Արգամ Հարությունյանին նվիրված հուշ-երեկո
02.02.2018թ. 15:21:25

Հունվարի 31-ին ՀՅ Դաշնակցության Արցախի երիտասարդական միության «Արգամ Հարությունյան» խմբի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Շոշի ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Արգամ Հարությունյանի տիկնոջ, որդու հետ: Հանդիպմանը հրավիրված էին Արգամ  Հարությունյանի՝ Շոշի Ագոյի, մարտական և գաղափարական ընկերներ Գագիկ Մարտիրոսյանը, Կամո Բարսեղյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը:

Ներկաները երիտասարդների հետ կիսվեցին Արգամի հետ կապված արժեքավոր հիշողություններով: Գագիկ Մարտիրոսյանը նշել է, որ Արգամ Հարությունյանն այնպիսի հրամանատար էր, ով չէր ասում «առաջ», այլ՝ «իմ ետևից»: «Ռազմական կրթություն չուներ, բայց ռազմագետի մտածողություն ուներ, փոքր ուժերով, քիչ զոհերով մեծ գործողություններ էինք կատարում»,- նշել է Գագիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Արգամը ընկերասեր էր, հայրենասեր, կատակասեր, հումորների մեջ էլ փիլիսոփայական արժեքներ կային. «Շատ ծանր ենք տարել Աշոտի, Ագոյի կորուստը, որովհետև նրանք մեզ համար եղել են խորհրդանիշ»:

«Ագոյի հետ միայն մեկ մարտական գործողության եմ մասնակցել, որի ընթացքում էլ ականատես եմ եղել նրա բացառիկ հրամանատարական և մարդկային հատկանիշներին»,- նշել է Կամո Բարսեղյանը:

Հանդիպման վերջում կայացել է հերոսին նվիրված «Նվիրյալները. Արգամ Հարությունյան (Շոշի Ագո)» ֆիլմի ցուցադրությունը:

27540538_2030446453907720_723200291289001330_n (1)