Ավանդույթները շարունակվում են. Մեծ Թաղերում վերաբացվել է գորգագործական արտադրամասը
Գլխավոր » Հասարակական » Ավանդույթները շարունակվում են. Մեծ Թաղերում վերաբացվել է գորգագործական արտադրամասը

Ավանդույթները շարունակվում են. Մեծ Թաղերում վերաբացվել է գորգագործական արտադրամասը

Մեծ Թաղերը Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն է: Այն ունի հազար չորս հարյուրից ավելի բնակիչ: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Ինչպես ամեն մի գյուղի, այնպես էլ Մեծ Թաղերի բնակիչներն  ունեն իրենց  դարդն ու հոգսը, սակայն չեն դժգոհում: <<Աշխատող մարդը չի կորի, պիտի աշխատես, ստեղծես, որ ապրես>>,- ասում  է գյուղի տարեց բնակիչներից մեկը, իսկ մյուսը, որ  երեսուն տարեկան կին է, չորս երեխաների մայր, ավելացնում է. <<Մեծ ոգեւորություն ապրեցի, երբ լսեցի, որ գյուղում գորգագործական արտադրամաս է բացվում: Առաջիններից մեկն եղա, որ աշխատանքի ընդունվելու դիմում գրեցի: Թեեւ ծանոթ չեմ գորգ գործելուն, բայց, ինչպես ասում են, կնոջ ձեռքից բան չի պրծնի,- ծիծաղում է,- համոզված եմ՝ շուտով կընտելանամ գործին>>:

 

Մեծ Թաղերը հնուց ի վեր հայտնի է եղել շերամապահությամբ, մետաքսագործությամբ ու գորգագործությամբ: Տարբեր ժամանակներում ունեցել է գորգագործական արտադրամասեր: Գորգագործության խորն արմատների մասին է վկայում Իշխանագետի հին գերեզմանաքարին քանդակված գորգը: Մեծ Թաղերի գորգերը գովաբանվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում:

 

Այսօր, ի ուրախություն գյուղի բնակիչների,  Մեծ Թաղերում նորից բացվել է գորգագործական արտադրամաս: Նորաբաց  <<ՄԹԱԳ>> ՍՊԸ (Մեծ Թաղերի ավանդական գորգագործություն) դեռ 10 աշխատող ունի, սակայն նպատակ ունի ընդլայնելու իր գործունությունը, ավելի շատ գյուղացիների աշխատանքով ապահովելու:

 

Արտադրամասը սերտորեն համագործակցում է Արցախում գործող <<Ղարաբաղ կարպետ>> ընկերության հետ.  կազմակերպվում են փոխադարձ այցելություններ, փորձառություն են վերցնում, ծանոթանում գորգի գործման արվեստին, վարպետանում:

 

Նորաբաց արտադրամասի տնօրեն Գարիկ Ոսկանյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց. <<Դարերի պատմություն ունի Մեծ Թաղերի գորգագործությունը: Գյուղը միշտ էլ հայտնի է եղել այս առումով, ամեն ընտանիքում դազգահ կար, կանայք գործում էին գորգ ու կարպետ: Իսկ 1930-1981 թվականններին գյուղում  արդեն կար գորգագործարան, որտեղ 50-60 գորգագործ կանայք էին աշխատում: Նրանց գործած գորգերը շատ հայտնի էին Խորհրդային Միությունում:

 

Խորհրդային կարգերի անկումից հետո գործարանը միառժամանակ փակվեց, ապա տարիներ անց նորից բացվեց: 1992-2005 թվականներին գործում էր գորգագործական արհեստանոց, որն ուներ  փորձառու աշխատողներ: Սակայն, մի քանի տարիների աշխատանքից հետո, որոշ խնդիրների հետ կապված, այն դադարեց գործել:

 

Այսօր, ԼՂՀ փոխվարչապետ, համագյուղացի Արթուր Աղաբեկյանի ջանքերի շնորհիվ, արդեն մի քանի օր է, ինչ գյուղում գործում է գորգագործական այս արտադրամասը>>:

 

Տնօրենի խոսքով՝ գորգագործներն ոգեւորված են, նրանցից ոմանք տիրապետում են գործին, ոմանք՝ նոր են սովորում: <<Հույս ունենք կկարողանանք արդարացնել մեզ, նպաստել Մեծ Թաղերի ավանդական գորգագործության վերականգնամանը>>,- նշեց Գ. Ոսկանյանը:

 

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1