Այսօր երեկոյան մեկնարկում է «Հեռուստամարաթոն 2017»-ը
23.11.2017թ. 12:29:28
Երևանի ժամանակով 22:00-ից Լոս-Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017-ը», որն այս տարի կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կայանների տեղադրմանը առաջին փուլով Ասկերանի շրջանում և Շուշիում։

Մինչ հաջորդ առավոտյան ժամը 10:00-ն անցկացվող հեռուստամարաթոնին Հայաստանից նվիրատվություն կարելի է կատարել հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով ցանկացած օպերատորից 090008000 համարին` նվիրաբերելով 1000 ՀՀ դրամ:

Հնարավոր է գումար տրամադրել` այցելելով «Հայփոստ»-ի ցանկացած բաժանմունք, այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն (շուրջ տարի), Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին` 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆդոլար) (շուրջ տարի), առցանց` https://donate.himnadram.org (շուրջ տարի):

Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է15.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքիների համար առանձնատների կառուցմանը։