Արցախի ԱԳՆ ազդելու լծակ չունի
21.04.2017թ. 15:26:14

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան  Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար:

 Խնդրին ապրիլի 20-ին կայացած ԼՂՀ ԱԺ նիստի պատգամավորական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը: «Արցախի հանրապետության ԱԳՆ-ն իր հնարավորության սահմաններում ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի մշակութային արժեքներ ոչնչացնող երկրի ներկայացուցիչը չզբաղեցնի այդպիսի բարձր պաշտոն»,- հարցրել է պատգամավորը:

Արցախի հանրապետության ԱԳՆ փոխնախարար Արմինե Ալեքսանյանի խոսքով՝ հարցը վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ-ի հետ քննարկվող հիմնական թեմաներից մեկն է եղել: «Չճանաչված լինելու հանգամանքում Արցախի հանրապետության ԱԳՆ-ը ոչ մի լծակ չունի դրան ազդելու, բայց քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային կազմակերպություն է և այնտեղ ընթացակարգրերը մի քիչ այլ են, Հայաստանն էլ ներազդելու այդքան ուժ չունի»,- նշել է Արմինե Ալեքսանյանը և ավելացրել, որ որոշ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի չեզոքացվի նրա նշանակումն այդ կազմակերպությունում: Բայց ուղիղ ազդեցության լծակներ, ցավոք սրտի, նաև ՀՀ ԱԳՆ-ը այդ կազմակեպությունում չունի: