMG_9486

Նորակառույց 6 տները կառուցվել են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ու ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ֆինանսավորմամբ եւ Արցախի կառավարության աջակցությամբ։

IMG_9579

«Մենք ուրախ ենք եւ երջանիկ այդ պարտականությունը մեզ վրա վերցնելու համար: Արցախը մեր հայ ազգի ուժն է, եւ այն, ինչ մենք արել էինք այսօր, նվազագույնն էր»,- նշել է ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչ Ռաֆֆի Կիլիյանը:

IMG_9520

Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը։ Վերջիններս երկօրյա այցով Արցախում էին։

IMG_9639

Հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն իր խոսքում նշել է, որ այս օրերի ընթացքում Արցախում տեղի ունեցած շատ միջոցառումների է մասնակցել, սակայն այս միջոցառումը ամենազդեցիկն էր:

IMG_9614

«Մենք երախտապարտ ենք այս մարդկանց, որ այստեղ են ապրում»,- նշել է Ս.Թանկյանը:

Նազարյանների ընտանիքն Արարատից 2013թ․-ին է տեղափոխվել Արցախ։ Մինչ այդ տարբեր բնակավայրերում վարձով էին բնակվում։

IMG_9469

«Վերջապես մեր սեփական տունն ունեցանք։ Աշխատանքն էլ խնդիր չի լինի այստեղ։ Քանի որ նախկին զինծառայող եմ եղել, հիմա էլ պատրաստվում եմ վերադառնալ զինվորական գործիս, բայց՝ արդեն Արցախում»,- ասում է Գ․ Նազարյանը։

IMG_9556

Այսօր գյուղը 18 նորակառույց առանձնատուն ունի: Ծրագրի համաձայն, պետք է կառուցվի եւս 32-ը: Նախատեսված է նաեւ ընդարձակել գյուղի դպրոցն ու բուժկետ կառուցել:

IMG_9648

«8 տարի առաջ եմ այցելել Արցախ եւ հենց այդ տպավորություններն են ինձ այսօր այստեղ բերել: Այս անգամ ես հետ կգնամ նոր տպավորություններով: Հուսամ, որ սփյուռքահայությունը եւս ժամանակ կտրամադրի Արցախի հետ ծանոթանալու համար»,- «Ապառաժ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է դերասանուհի Արսինե Խանջյանը:

IMG_9527

«Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանը նշել է, որ այսուհետ Առաջամուղի ծրագիրն իրականացնելու է ԱՄՆ «Արցախ» ֆոնդը:

«Նպատակ ունենք մեր հիմնադրամի ծրագրերի միջոցով այլ բարերարների ուշադրությունը սեւեռել դեպի Արցախ»,- նշել է Անդրանիկ Գասպարյանը եւ ավելացրել, որ չպետք է հպարտանանք մեկ գյուղով,  սահմանամերձ գոտում պետք է 20 նման գյուղ ունենանք:

IMG_9644

Այգեստանում ապրող Նախշուն Հակոբյանի  ընտանիքը մի քանի օր անց կտեղափոխվի Առաջամուղի նոր բնակարանը:

IMG_9479

«Տները պատրաստի մեզ հանձնեցին, մենք էլ մեր ընտանիքներով կշենացնենք այս տարածքը»,- ասում է Նախշունը եւ ավելացնում, որ լվացքի մեքենայի համար վարկ վերցնելու անհրաժեշտություն այլեւս չի լինելու, քանի որ բնակարանամուտի միջոցառման ժամանակ մի բարերար խոստացել է բոլորին լվացքի մեքենա, սառնարան ու հեռուստացույց նվիրել:

Լուսինե Թեւոսյան