Արցախի Ասկերան քաղաքում կայացել է ՀՅԴ հերթական ճամբարի փակման արարողությունը
02.08.2017թ. 15:41:56

Օգոստոսի 2-ին կայացել է Արցախի Ասկերան քաղաքում 10 օր տևած պատանեկան ճամբարի փակման արարողությունը: Ճամբարի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է ՀՅԴ Ամերիկայի Արևմտյան շրջանի երիտասարդական միությանը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության աջակցությամբ: Ճամբարի ընդհանուր պատասխանատու Գևորգ Իսկաջյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ճամբարին մասնակցել է ընդհանուր առմամբ 210 պատանի: Ասկերանի ճամբարը խմբի երկրորդ ճամբարն է, առաջինը կայացել է Գյումրիում, Արցախից հետո մի քանի օրով պիտի գնան Պռոշյան, այնտեղից էլ՝ Ջավախք: «Ծրագիրը կյանքի ենք կոչել առաջին հերթին, որպեսզի Սփյուռքի երիտասարդները և այստեղի երիտասարդները, տեղացիները շփվեն իրար հետ: Սփյուռքի երիտասարդները Հայաստանն ու Արցախը չդիտեն միայն որպես տուրիստական շրջան, այլ գալով այստեղ ծանոթանան իրենց հայրենակիցների ապրելակերպին, սոցիալ-տնտեսական պայմաններին»,- նշեց Գևորգ Իսկաջյանը և ավելացրեց, որ նպատակներից մեկն էլ Հայաստանի պատանեկան ներուժը մեծացնելն է. «Պատանեկան տարիքի մեջ գտնվող երեխաներին փորձում ենք ծանոթացել մեր կուսակցությանը, իդեալներին, պատմությանը, ապագայի վերաբերյալ մեր ծրագրերին»:

Ինչ վերաբերում է մնացած շրջանների և Արցախի պատանիների տարբերություններին, ապա, ըստ նրա, բոլոր պատանիներն էլ հայասեր են, բայց Արցախի մեջ հայրենասիրությունն ավելի վառ է արտահայտված, որը ճամբարի պատասխանատուն կապում է պատմության, այստեղի առօրյա կյանքի հետ:

Իսկ ճամբարների արդյունավետությունն ակնհայտ է և ոչ միայն Արցախի համար: «Ամերիկայից եկած խմբապետների մեջ էլ ենք արդյունքներ տեսնում: Ունեցել ենք ճամբարի խմբապետներ, որ ծնվել, մեծացել, սովորել են Ամերիկայում, բայց հիմա ապրում են Հայաստանում: Դա մեզ համար մեծ արդյունք է»,- շեշտեց Գևորգ Իսկաջյանը և ավելացրեց, որ, ճիշտ է, պատանիների թիվը սպասվածի չափ չի մեծանում, բայց կան արցախցի խմբապետներ, որոնց մի մասը այստեղի ճամբարների նախկին մասնակիցներ են: «Մեր համար արդյունքը միայն դաշնակցական պատանի դաստիարակելը չէ, այլ ճամբարականների՝ չափահաս տարիքում իրենց տեղը երկրի ապագայում գտնելը, դեպի լավը փոփոխություներ անելը: Իսկ դրանք երկու տարվա մեջ չեն կարող տեսանելի լինել»:

Գևորգ Իսկաջյանը կարևորեց նաև խմբապետների և պատանիների հետագա շփումը: Խմբապետները սոցցանցերով կապի մեջ են լինելու, տեսնելու են պատանիների մեծանալը, նրանց հետագա կյանքը: «Մենք ընկերներ ունենք, որոնց հետ առաջին անգամ ճամբարների ժամանակ ենք ծանոթացել և մտերիմ ընկերներ ենք դարձել»:

Փակման արարողությանը պատանիները ներկայացրին ճամբարի ընթացքում սովորած երգերը, պարերը, հանդես եկան արտասանություններով: Բաժանումը հուզիչ էր, բայց նոր հանդիպման ակնկալիքով:

Տաթևիկ Աղաջանյան

IMG_9501

IMG_9745

IMG_9519

IMG_9540

IMG_9635

IMG_9755

IMG_9645

IMG_9757

IMG_9724

IMG_9487

Լուսանկարները՝ Լուսինե Թեւոսյանի