Արտաքին դիվանագիտության մեջ Հայաստանն ու Սփյուռքը պետք է լրացնեն իրար, ոչ թե իրար ոտք կոխկրտեն. Հակոբ Տեր-Խաչատուրյան
23.09.2017թ. 12:32:05

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցում էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Տեր-Խաչատուրյանն ասաց, որ իրենց տեսլականը հզոր Հայաստան և հանձնառու Սփյուռք ունենալն է: Ամբողջ ազգը մի տեղ հավաքելը, ըստ նրա, կարևոր գործառույթ է, բայց նա ավելի շատ հակված է մտածելու` կարևոր է հայտարարություններից մեկ քայլ առաջ անցնելը:

«Մեզ գործնական քայլեր են պետք` հայտարարությունները կյանքի կոչելու համար, դրանք աշխատանքային ծրագրի վերածելու համար: Բնականաբար, այդ ուղղությամբ կան լուրջ մարտահրավերներ, և դրանք հաղթահարելու համար որոշ գործնական քայլեր է սկսել անել Հայաստանի կառավարությունը: Օրինակ` «Հայաստանի զարգացման հիմնադրամը» մեզ ասել է, որ ուզում են Սփյուռքում ներկայացուցչություններ ունենալ, որպեսզի այդ կերպ խրախուսեն թե՛ Հայաստանից արտահանման հարցերը, թե՛ ներդրումների հարցը` այդպիսով ստեղծելով նաև որոշակի վստահելիության մթնոլորտ»,- ասաց Տեր-Խաչատուրյանը:

Ըստ նրա` ողջունելի է, որ նախորդ համագումարի ընթացքում հնչած առաջարկների հիման վրա ցուցակ են կազմել ու մասնակիցներին ներկայարվել` դրանցից որոնք կիրականացվեն և որոնք` ոչ: Տեր-Խաչատուրյանը հույս ունի, որ այս համաժողովի դեպքում նույնպես կառանձնացվեն անելիքները: Նրա հավաստմամբ` առավել մեծ անելիքներ կան արտաքին դիվանագիտության մեջ, և այս հարցում Հայաստանն ու Սփյուռքը պետք է իրար ամբողջացնեն, ոչ թե իրար ոտք կոխկրտեն:

«Մենք 5 կենտրոնական գրասենյակներ ունենք, որոնք տարածված են աշխարհով մեկ: Ամենահինը Վաշինգտոնի գրասենյակն է, ունենք նաև գրասենյակներ Բրյուսելում, Հայաստանում, Լիբանանում և Մոսկվայում: Նրանք հատուկ աշխատանքներ են տանում Հայաստանի կառավարության հետ` առաջին հերթին հենց Արցախի անկախության ճանաչման խնդրի հարցով: Բացի այդ` Հայաստանի օժանդակության խնդրի շուրջ ենք աշխատում: Խոսքը ոչ միայն նյութականի մասին է, այլ նաև, օրինակ, լոբբինգի, և այդ ուղղությամբ բավական հաջողությունների ենք հասել. ԱՄՆ-ում մի շարք նահանգներ արդեն իսկ սկսել են ճանաչել Արցախի անկախությունը: Մյուս կողմի`, երբ փորձում են Ադրբեջանին զենք վաճառել, վերջին օրինակը հենց Կանադայի դեպքն էր, մենք մեծ աղմուկ բարձրացրինք»,-ասաց Տեր-Խաչատուրյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ, բացի այդ, մեծ աշխատանքներ են տարվում թուրքական և ադրբեջանական քարոզարշավին համարժեք հակահարված տալուն: Տեր-Խաչատուրյանի հավաստմամբ` Թուրքիան և Արդբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսում դրսում հակահայ մթնոլորտ ստեղծելու համար, մանավանդ` Արևմուտքում: «Իսկ Ցեղասպանության հետ կապված աշխատանքերի առումով` արդեն բացել ենք պահանջատիրության էջը, ստեղծել ենք նոր հիմնարկ` Armenian Legal Center, որը հսկում է հավաքական պահանջատիրության օրինական «երեսը»: Քայլեր ենք ձեռնարկում նաև ջավախահայության հարցով` մշակութային ինքնության հաստատման խնդրրի լուծման համար և Արևմտահայաստանի նոր զարթոնքը քաջալերելու ծրագրին օժանդակելու համար: Այսինքն` բազմազան օրակարգ ունենք և փորձում ենք մեր առաջնահերթությունները ճշտել»,- ասաց նա:

Տեր-Խաչատուրյանը նշեց նաև, որ Կանադայում Դաշնակցությունն ազդեցիկ կառույց է համարվում, իրենց ձայնը լսելի է նույնիսկ հայ համայնքի շրջանակներից դուրս: Ըստ նրա` Կանադայում ապրում է 80-90 հազար հայ, որը, երկրի ընդհանուր բնակչության համեմատ, մեծ տոկոս չէ, բայց տեղի հայերը, Տեր-Խաչատուրյանի գնահատականով, քաղաքական լուրջ ներկայություն են ապահովում:

Նշենք, որ Հակոբ Տեր-Խաչատուրյանին անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալ: «Մխիթար Գոշ» մեդալը շնորհվում է պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության և քաղաքագիտության բնագավառներում ցուցաբերած ծառայությունների համար: