«Այվազովսկին և ծովանկարիչները». ցուցահանդես Բելառուսում
11.07.2017թ. 11:41:42

Բելառուսի Հանրապետության գեղարվեստի ազգային թանգարանում օրերս տեղի է ունեցել «Այվազովսկին և ծովանկարիչները» (“Айвазовский и маринисты”) խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, դեսպանության անձնակազմը, օտաերկրյա դեսպաններ, դիվանագետներ, բելառուս մտավորականներ, ինչպես նաև՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես  են եկել  դեսպան Օլեգ Եսայանը և Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Վլադիմիր Պրոկոպցովը:

Դեսպան Եսայանն իր խոսքում նշել է, որ մշակութային միջոցառումները կարևոր նշանակություն ունեն երկկողմ կապերն ամրապնդելու գործում և կնպաստեն հայ-բելառուսական մշակութային հարաբերությունների զարգացմանը:

Ցուցահանդեսը կտևի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը: