Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների բացահայտման հարցում հայերի դերակատարության մասին 
16.10.2017թ. 11:16:11

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում երեկ հրաժարական տվեց ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը: Նրա որոշումից հետո մեկնաբանություններ եղան այն մասին, որ այս հրաժարականն ըստ էության շահեկան էր հայկական կողմի համար, քանի որ նա ԵԽԽՎ նախագահի թեկնածության հարցում պաշտպանում էր Էմանուելիս Զինգերիսի թեկնածությունը, որին հայկական պատվիրակությունը չէր նախընտրում, այլ պաշտպանել էր Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսի թեկնածությունը:

«Առավոտը» ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց` ամեն ինչ այդքան պա՞րզ է, եւ արդյոք Ֆիշերի հրաժարականն անմիջական ազդեցություն ունի՞ մեզ վրա եւ արժե՞ ոգեւորվել այդ հրաժարականով, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Կարծում եմ` պարոն Ֆիշերի հրաժարականը կապված էր հենց ԵԺԿ խմբում տեղի ունեցող իրադարձությունների հետ, նրա ոչ միանշանակ դիրքորոշման հետ` սկսած նրանից, որ եղավ Ագրամունտի հետ կապված, հետո դա դարձավ խնդիր, երբ Ագրամունտը հրաժարական տվեց: Եվ երբ անհրաժեշտ էր, որ որոշվեր, թե ով պիտի Ագրամունտի տեղը լինի ԵԺԿ խմբից, իրենք շատ անորոշ քննարկումների արդյունքի էին հասել: Աքսել Ֆիշերը բարձրացնում էր այն հարցը, որ խախտվել է պայմանավորվածությունը, քանի որ մյուս քաղաքական խմբերը չէին պաշտպանել ԵԺԿ խմբում առավելագույն ձայն ստացած նախագահի թեկնածուին: Ֆիշերը հարց էր բարձրացնում, որ իբր խախտվում է խմբերի միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը»: 

Պարոն Ռուստամյանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերի միջեւ կա ջենտլմենական համաձայնություն այն մասին, թե ինչպես պետք է մի խմբից մյուսին փոխանցվի ԵԽԽՎ նախագահի պաշտոնը: Ֆիշերը պնդում էր, որ եղել է խախտում, մինչդեռ ԵԺԿ խումբն էլ իր քվեարկությամբ հաստատեց, որ նման խախտում չի եղել: 
 
Արմեն Ռուստամյանն Աքսել Ֆիշերի պահվածքն այսպես է մեկնաբանում. «Խախտում տեղի չի ունեցել, այլ ինքն իր համար հող էր նախապատրաստում, որ հունվարին առաջադրվի զուգահեռ սոցիալիստների խմբից առաջադրվող Նիկոլետիի հետ: Ըստ պայմանավորվածության` նախագահի պաշտոնը պետք է փոխանցվի սոցիալիստներին, որի խմբի անդամն եմ ես, եւ որոշվել էր, որ թեկնածուն լինի իտալացի պատվիրակ Նիկոլետտին: Աքսել Ֆիշերը փորձում էր սա առիթ դարձնել, որ իր թեկնածությունն առաջադրի հունվարին: Եվ հենց խումբն էլ դա մերժեց ու շատ ճիշտ վարվեց: Ըստ էության որեւէ խախտում չկա, ի վերջո սոցիալիստները պաշտպանել են ԵԺԿ թեկնածուին: Արհեստական խնդիրներ, խառնաշփոթ առաջացնել ճիշտ չէ, առանց այդ էլ իր ոչ միանշանակ ու ոչ ճիշտ կողմնորոշումների պատճառով այդ խառնաշփոթն առաջացել էր երկար ժամանակ ԵԽ-ում, հիմա նա փորձում էր այդ խնդիրը հանգուցալուծել, ինչը ԵԺԿ-ում չհաջողեց, քանի որ խումբը չտրվեց նախագահի հավակնություններին»:
 
