Արգամ Հարությունյանը կդառնար 50 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արգամ Հարությունյանը կդառնար 50 տարեկան

Արգամ Հարությունյանը կդառնար 50 տարեկան

Այսօր՝ հունվարի 15-ին, լրանում է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի, ծննդյան 50-ամյակը:

Արգամ Հարությունյանի 50-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին ԱՀ ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Արգամի հարազատները, մարտական ու գաղափարական ընկերները, զինվորականներ:

ԱՀ ՊԲ N զորամասի հրամանատար գնդապետ, Արտյոմ Առաքելյանը բարձր է գնահատել Արգամ Հարությունյանի ավանդը Արցախյան ազատագրական շարժման ընթացքում՝ առանձնացնելով նրա հրամանատարական, զինվորական, ընկերական հատկանիշները:

Արգամ Հարությունյանի ուսուցիչ Վիտյա Յարամիշյանը իր խոսքում նշել է, որ անչափ ուրախ ու հպարտ է Արգամ Հարությունյանի համագյուղացին, ուսուցիչը, ինչպես նաև նրա ստեղծած վաշտի շարքային զինվորը լինելու համար:

«Հասկանալու համար, թե ինչն է ազդում անհատի հոգեկերտվածքի վրա այնպես, որ նա մեծանա ու համազգային նշանակության հերոս դառնա, պետք է դիտարկել բոլոր այն գործոնները, որոնք նշանակություն են ունեցել նրա կյանքում: Իմ կարծիքով, առաջինը հարազատ ընտանիքն է, Հարությունյանների ընտանիքը մեր գյուղում հայտնի է որպես ամենակազմակերպված, ամենապարկեշտ, ամենագեղեցիկ ընտանիքներից մեկը: Ցավոք, ընտանիքը շուտ է զրկվել հորից և գուցե դա է եղել պատճառը, որ Արգամի մոտ շատ արագ ձևավորվել են տղամարդուն բնորոշ կարևոր հատկանիշները՝ հուսալիություն, դիմադրողականություն, առնականություն, ազնվություն, ընկերականություն»,- ասել է Վիտյա Յարամիշյանը՝ ավելացնելով, որ Արգամի վառ անհատականության համար պարտական ենք նաև արմատներին, տոհմածառին, միջավայրին և տվյալ ժամանակաշրջանին:

DSC_1283

Շոշի Ագոն կանգնած է Կենտրոնական պաշտպանական շրջանի կազմավորման ակունքներում և նրա շարքերում հաղթականորեն կերտել է իր մարտական ուղին:

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը նշել է, որ հերոսի անցած մարտական ճանապարհը նոր սերնդի համար դարձել է հավատի, ոգու և միասնական պայքարի պայծառ խորհրդանիշ. «Ազատամարտի նվիրյալ Արգամ Հարությունյանը, մասնակցելով ազատագրական և պաշտպանական մարտագործողություններին, նշանակալի ներդրում ունեցավ Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ: Այսօր նա կդառնար 50 տարեկան, բայց նրա կոչումն ու առաքելությունը այլ էին. նա սեփական կյանքի գնով փրկեց հող-հայրենին՝ ազատագրեց հայոց ոստան Արցախը»:

IMG_2895

«Ապրիլյան դիմակայության օրերին մեր սերունդն ապացուցեց, որ արժանի իրավահաջորդն է ավագ սերնդի: Վստահեցնում եմ Ձեզ, որ մենք այսուհետ մի թիզ հող անգամ չենք տա թշնամուն, քանի որ այն շաղախված է մեր հայրերի ու եղբայրների արյամբ»,- ելույթում ասել է Արգամ Հարությունյանի անունը կրող վաշտի զինվոր Նարեկ Մանուկյանը:

Արգամ Հարությունյանի մայրը՝ տիկին Թամարան, չկարողանալով զսպել հուզմունքը շնորհակալություն է հայտնել որդու մեծարման միջոցառման կազմակերպման համար, մաղթել, որ այսուհետ ոչ մի մայր, ոչ մի հարազատ իր տեսածը չտեսնի ու հարատև խաղաղություն լինի:

Արգամ Հարությունյանի 50-ամյակի նվիրված միջոցառմանը ելույթ են ունեցել նաև հերոսի հարազատ կրթօջախի սաները: Միջոցառման վերջում կայացել է հերոսին նվիրված «Նվիրյալները. Արգամ Հարությունյան (Շոշի Ագո)» ֆիլմի ցուցադրությունը:

Արգամ Հարությունյանը ծնվել է 1968թ. հունվարի 15-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1986-1988-ին ծառայել է խորհրդային բանակի դեսանտային զորքերում։
1990-ին կազմավորել է Շոշի պարտիզանական ջոկատը (հետագայում՝ վաշտ)։ Այնուհետև միացվել է Ա. Ղուլյանի (Բեկոր) 1-ին վաշտին, որի հիմքի վրա 1992 թ. սեպտեմբերին ձևավորվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 1-ին գումարտակը. Արգամը նշանակվել է գումարտակի շտաբի պետ։

1990-1994-ին մասնակցել է Շոշի ձորակի գյուղերի ինքնապաշտպանությանը. Տողի, Կրկժանի, Շուշիի ազատագրմանը, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Ֆիզուլիի շրջանների պաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին։ Եղել է Շուշիի ազատագրման ուղղություններից մեկի՝ Շոշի ուղղության հրամանատարը:

 1994 թ. մարտի 8-ին՝ Ֆիզուլիի պաշտպանության ժամանակ Ագոն ընկավ ականի պայթյունից:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման» մեդալով:

1