Արցախը  ՀՕՄ-ի ընկերուհիների սրտում առանձնահատուկ տեղ ունի
09.09.2017թ. 12:42:08

Սեպտեմբերի 6-ին մեծ շուքով կազմակերպված Հայ Օգնության Միության Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի վերաբացման ծրագրի իրականացման  համար ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը կյանքի էր կոչել հանգանակային հանձախումբ, որի ատենապետը Անժել Մանուկյանն էր: Ամերիկայի Արևմտյան և Արևելյան շրջանների, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և Արցախի ՀՕՄ-ուհիներից բաղկացած հանձնախմբի և ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների ջանքերով հնարավոր եղավ ավելի քան 1 մլն դոլլար ապահովել՝ իրականացնելու համար այս բացառիկ ծրագիրը:

«Արցախը հայ ժողովրդի, մանավանդ ՀՕՄ-ի ընկերուհիների սրտում առանձնահատուկ տեղ ունի»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է մանկապարտեզի վերաշինության հանձնախմբի ատենապետուհի Անժել Մանուկյանը և ավելացրել, որ երբ «Սոսե» մանկապարտեզի վերաշինման կամ պետությանը հանձնելու հարցն էր դրված, առանց երկմտելու որոշեցին վերակառուցել:

Հանձնախմբի առաջին ժողովին որոշեցին 2 տարվա ընթացքում կազմակերպել. Հանգանակել, կառուցել և նախատեսված ժամկետներում ավարտել, ոորվհետև «ՀՕՄ-ը պետք է իր խոստումները կատարի»:

«Դրամահավաքը մեծ աշխատանք է, ամենափոքր գումարից մինչև ամենամեծ գումարը բոլորը սիրահոժար տրամադրեցին և կարողացանք հանգանակել անհրաժեշտ գումարը»,- շեշտել է Անժել Մանուկյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա ՀՕՄ-ը Արցախում 8 մանկապարտեզներ ունի, որոնց ներկայությունը պիտի պահեն: «Այս համալիրի ամբողջացումից հետո պետք է մտածենք այլ կարևոր ծրագրերի մասին»,- հավելել է Անժել Մանուկյանը: