Անկախության օրը` Մայիս 28
09.02.2018թ. 11:02:56

Զորավար Սմբատ (Մախլուտո)

Անկախություն. բառ մըն էր սա, որ դեռ քսան տարի առաջ մեր սիրելիները վախով ու երկյուղածությամբ կարտասանեին, կարծես թե արգիլված պտուղն ըլլար ատ իրենց համար կամ կրակմ մը, որ իրենց շրթները այրեր:

Տասը տարի առաջ 1918-ին այդ բառը մարմին առավ, իրականություն դարձավ մեզ համար: Ու մենք՝ դարերով զրկվածներ, խենթի պես գրկեցինք զայն, սեղմեցի՜նք , սեղմեցինք զայն մեր կուրծքին, մինչեւ որ կիսամահ ըրինք:

Ինչքան փշոտ եւ արյունոտ է լավ այն ճամփան, ուրկե անցանք մեր անկախության հասնելու համար: Անոնք որ հեռուեն լսեցին միայն մեր ազատամարտի արյունոտ պատմությունը, շուտով թիկունք դարձուցին պայքարին, անոնց համար անկախությունը բառ մըն է, այո, գեղեցիկ բառ մը, որուն անունով կրնան գովք ասել կամ բաժակներ պարպել, առանց, սակայն, կարենալ թափանցելու անոր արյունոտ գեղեցկության եւ արժեքին:

Մախլուտո, (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ)

Մեր անկախությո՜ւնը. անիկա մեզ եկավ հեռուեն, կամ ավելի ճիշտ բռնորեն բերվեցավ մեր բյուրավոր նահատակներու արյունով, մեր դիցազանց սվիններուն ծայրով կամ հրացաններու որոտով:

Մեր անկախությո՜ւնը. անոր ամեն մեկ քայլը հազարավոր զոհերու արյունով սրբացավ, ավերակներու վրայեն անցավ: Կա՞ ազգ մը , որ մեզի չափ ու մեզի պես զոհաբերած ըլլա իր ազատության: Եւ այդ ազատությունը ո՛րքան անգութ, որքան ժլատ գտնվեցավ մեզ հանդեպ: ինչ որ բուռերով ցրվեց ուրիշներուն, մեզի տվավ հատիկ, հատիկ, ժլատորեն, չկամությամբ:

Բայց օրհնյալ ըլլաք դուք, ո՜վ Հայկածին դյուցազներ, ո՜վ զենքի ու տառապանքի ընկերներ, որ Ավարայրի քաջերուն նման ձեր մահով մահը մեռցուցիք եւ անկախությունը բերիք ձեր տառապած ազգին:

Դո՛ւք, ով նահատակ ընկերներ, որ կեցցեներով ճամփու դրվեցաք, հիմա, ո՛վ գիտե, ո՛ր անծանոթ հողի տակ կհանգչիք մոռցված: Ամեն ազգ իր <Անծանոթ նահատակ զինվորին> հիշատակը անմահացուց, բայց ձեր հիշատակը մոռացության տրվեցավ: Մայր մը չի գար ձեր անունով աղոթք մը մրմնջալու ձեր գերեզմանին վրա, կույս մը չի գար իր արցունքով ցողված պսակ մը դնելու ձեր շիրիմին վրա: Ի՜նչպես ապերախտ գտնվեցանք ձեզի հանդեպ, ո՜վ նահատակ զենքի ընկերներս:

Բայց անոնք, որ ձեզի հետ կռվեցան կողք-կողքի, անոնք որ դեռ կապրին, բայց նույնպես մոռցված ու արհամարհված, անոնք չեն մոռնար ձեզ: Անոնց սիրտերը թե աղոթք եւ թե արցունք ունին ձեզ համար:

Կուգա օր մը, որ արդարությունը իր ձայնը լսելի կնե: Այն ատեն ձեր հիշատակը դուրս կուգա մոռացության խավարեն ու դուք ալ կո՛ւնենաք ձեր արժանի հուշարձանը անկախ ու երախտագետ հայրենյաց գիրկը:

Համբույր ձեր արի բազուկներուն, համբույր ձեր սուրբ շիրիմներուն: Օրհնյա՜լ ըլլա ձեր հիշատակը:

Ասպարեզ շաբաթաթերթ Ֆրեզնո, 31. 5.1929, էջ 1