Ապրիլը կարող է կրկնվել, բոլորը պետք է պատրաստ լինեն
08.11.2017թ. 10:21:44

Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի վնասում գիտությանը: Ավելին՝ ըստ Լևոն Մկրտչյանի, եթե նայենք, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական թեզեր, ու քանիսն են մնացել գիտության մեջ, ապա լավ պատկեր չենք ունենա:

Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում պետք է ծառայեն բոլորը․ երկիրն այսօր մարտահրավերի առջև է կանգնած և 2016-ի ապրիլյան պատերազմը միշտ կարող է կրկնվել:

– Դուք որևէ խնդրահարույց պահ այս օրինագծում չե՞ք տեսնում, կարծում եք, որ սա կրթությանն ու գիտությանը որևէ վնաս չի՞ հասցնի:

– Էսպես պատասխանեմ՝ ես դեռ 1992 թվականին հստակ դիրքորոշում եմ ունեցել՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահել են, այդ երկրներում գիտության որակի պիկ կա այսօր: Բայց այսօր երբ մենք նայում ենք, թե ովքեր են, որ պաշտպանել են թեկնածուական դիսերտացիաներ, քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, վստահ եղեք, որ լավ պատկեր չենք ունենա:

– Քննարկումների ժամանակ հիմնականում այն պնդումն էր արվում, որ սրանով, ըստ էության, նաև կոռուպցիան կվերացվի: Այսինքն՝ դուք ընդունու՞մ եք, որ ձեր ղեկավարած ոլորտում մեծ կոռուպցիա կա, որի դեմ գործող օրենքներով պայքարել հնարավոր չէր:

– Դուք հարցը մի քիչ այլ տրամաբանությամբ եք դնում, որին ես չեմ կարող համաձայնել: Խնդիրը հետևյալն է՝ դուք որ կզբունքի վրա եք աշխատում՝ սոցիալական արդարությա՞ն: Երևի կարևոր սկզբունք է չէ՞: Հիմա այսօր կուրս է մտնում ուսանողների խումբ, ասենք 20 երիտասարդ, որոնցից 16-ը գնում է բանակ, չորսը չի գնում, որովհետև քննությունների ժամանակ իրենք ստացել են կես միավոր ավել կամ պակաս: Արդարության սկզբունքը պիտի պահվի՞, թե ոչ: Այստեղ գոյություն ունի ձեր ասած երկրորդ խնդիրը՝ կոռուպցիոն ռիսկ հասկացությունը: Կոռուպցիոն ռիսկ կա՞ այստեղ, երբ մի գնահատականի կես միավորից կախված է 4 տարվա ընթացքում [ուսանողի] ամբողջ ճակատագիրը: Հիմա այդ կոռուպցիոն ռիսկը կարո՞ղ ենք նվազեցնել: Կարող ենք: Ինչպե՞ս ենք նվազեցնելու՝ սոցիալական արդարությունը պահելով, բոլորի համար հավասար դարձնելով նույն սկզբունքը:

– Կարծում եք՝ նոր օրենքով կրթական համակարգում կոռուպցիան կվերանա՞, նաև ասպիրանտուրայում, նաև ընդունելության քննությունների համակարգում:

– Այս օրենքը մեծապես հանում է կոռուպցիոն ռիսկը:

– Այլ ճանապարհներ չկայի՞ն, 1500 մարդու բանակ տանելո՞վ պետք է լուծվեին այդ խնդիրները:

– Նախ 1500 մարդու մասին չէ խոսքը, ամեն անգամ մենք տարկետում տալիս ենք 500-ից 600 հոգու: Ուրեմն այդ երիտասարդների ընկերները, մոտ 3000 հոգի, բոլորը զրակոչվում են բանակ: Սա ոչ թե հակակոռուպցիոն գործողություն է կամ մենք կոռուպցիայի դեմ չենք կարողանում [պայքարել], խոսքը վերաբերում է նրան, որ բոլորը պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության բանակում: Հիմա դուք, որպես քաղաքացի դրա դեմ ի՞նչ եք գտնում՝ որ կարելի է 80 տոկոսին, 90 տոկոսին մի պայման դնել, 5-ից 10 տոկոսին մեկ ա՞յլ պայման դնել:

– Բայց սոցիալական արդարության խնդիրը սրանով, միևնույն է, չի լուծվելու: Նրանք, ովքեր խուսափել են բանակից, այլ ուղիներ են գտնելու և ձեր մատնանշած գլխավոր խնդիրը՝ սոցիալական արդարության ապահովումը, չի լուծվելու:

– Մեր մատնանշած գլխավոր խնդիրը լուծվելու է մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Եթե հասարակության մեջ դուք կարողանաք փոխեք մթնոլորտը, միասին փոխենք, և էդ մտածողությունը լինի, ես իսկապես մտածում եմ, որ շատ կարևոր հարց կլուծվի: Մենք սկզբունքային խնդիր ունենք․ մեր երկիրը մարտահրավերի ներքո է, և ապրիլը միշտ կարող է կրկնվել այս երկրում: Յուրաքանչյուր քաղաքացի պիտի պատրաստ լինի՝ կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ:

azatutyun.am