Անհրաժեշտ է Արցախում մարդու իրավունքների ռազմավարություն մշակել. Ռուբեն Մելիքյան
21.04.2017թ. 10:32:24

Ապրիլի 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն Արցախի ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ՄԻՊ հաստատության գործունեության եւ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը:

Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է դիմումների վիճակագրական պատկերը, ինչպես նաեւ անդրադարձել ՄԻՊ հաստատության գործունեության ռազմավարական ուղղություններին` հանրության իրավական մշակույթի բարձրացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ամրապնդման, փակ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրներին:

Պաշտպանը հատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ռազմավարություն մշակելու, ընդունելու եւ գործարկելու անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր կլինի համակարգված եղանակով հասնել չափելի արդյունքների:

Ռուբեն Մելիքյանը նաեւ նշել է, որ Ռազմավարության մշակման հարցում ակնկալում է Սփյուռքի կառույցների, ինչպես նաեւ իրավապաշտպան հանրության օժանդակությունը: Ելույթից հետո Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին: