Արթնանում ու քնում եմ մեղքի զգացումով. Արմեն Մովսիսյան
27.06.2017թ. 11:18:25

Ճաշակ թելադրող, սիրել սովորեցնող ու ապրեցնող՝ թերեւս այսպես կարելի է բնութագրել կիթառահար Արմեն Մովսիսյանի ստեղծագործությունները, որոնք սերունդներ դաստիարակեցին: «Ապառաժ»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող, բայց Հայաստանով ու Արցախով ապրող կիթառահարի հետ:

-Պարոն Մովսիսյան, ի՞նչն է թեւ տալիս Ձեր երգերին:

-Կյանքը. մարդու կյանքին բնորոշ ամեն ինչ՝ հեշտությունը, դժվարությունը, հույզերը, ցավը, ուրախությունը: Մարդ միայն հաց հանապազօրյայի մասին չէ, որ պետք է մտածի: Ամեն մարդու գլխի մեջ կա գորշ նյութ, որը երբեմն պետք է աշխատեցնել: Հենց այդ գլուխն է թեւ տալիս իմ երգերին:

-Ձեր երգերի գերակշիռ մասը սիրո մասին է: Սեր գոյություն ունի՞:

-Առանց սիրո այս մոլորակը մեզ վաղուց դուրս կհրավիրեր: Եթե մենք չսիրենք մարդկություն կոչվող տեսակը, կվերջանանք:

Ես գտել եմ իմ կեսին, իմ կյանքի ընկերոջը: Հասկացել եմ նաեւ, որ կես լինելուց բացի՝ նա իմ ուղեկիցն է, իմ առագաստը, իմ քամին, որ նավս տանում է դեպի հանգրվան:

Մարդ սիրուց անպակաս պետք է հեռանա այս աշխարհից, որպեսզի հետեւից ծաղիկ ցանեն եւ ոչ թե փուշ, ասեն՝ ափսոս, լավ մարդ էր:

-Ինչո՞ւ են լացում աստղերը:

– Անցած սիրուն էլ պետք է թախիծով ու ուրախությամբ հիշել, շնորհակալ լինել, որ մի էակ քեզ պարգեւել է նման զգացում, որը անցած սեր է, բայց էլի քոնն է, քո ապրածն է:

Սերը, վերջին հաշվով, շարունակական պրոցես է: Հիմա փոքրիկս արդեն փոքրիկ չէ, ինքն էլ երեւի այդ հարցի պատասխանը գիտի՝ որ կա սեր, կա անցած եւ ներկա սեր: Ինձ համար կա նաեւ մշտական սեր, իր համար՝ դեռ չգիտեմ: Երեւի դրա համար էլ աստղերը լացում են:

-Ամռանը հնարավո՞ր է ձյուն տեղա:

-Սիրուց՝ այո /ժպտում է/:

-Ձեր երգերում առանձնահատուկ տեղ ունի Աստվածը: Ձեր աղոթքը հասնո՞ւմ է նրան:

-Տխուր բան կասեմ՝ ես աթեիստ եմ: Կարծում եմ, որ մարդը պատասխանատու է իր խղճի եւ հոգու առաջ: Կա հզոր բնություն, որում մենք ապրում ենք՝ որպես բջիջներ, բայց, բջիջ լինելով հանդերձ, մենք գիտակից տեսակ ենք՝ հասկանում ենք, որ չպետք է չարանանք, խաբենք, ստենք, շնանանք:

Պարտադիր չէ տերտերներին լսել ու հավատալ, որ Աստվածաշունչ կոչվածն է քո դասագիրքը: Խաչը մարդու մեջ պետք է լինի: Աստված ամեն մարդու մեջ է:

-Ձեր երգերից մեկում ասում եք՝ մայր հողի վրա որոշների համար տեղ չկա: Իրո՞ք այդպես եք մտածում:

– Այնքան դժվար է այդ մասին խոսել…Ցավոք սրտի, մայր հողը չի զգում, թե երբ են նոր հերոսներ ծնվում: Ես համոզված եմ, որ տղերքը իրենց հայրենիքի բարօրության համար են ելել: Այնտեղ չարություն ու փուշ ցանելու նպատակ չկար, այնտեղ երկիրը ավելի լավը, ավելի հզորը տեսնելու ցանկությունն էր: Ուրեմն, իմ խոնարումն այդ տղերքին:

Գուցե իրենց որոշումը կայացնելու եւ իրենց հետ գնալու համարձակությունը չունեի, բայց ես հարգում եմ իրենց որոշումը, խոնարհվում եմ իրենց տեսակի առաջ, խոնարհվում եմ հաց բերող տեսակի առաջ: Եթե մարդ ես՝ պետք է հարգես: Հուսամ՝ մայր հողը տեղ կանի իրենց համար: Իրենք լավ տեսակ են, երկիր սիրող տեսակ են, երկիր պահող տեսակ են:

-Կա՞ արդյոք հայկական արեւ:

-Անպայման:  Այս երկինքը, այս ամենն, ինչ որ տեսնում եք, ուրիշ տեղ չկա: Մեր ծիրանը ուրիշ համ ունի, մեր օդը ուրիշ հոտ ունի: Ինձ հաճախ են ասում, որ ես խենթ եմ: Բայց ես խենթ չեմ, որովհետեւ մերը իսկապես ուրիշ է, բայց ոչ թե բառերով է ուրիշ, այլ զգացմունքով. զգում ես, որ դա սրտիդ մասնիկն է:

Ինչքան էլ որ հիմա օտարության մեջ եմ ապրում, հարցին ՝ ինչպե՞ս է Ամերիկան, ասում եմ՝ ոնց որ հարեւանի տանը ապրես: Հայաստանից այն կողմ քեզ հարեւանի տանն ես զգում: Ամերիկան իմ տունը չէ: Իմ տունն այս երկիրն է:

-Արտագաղթի թեմայով երգեր կատարելով հանդերձ՝ հեռացել եք հայրենիքից: Ինչու՞:

-Կյանքում կան բաներ, որոնք այդպես էլ չսովորեցի. չսովորեցի աթոռներին նստել, ընդունարանի չսովորեցի, մեջքս ծռել չսովորեցի, հարմար մարդկանց հետ ժպտալ ու բարեւել չսովորեցի: Կիսակքված վիճակն ինձ համար անընդունելի էր, անընդունելի էր նաեւ հարմարվել իշխողի քմահաճույքին՝ քեզանից շատ ավելի փոքր ինտելեկտով իշխողի քմահաճույքին: Հասկացա, որ ես խաղից դուրս եմ:

Իմ տեսակ մարդկանց մի մասն այսօր բանտերում է, մյուս մասը՝ հարեւանների տներում: Ես այն տեսակից էի, որն ուղղակի ցուպը վերցնում, գնում է օտարություն ու ապրում անհասկանալի պանդուխտի կյանքով:

Արդեն 9 տարի է, ինչ ամեն Աստծո օր արթնանում ու քնում եմ մեղքի զգացումով: Պատահական չէ, որ ապրիլյան պատերազմական իրադարձությունների օրերին լոսանջելեսյան ընկերներիս հետ ստեղծել ենք «Հայրենիքիս» բարեգործական կազմակերպությունը, որը պատերազմական իրադարձությունների օրերին եւ դրանից հետո իր աջակցությունն է ցուցաբերում Արցախին: Այդպես եմ փորձում քավել մեղքերս, որ երկրիցս հեռու եմ, որ օտարության մեջ եմ: Ես իրավունքս կորցրած հայ եմ, ճանապարհս կորցրած հայ եմ, բայց իմ երկիրը սիրող հայ եմ:

-Ե՞րբ է գալու մեր խենթության ժամը:

-Քանի 18-20 տարեկան երեխաները սահման են պահում՝ ապացուցելով, որ կարող են կռվել ու պաշտպանել մեր հողը, մեր խենթության ժամն է: Մեր խենթությունը երկիրը պահելու խենթություն է: Մնում է միայն ջրենք եւ ծաղկեցնենք այդ տեսակը: Արցախը ոտքի կանգնելու, հաղթանակի, հզորության եւ հպարտության կայարանն է:

Արմեն Մովսիսյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը