Ասկերանի մայրաբերդում վերականգնողական աշխատանքները շարունակվում են
16.05.2017թ. 12:59:57

Ասկերանի պատմական մայրաբերդ ամրոցում շարունակվում են վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հուշարձանն ուշագրավ վայր կդառնա զբոսաշրջիկների համար:

Բերդը, որ կառուցվել է 18-րդ դարում և պաշտպանական նշանակության մասին հիշատակվում է պատմական տարբեր աղբյուրներում, ենթարկվելով բազում հարձակումների, լրջորեն տուժել է, առանձին հատվածներ ավերվել, շարքից դուրս են եկել։ Կառույցը վնասվել է նաև արցախյան գոյապայքարի տարիներին: Վերականգնման աշխատանքներն իրականացվում են ԱՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ, պետական միջոցներով:

Ըստ նախագծի, հրակնատների հարթակն ամբողջությամբ սալապատվելու է։ Վերականգնողական աշխատանքները համակարգող ,,Ռեսպամ,, ընկերության պատասխանատու Արման Գաբրիելյանի խոսքով, ընթացիկ տարում ծրագրված է գլխավորապես վերականգնել պարսպի՝ հարավարեւելյան երկու աշտարակները։ Շինարարության մեջ շաղախի համար բացառապես կիր է օգտագործվում, իսկ որպես շինքար` ծառայում են պարիսպներից թափված և շրջակա տարածքներից հավաքված քարերը:

Ամիսներ անց հնի և նորի տարբերությունը գրեթե չի նկատվելու։ Ասկերանի բերդ-ամրոցն ամբողջական տեսքի կբերվի հուշարձանի վերականգնման ու բարեկարգման ծրագիրը փուլ առ փուլ իրականացնելուց հետո։