Դառնալով իրավիճակի` մեզ վրա ունեցած ազդեցությանը՝ պարոն Ռուստամյանը նշեց, թե մենք շահեկան վիճակում ենք այնքանով, որ այս ամբողջ` արդեն վաղուց սկսված գործընթացը տեղի է ունենում. «Սա արդեն վաղուց սկսված առողջացման գործընթացի շարունակությունն է: Կոռուպցիան այնպես էր կերել այս կառույցը, որ կարելի էր խոսել անգամ, որ ոչ թե ԵԽ-ում ենք աշխատում, այլ Միլի մեջլիսում: Բայց գտնվեցին մարդիկ, որոնք հեղինակության կորստի հետ կապված վտանգ տեսան, եւ այդ գործընթացների տրամաբանական արդյունքն էր, որ շատերը բացահայտեցին իրենց որ թեւում լինելը»: 
 
Մեր այն դիտարկմանը` չափազանցված չե՞ն այն մոտեցումները, թե հայկական կողմի ծավալած աշխատանքների արդյունքում են այս սկանդալները բացահայտվում, պարոն Ռուստամյանը հավաստիացրեց, թե նման հավակնություններ չունի, բայց շեշտեց` մենք առաջիններից էինք, որ ահազանգում էինք այդ ամենի մասին. «Անընդհատ ահազանգ ենք հնչեցրել, որ սա ոչ թե մեր ու Ադրբեջանի կռիվն է, այլ վաղուց արդեն կառույցի հեղինակության հարց է առաջացել: Այնպիսի բանաձեւեր, որոնք բխում են այս կառույցի արժեհամակարգից, Ադրբեջանի ջանքերով տապալվում էին, քայլեր է կատարում Ադրբեջանը` արհամարհելով իր պարտավորությունները, սրանք չէին կարող աննկատ մնալ: 47 երկրներից միայն Ադրբեջանն է, որ կարողանում է այնպիսի Սահմանադրություն ընդունել, որը հակասում է եվրոպական արժեհամակարգին, եւ այստեղ որեւէ մեկը ծպտուն չէր հանում, միակ երկիրն է, որի նախագահը կարող է անընդհատ ընտրվել: Այդ բոլորը մենք ասել ենք, հետո պարզ դարձավ, որ իսկապես այստեղ կա լոբբիստական մեծ կառույց, որն Ադրբեջանի այս գաղափարները պաշտպանել է: Ըստ էության ԵԽ-ն այդ լոբբիստական կառույցի գործունեության արդյունքում դարձել էր Ադրբեջանի ձեռքին գործիք»:
 
Մեր այն համեմատությանը, երբ ԵԽԽՎ-ն հակահայկական զեկույց է ընդունում, հայկական կողմից արդարանում են, թե դա չունի իմպերատիվ բնույթ, բայց երբ երկու օր առաջ Վեհաժողովը հակաադրբեջանական զեկույց ընդունեց, մեզանում դա ցնծություն առաջացրեց, մի՞թե նույն ոչ իմպերատիվ բնույթի զեկույցի մասին չենք խոսում, պարոն Ռուստամյանն արձագանքեց. «Բոլոր բանաձեւերն էլ նույն ուժն ունեն: Բայց մենք երբեք չենք ասել, որ ԵԽ-ն որեւէ արժեք չունի: ԵԽ-ն իր տեղն ու դերը պետք է ունենա մանավանդ կոնֆլիկտների հետ կապված հարցերում: Մենք հասել ենք նրան, որ այստեղ ընդունել են, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է թողնել Մինսկի խմբին, որը երկար պայքարի, պատերազմի քաղաքական արդյունք է: Իհարկե, բանաձեւերը չունեն իմպերատիվ բնույթ, բայց որ իրավիճակ է փոխվում ԵԽ-ում, որը միջազգային կարեւոր կառույցներից մեկն է, եւ այդտեղ դրական, նպաստավոր պայմաններ են առաջանում մեզ համար՝ ինչո՞ւ չասենք»: 
 
Տեղեկացնենք, որ ԵԺԿ խմբի նախագահի ընտրությունը տեղի կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Խումբը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի նոր ղեկավար: 
 
 ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