Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսական ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման կոչ է արել. ԱՄՆ ֆիննախն արձագանքել է
07.02.2018թ. 12:45:33
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու ևս 29 կոնգրեսական կոչ են արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ՝ դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նախարարությունն իր աշխատակազմից ռեսուրսներ կտրամադրի ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման համար:
Ինչպես նշել է Դևիդ Վալադաոն, ամերիկյան և հայկական բիզնեսը սերտ կապեր ունեն, և ժամանակն է դադարեցնել կրկնակի հարկումը և շարունակել ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ խրախուսելով երկու երկրների միջև առևտուրն ու ներդրումները:
«Վաղուց ժամանակն է արդիականացնել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Սա ոչ միայն հնարավորություն է վերահաստատելու Հայաստանի հետ մեր բարեկամությունը, այլև ստեղծելու նոր հնարավորություններ ներդրումների և զարգացման համար»,- ասել է Բրեդ Շերմանը։
Ավելի վաղ կոնգրեսականների հղած նամակում ընդգծվում է, որ «հնացած» փաստաթուղթը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը: Նրանց կարծիքով՝ միջազգային հարկային համակարգի բարդությունները չպետք է հետ պահեն ամերիկյան ու հայկական ընկերություններին կրկնակի հարկման պատճառով միմյանց հետ բիզնես համագործակցություն վարելու ցանկությունից:
«Մենք առաջարկում ենք Վալադաոյին, Շերմանին և նրանց գործընկերներին, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են 22 միլիոն ամերիկացիների, կոնկրետ քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև առևտրի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ՝ նոր ԱՄՆ-Հայաստան հարկային համաձայնագրի կոչ անելով»,-թեմային անդրադարձել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի՝ ANCA-ի անդամ Աիդա Դիմեջյանը: