Արցախը նրան վերադարձնում է իր արմատներին
Գլխավոր » Հասարակական » Արցախը նրան վերադարձնում է իր արմատներին

Արցախը նրան վերադարձնում է իր արմատներին

Կան հայեր, ովքեր ապրելով օտար երկրներում, կարեւոր ներդրում են ունենում Հայաստանի վարկանիշի եւ առհասարակ Հայաստանի զարգացման եւ բարգավաճման գործում: Հաճախ նրանց անուններն այդպես էլ անհայտ են մնում: Ոմանց մասին էլ  բարեբախտաբար իմանում ենք: Նրանցից մեկն էլ Վալենտինա Կարախանյանն է՝ Վատիկանի արխիվի հետազոտողներից մեկը, ով  ամուսնու՝ Լորենցո Նատալեի հետ  օրերս այցելեց Արցախ:

 

«Ապառաժ»-ը հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրա գործունեությանն ու ապագա ծրագրերին:

 

Վալենտինա Կարախանյանը ծնվել է Ջավախքի Ախալցխայի շրջանի Սխվիլիսի գյուղում, ինչպես ինքն է ասում՝  հայկական արմատներին ամուր կառչած գյուղացու ընտանիքում:  Ընտանիքը հաճախում էր տեղի կաթոլիկ եկեղեցի, որտեղ էլ փոքր տարիքից Վալենտինան երգեհոն էր նվագում:

 

«Մի օր եկեղեցու մենակատարը չկար, եւ ինձ խնդրեցին երգել նրա փոխարեն. պարզվեց՝ ինձ մոտ ավելի լավ է ստացվում երգելը, քան նվագելը»,-  նշում է Վալենտինան ժպիտով:

 

Այդ դեպքից հետո երգը պետք է իր ավելի լուրջ մասնագիտությունների  հետ համատեղ ուղեկցեր նրան:

 

Մինչեւ 8-րդ դասարանը սովորել է ռուսական դպրոցում, սակայն միշտ երազել է հայկական կրթություն ստանալու մասին, եւ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողները նրան փոխադրել են  հայկական դպրոց:

 

16 տարեկանում, կրթությունը շարունակելու համար,  Հայաստանում առաջին հայ կաթոլիկ առաջնորդ արքեպիսկոպոս հայր Ներսես Տեր-Ներսեսյանի միջոցով փոխադրվել է Հռոմ:

 

Հռոմի Ուրբանյան համալսարանի աստվածաբանության եւ փիլիսոփայության բաժնի բակալավրի աստիճան ստանալուց հետո ընտրել է  համալսարանի հոգեբանության բաժինը: Նա ջանք չէր խնայում ուսման մեջ հաջողությունների հասնելու համար:

 

«Պետք էր բավական բարձր գնահատականներ ունենայի, որպեսզի կարողանայի ընդունվել, հետո էլ շարունակել ուսումս: Բարեբախտաբար,  ինձ հաջողվեցդա անել»,-նշում է նա:

 

Ուսման տարիներին նաեւ աշխատում էր,  որովհետեւ ընտանիքը հնարավորություն չուներ նրան Եվրոպայում պահելու:

 

Վենետիկի Ca Foscari  համալսարանի հոգեբանության ֆակուլտետի վերջին կուրսի ընթացքում հաճախում էր Պո-Արաքս մշակութային ընկերակցության կողմից կազմակերպած  հայերենի դասընթացների:

 

«Կարող եմ ասել, որ մեծամասամբ  հայերենի գիտելիքներս հարստացրել եմ Իտալիայում»:

 

Ուսումն ավարտելուց հետո նրան առաջարկել են աշխատել ՀՀ դեսպանատանը,  որտեղ աշխատել է մինչեւ վերջերս՝ միաժամանակ շարունակելով իր հետազոտական աշխատանքները:

 

Սակայն այսքանով չավարտվեց նրա ուսումնառությունը: Նա ընդունվեց արխիվիստիկայի` պալեոգրաֆիայի եւ դիվանագիտության վատիկանյան դպրոցը, որը երկու տարին մեկ աշխարհի տարբեր երկրների դիմորդների համար  30 տեղ է տրամադրում:  Դպրոցն ավարտելուց հետո  Վալենտինան  Վատիկանի գաղտնի արխիվներում  հետազոտությամբ  զբաղվում:

 

«Ինձ համար դա նախախնամություն էր, որովհետու իմ երազանքն է եղել` ուսումնասիրել եւ կապ ունենալ այն ամենի հետ, ինչն ինձ հարազատ է: Ես մեծացել եմ փոքր, սակայն մտերմիկ կաթոլիկ միջավայրում: Պատանեկությունս ու երիտասարդությունս անցկացրել  եմ մի քաղաքում,  որն ամբողջությամբ կաթոլիկ էր: Սկզբում ինձ թվում էր՝ մի մեծ տաճարում եմ գտնվում»,- ասում է:

 

«Շատ է խոսվում Հայոց Ցեղասպանության գաղտնի  փաստաթղթերի մասին, այն մասին,  թե ինչ է պարունակում Վատիկանը, ինչն է լույս տեսել, ինչն է, որ չեն թողնում, ինչն է գաղտնի: <<գաղտնի>> բառը բոլորիս գրավում է՝ ձգողական մի բան ունի իր մեջ: Ես ինքս ցանկություն ունեի հասնել այնտեղ>>:

 

Այժմ իտալացի գործընկերոջ՝ Օմար Վիգանոյի  հետ Վատիկանի արխիվներում ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը, եւ այս տարվա նոյեմբերին պատրաստվում են գիրք հրատարակել, որտեղ ամփոփված կլինեն այդ բոլոր փաստաթղթերն ու նամակները:

 

Վալենտինան հուսով է, որ գիրքը կթարգմանվի նաեւ  հայերեն եւ  անգլերեն:

 

Գրքի ֆինանսավորման մասին խոսելիս Վալենտինան նշում է, որ դա  մի աշխատանք է, որի դիմաց  պատասխան չի կարող ակնկալել, պահանջել կամ սպասել: Նրա խոսքերով՝ դրա հատուցումն այլ ձեւ է լինելու՝  հոգեկան բավարարության ձեւով:

 

«Առկա են Վատիկանի արխիվների տպագրություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնք  ժամանակագրական հերթականությամբ տեղադրված նամակներ են: Դա  երեւի դժվարությամբ կհասկանան այն մարդիկ, ովքեր Ցեղասպանության մասին քիչ տեղեկություն ունեն: Օմար Վիգանոյի հետ որոշեցինք ամեն ինչ հավաքել եւ մատուցել ընթերցողին ավելի մատչելի եւ հասկանալի լեզվով, նամակները հրապարակել՝ հյուսելով պատմության հետ այնպես,  որ նամակներն ու փաստաթղթերը պատմեն պատմության մասին: Մենք ոչինչ չենք ավելացրել՝ բացի ստույգ պատմական փաստերից»:

 

Ուսումնասիրությունների  ընթացքում նրանք հայտնաբերեցին մի շատ հետաքրքիր գիրք, որը «սպիտակ գիրք» է կոչվում եւ որն առաքվել էր Վատիկանի տարբեր ներկայացուցչություններին դեռեւս 1916 թվականին: Այդ գրքում ամփոփված են  առաջին աշխարհամարտի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշումները: Իսկ գրքի մի մեծ հատված հատկացված է Հայոց ցեղասպանությանը:

 

Դա մի փաստաթույթ է, որը մինչեւ հիմա լույս չի տեսել: Հրապարակման տարիներին, լինելով ներքին շրջաբերական, վերապահված էր միայն դիվանագետների օգտագործմանը:

 

Վալենտինան նշում է, որ մինչեւ հիմա իրենց ուսումնասիրածն ու հայտնաբերած, ըստ էության չի տարբերվում  Ֆրանչեսկոս պապի հայտարարարություններից:

 

«Պապի հայտարարությունը շատ դիպուկ էր, սակայն դա ի սկզբանե եղել է Վատիկանի դիրքորոշումը»:

 

Առաջիկա աշխատանքների եւ պլանների մասին խոսելիս` Վալենտինան նշում է, որ մեծ ցանկություն ունի նաեւ գիրք հրապարակել Վատիկանի արխիվներում առկա Հայաստանի Առաջին Հանրապետության վերաբերյալ փաստաթղթերի մասին:

 

«Ես մեծ ցանկություն ունեմ Վատիկանից ձեռք բերել այդ փաստաթղթերը, ինչը մեծ աշխատանք է պահանջում եւ մեծ գումարների հետ է կապված: Իմ միակ մտավախությունն այն է, որ Հայոց ցեղասպանությանը եւ Հայաստանի առնչվող փաստաթղթերի մեջ կան փաստաթղթեր, որոնք գրված են գրամեքենայով.  թանաքի որակը լավ չի եղել եւ այդ գրերը կամաց-կամաց կորցնում են իրենց գույները:  Պետք է ռեսուրսներ գտնել եւ այդ փաստաթղթերը թվայնացնել:  

 

Վալենտինան վստահ է, որ վերջին տարիներին իտալացիները շատ են հետաքրքրվում հայերի եւ առհասարակ քրիստոնյաների ջարդերով:

 

«Եվրոպան հիմա կարծես թե բացում է աչքերը` տեսնելով 100 տարի առաջ իրագործված ոչ միայն հայերի, այլեւ  քրիստոնյանների ջարդերն ու տառապանքները: Իտալիայում շատ մեծ ճանաչում ստացավ Հայոց ցեղասպանությունը  Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքից,  այնուհետեւ  ֆիլմից  հետո»:

 

Վալենտինան անմասն չէ Հայոց ցեղասպանության մասին պատմող այդ հանրահայտ ֆիլմից: Ֆիլմում հնչող «Ով սիրուն, սիրուն» երգը հենց նա է կատարում:  Ֆիլմի որոշ մասերի կոմպոզիցիան  նաեւ նա է  կատարել:

 

Ինչպես նշել էինք, երգը միշտ ուղեկցել է նրան: Հռոմ տեղափոխվելուց անմիջապես հետո երգում էր Հռոմի  Լեւոնյան վարժարանի երգչախմբում:  Այսօր այնտեղ գործում է քառաձայն երգչախումբ, որը նա  է վարում: Հայկական պատարագներին այսօր նաեւ իր իտալացի ամուսին Լորենցո Նատալեն է մասնակցում:

 

Խոստովանում է, որ միշտ ցանկություն է ունեցել վերադառնալ Հայաստան կամ Ջավախք, սակայն հասկացել է, որ դրսից գուցե ավելի մեծ օգուտ բերի հայությանը:

 

Վալենտինան Աշոցքի <<Տիրամայր Նարեկ>>-ի  իտալական հիվանդանոցի ներկայացուցիչն է Իտալիայում: Հիվանդանոցը երկրաշարժից հետո Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս երկրորդը նվիրել է Հայաստանին, եւ ինչպես նա է ասում`  կարծում էր, որ  ամենատրամաբանականը հայրենիք վերադառնալը եւ այնտեղ աշխատել էր:

 

«Իմ գործը հիվանդանոցի համար միջոցներ հայթայթելն է, որովհետեւ այդ շրջանում կենսական նշանակություն ունի հիվանդանոցը»,- ասում է նա:

 

«Առաջ քայլելով` նոր դռներ  ու ճանապարհներ են բացվում, երբ ինձ թվում էր, թե տվյալ բանը մաքսիմումն  է, որ կարող եմ անել: Այսօր 36 տարեկան եմ, եւ հասկանում եմ, որ դա  ընդամենը սկիզբն էր»:

 

Վալենտինան խոստովանում է, որ Արցախ այցը նրան, նախ եւ առաջ, վերադարձնում է իր արմատներին, նոր լիցքեր հաղորդում եւ նաեւ պարտավորեցնում՝ ավելի մեծ եռանդով աշխատել:

 

«Հայրս, 10 տարի է, ինչ մահացել է,  սակայն նա միշտ մեզ ասում էր, որ մեր երկիրը Հայաստանն է: Այդ ներքին զգացումը միշտ ուղեկցել է ինձ, սակայն այն լավագույնս այստեղ եմ զգում,  Հայաստանի այս հրաշալի մասնիկում՝ Արցախում: Այստեղ ականատեսը եղա  այն բանի,  որ ամուր ընտանիքներն են  ամեն ինչի հիմքն ու հումուսը: Արժանապատվությունն ու  սեփական հողի նկատմամբ հարգանքն ամեն քայլափոխի ուղեկցում են քեզ Արցախում: Ես եւ ամուսինս դեռ կվերադառնանք եւ մեր ջանքերը չենք խնայի Հայաստանի համար, որն իր մեջ ներառում է նաեւ Արցախը»:

 

 

 Արմինե Նարինյան

1